Թրամփի ուղի (TRIPP). Իրանի և Հարավային Կովկասի համար աշխարհաքաղաքական հետևանքներ ունեցող նախագիծ
«Թրամփի ուղի (TRIPP)» նախագիծը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով միջազգային համաժողովում, առերևույթ տնտեսական ծրագիր է Հարավային Կովկասի և Միջին Ասիայի միջև էներգետիկ և ապրանքների տարանցման զարգացման համար, սակայն դրա բնույթի և մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տալիս տնտեսական բնույթից վեր նպատակներ։
Իրանական «Սոբհ Սահել» թերթն անդրադարձել է այս վիճահարույց նախագծին և գրել. «Ամերիկայի ակտիվ ներկայությունը և նոր տարանցիկ երթուղիներ ձևավորելու Արևմուտքի ջանքերը այս նախագիծը վերածել են աշխարհաքաղաքական գործիքի, որը կարող է փոխել տարածաշրջանի հավասարակշռությունը՝ ի վնաս Իրանի»։
Վերլուծությունների համաձայն՝ արևմտյան ներդրողների և տարածաշրջանային դերակատարների կողմից կառավարվող TRIPP-ի գործարկումը կնվազեցնի Իրանի վերահսկողությունը Սյունիքի մարզի և Հարավային Կովկասի սահմանների նկատմամբ և կհանգեցնի արտաքին հոսանքներից Հայաստանի ավելի մեծ կախվածության։ Այս իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի ջանքերը՝ իրենց գաղտնի ներկայությունը տարածաշրջանում մեծացնելու համար, ուղղակի սպառնալիք են Իրանի ազգային անվտանգության դեմ։
Չնայած պնդել են, որ այս նախագիծը կարող է տնտեսական հնարավորություններ ստեղծել, սակայն երթուղու, տեղեկատվության և ենթակառուցվածքների ռազմավարական վերահսկողությունը կգտնվի օտարերկրյա դերակատարների ձեռքում, այդիսկ պատճառով զարգացումների ակտիվ կառավարումը կարևոր է Իրանի դիրքի թուլացումը կանխելու համար։
Հնարավոր հետևանքներին դիմակայելու համար Իրանը պետք է միաժամանակ հետևի մի քանի ուղիների,որոնք են՝ ավարտել ներքին ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են «Արաքսի միջանցքը» և երկաթուղիները, ամրապնդել դիվանագիտությունը Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, ակտիվացնել համատեղ տնտեսական նախագծերը և մեծացնել իր մշակութային և տնտեսական ներկայությունը Սյունիքի և Մեղրիի զգայուն շրջաններում։ Բացի այդ, կենսական նշանակություն ունեն միջամտող դերկատարների, այդ թվում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի և ԱՄԷ-ի, տեղաշարժերի մոնիթորինգը և ռազմավարական տվյալներին նրանց հասանելիության կանխումը։
Չնայած տնտեսական քողի ներքո ներկայացված լինելուն, «Թրամփի ուղի» նախագիծը իրականում Արևմուտքի աշխարհաքաղաքական մրցակցության մի մասն է Կովկասում։ Տարածաշրջանային գործընկերների հետ նախաձեռնողական և համակարգված մոտեցում ցուցաբերելը կարող է թե՛ զսպել սպառնալիքները, և թե՛ մեծացնել Իրանի համար տնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորությունները։