Հոգևորականությունը գաղութարարության դեմ պայքարի առաջատար
«Այսօրվանից որևէ կերպով ծխախոտի օգտագործումը համարվում է Իմամ Մահդիի դեմ պայքար»: Հիշյալ բովանդակությամբ Միրզա-ե Շիրազիի կարճ հրամանագիրը ծխախոտի ընդվզման և Իրանում գաղութարարության ու բռնապետության դեմ պայքարում նոր ժամանակաշրջանի սկիզբը դարձավ: Պայքար, որ ի վերջո հանգեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակին: Ծխախոտի մենաշնորհի բեկանման տարելիցի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում մասնավոր մի հաղորդում:
Իրանը հին ու վայրիվերումներով լի պատմություն ունի: Իրանի վայրիվերումներով լի պատմությունն ունի ժամանակաշրջաններ, որոնք Իրանում քաղաքական ու հասարակական հեղաշրջումների սկզբնակետ են դարձել: Այդ իրադարձություններից մեկը Ծխախոտի շարժումն էր: Շարժում, որի դրոշակակիրն էր ժամանակի հարգված ու ականավոր հոգևորականներից Միրզա-ե Շիրազին: Միրզա-ե Շիրազին իսլամ աշխարհի հոգևոր առաջնորդի դիրքը զբաղեցնելուց բացի Իրանում իշխանավորների բռնության ու նեխածության, ինչպես նաև Իրանում գաղութարարության դեմ կրոնական ամենամեծ շարժման հիմքը դրեց: Իրանը 19-րդ դարում Ղաջարների թույլ ու անարժան թագավորների միջոցով էր կառավարվում: Իրանում Ղաջարների թույլ թագավորների իշխանության շրջանում Իրանի ժողովուրդը լուրջ վնասներ կրեց: Այդ անարժանության պատճառով ժամանակի երկու գաղութարարներ՝ Բրիտանիան ու ցարական Ռուսաստանն Իրանը դարձրին իրենց ասպատակության վայրը: Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջանում գտնվող Իրանի տարածքի ընդարձակ հատվածները բաժանվելով Իրանից միացան Ռուսաստանին: Աֆղանստանն էլ բրիտանացիների միջոցով բաժանվեց Իրանից: Ռուսներն ու բրիտանացիներն Իրանին տիրելու համար տարվող մրցակցության ընթացքում պալատականների շվայտ ու զեխ կյանքի ծախսերը հոգալու համար չնչին գումարներ վճարելով լիազորություններ էին ստանում Ղաջարների թույլ թագավորներից: Բրիտանացիների ստացած լիազորություններին համահավասար պիտի լիազորություններ տրվեին նաև ռուսներին, այլապես Իրանի ժողովրդի կյանքն ու գույքը վտանգվում էր: Թեև Իրանն իր ալեկոծ պատմության ընթացքում երբևէ ուղղակիորեն չի գաղութացվել, սակայն Ղաջարների անարժան թագավորների շրջանում Իրանը վերածվել էր կիսագաղութացված մի երկրի: Նասերեդդին Շահն Իրանում թագավորության ամենաերկար ժամանակաշրջաններից մեկն է ունեցել, որը տևեց շուրջ 50 տարի և նրա իշխանության օրոք բազմաթիվ լիազորություններ փոխանցվեցին Բրիտանիային ու ցարական Ռուսաստանին: Այդ լիազորություններից մեկը Իրանում ծխախոտի գնման, պահեստավորման ու վաճառքի մենաշնորհյալ լիազորությունն էր, որ փոխանցվեց բրիտանացիներին: Այդ օրերին ծխախոտի ցանքսը և առք ու վաճառքը համարվում էր Իրանի ժողովրդի ու կառավարության եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը: Այս մենաշնորհը Միրզա Ասղար Խան Ամին-օլ-սոլթանի նախարարապետության շրջանում և Նասերեդդին Շահի Եվրոպա կատարած երրորդ ուղևորությունից կարճ ժամանակ անց 55 տարվա ժամկետով փոխանցվեց Մաժոր Թալբոթ կոչվող Բրիտանիայի մի քաղաքացու և նրա ընկերությանը: Այս լիազորության համաձայն «Ռեժի» ընկերությունը տիրանում էր Իրանում ծխախոտի առևտրի և նույնիսկ դրա ցանքսին վերահսկելու մենաշնորհին: Այդ մենաշնորհի փոխանցումը միայն տնտեսական վնաս չէր պատճառում Իրանի ժողովրդին: Ծխախոտի պայմանագրի գործադրման նպատակով բրիտանացի խորհրդատուների հոսքը դեպի Իրան քաղաքական ու մշակութային տեսակետից մեծ վտանգ էր առաջացնելու իրանական մուսուլման հասարակության համար: Իրականության մեջ Իրանի իսլամական հասարակությունը ենթարկվում էր արևմուտքի մշակութային մեծ ներխուժմանն ու մշակութային այլասերման: Իրանի մուսուլման ժողովրդին սպառնում էր նույն այն ճակատագիրը, որին Հնդկաստանի ժողովուրդն արժանացավ բրիտանացիների ներկայության պատճառով և այդ երկիրը մի քանի դար հետադիմեց:
Ծխախոտի մենաշնորհը բրիտանացիներին հանձնվելու կապակցությամբ Իրանի մուսուլման ժողովրդի մեծամասնության ու կրոնական և հոգևորականության գլխավոր մտահոգությունն էլ այդ պատճառով էր: Մուսուլման հոգևորականներն ու առևտրականներ բողոքեցին Ծխախոտի պայմանագրի դեմ: Սակայն Իրանին իշխող թագավորական բռնապետության ու նաև այս պայմանագրից պալատականների շահի պատճառով այս բողոքները ճնշվեցին: Նույնիսկ անտեսվեցին Ծխախոտի պայմանագրի վնասաբեր հետևանքների կապակցությամբ Նասերեդդին Շահին ուղղված այդ օրերի հայտնի ու ազդեցիկ հոգևորականների նամակները: Ի վերջո մնաց միայն մի ճանապարհ և դա ժամանակի ամենահայտնի հոգևորական Միրզա Հասան Շիրազիի միջամտությունն էր: Որոշ հոգևորականներ նամակներ հղեցին Իրաքի Սամերա քաղաքում բնակվող աշխարհի շիաների առաջնորդին և նրան տեղեկացրեցին Իրանի համար Ծխախոտի պայմանագրի վտանգավոր հետևանքների մասին: Նման պայմաններում Միրզա-ե Շիրազին արձակեց Ծխախոտի օգտագործումն արգելող հայտնի հրամանագիրը: Հրամանագիրն ուներ հետևյալ բովանդակությունը:
«Հանուն բարեգութ և բարձրյալն Աստծո: Այսօրվանից որևէ կերպով ծխախոտի օգտագործումը համարվում է Իմամ Մահդիի դեմ պայքար: Մոհամմեդ Հասան Ալ-Հոսեյնի»: Այս կարճ ու կտրուկ հրամանագիրը երկնային այաների նման ներթափանցեց մարդկանց հոգիներն ու կերտեց ժողովրդային ամենասխրալի ու շքեղ շարժումներից մեկը, որն աննխընթաց էր այդ օրերին: Այս հրամանագրին հետևելու հարցում ժողովրդի միասնականությունը Շահի արքունիքին պարտադրեց, որպեսզի ժողովրդի շարքերում պառակտում առաջացնելու համար տարածեն այդ հրամանագիրը կեղծ լինելու շշուկը և փորձեն մեղմել դրա ազդեցությունը: Ժողովուրդն ու հոգևորականները հրամանագրի իսկության մասին վստահանալու համար հեռագրեր ու նամակներ են հղում Սամերա: Նրանց պատասխանելով հայտնի հոգևորական Միրզա Հասան Նուրին իր փեսային՝ Սահմանադրության շարժման առաջնորդներից Շեյխ Ֆազլոլլահ Նուրիին հղած հեռագրով հաստատում է հրամանագրի իսկությունը: Պալատականները հանդիպելով ժողովրդային բողոքի ալիքին նախ բեկանում են ներքին մենաշնորհը և հայտարարում են, որ ժողովուրդը կարող է իր ծխախոտն ազատ կերպով ցանել և առք ու վաճառքի ենթարկել երկրում: Ներքին մենաշնորհի բեկանմամբ հոգևորականները նախարարապետ Ամին-օլ-սոլթանի պնդումների դիմաց հայտարարում են. «Քանի որ ծխախոտ օգտագործելուց ժողովրդի հրաժարումը հիմնավորված է Միրզա-ե Շիրազիի հրամանագրի վրա, միակ լուծումը կարող է լինել նրան դիմելն ու նրա կարծիքը ստանալը»: Ներքին մենաշնորհի բեկանումից երկու շաբաթ անց ստացվում է Թեհրանի հոգևորականությանն ուղղված Միրզա-ե Շիրազիի պատասխանը: Նա այդ հրամանագրում շնորհակալություն հայտնելով թագավորին հույս է հայտնում, որ օտարների ձեռքը լիովին կարճվի Իրանից: Այս պատասխանը հուսախաբ է անում պալատականներին, որոնք ակնկալում էին ծխախոտի օգտագործումը թույլատրող հրամանագրի հրապարակումը: Ի վերջո թագավորն առավել վստահություն ձեռք բերելու համար նախարարապետ Ամին-օլ-սոլթանին հղած նամակում հայտարարում է այդ մենաշնորհի լիարժեք բեկանման մասին, որպեսզի նա այդ մասին տեղյակ պահի ժողովրդին ու հոգևորականությանը:
-----------------------
Ծխախոտի շարժման որոշ կողմերն, այդ թվում հատկապես կրոնի պաշտպանության և օտարների դեմ պայքարի մղումով պայքարի ասպարեզում կանանց ներկայությունն առաջին անգամ արձանագրվեցին Իրանի պատմության մեջ: Նույնիսկ Նասերեդդին Շահի հարեմում շահի կանայք կոտրեցին իրենց նարգիլաներն ու ծխամուրճները: Այս շարժման մյուս յուրահատկություններից էր շարժման համատարածությունը և հրամանագրի գործադրման ու Միրզա-ե Շիրազիին հետևելու հարցում բոլոր խմբերի ու խավերի այդ թվում հոգևորականության, առևտրականների ու մտավորականության միասնականությունը: Իրանում հոգևոր առաջնորդների ներազդեցությունն այնքան մեծ էր, որ պալատում էլ հետևեցին Միրզա-ե Շիրազիի հրամանագրին և նույնիսկ զինվորները հրաժարվեցին կրակել Ծխախոտի պայմանագրի դեմ բողոքողների վրա: Եթե Նասերեդդին Շահն անտարբեր գտնվեր բողոքների ու Միրզա-ե Շիրազիի հրամանագրի հանդեպ պարզ չէ ինչ ճակատագիր էր նրան սպասելու:
Ծխախոտի շարժումն Իրանի ժամանակակից պատմության մեջ բռնապետական իշխանության դեմ առաջին հաջող ու ծավալուն շարժումն էր, որ 15 տարի անց դրանից ակունք առավ Սահմանադրության շարժումը: Ծխախոտն արգելելու ուղղությամբ Միրզա-ե Շիրազիի հրամանագիրը քաղաքական հետևանքներ ունեցավ Իրանի հասարակության ու պատմության մեջ և բացահայտեց ներքին բռնապետությանն ու արտաքին գաղութարարությանը դիմակայելու համար Իրանի ժողովրդի կրոնական հակման պոտենցիալը: Բռնապետության ու գաղութարարության դեմ պայքարում առաջատար հոգևորականներից Այաթոլլահ Սեյեդ Հասան Մոդառեսը Միրզա-ե Շիրազիի հրամանագրի մասին ասել է. «Միրզայի հրամանագիրը կայծ էր որ նետվեց Իրանի ժողովրդի հոգում կուտակված վառոդի վրա: Եթե չլինեին վառոդով լեցուն այս հոգիները, մի քանի թանաքի հետքով թղթի կտորն անկարող էր լինելու այդպիսի բռնկում առաջացնել»: Թավրիզում Բրիտանիայի ներկայացուցիչը բացատրելով հոգևորականության հզորությունն ու նրանց հանդեպ ժողովրդի հնազանդությունը գրել է. «Ըստ երևույթին ժողովուրդը մինչև այնքան ժամանակ, որ վայելում է հոգևորականության հովանավորությունը, Նասերեդդին Շահից չի սարսափում»: Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնին Միրզա-ե Շիրազիի հրամանագրի մասին ասում է. «Միրզա-ե Շիրազիի այդ կես տողը մեր երկիրը հանեց արտասահմանցիների երախից: Դա մի ամբողջ ժողովրդի մղեց հակառակության»: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Ծխախոտի շարժման մասին ասում է. «Եթե չլիներ Միրզա-ե Շիրազիի՝ այդ հեռատես հոգևորականի քայլը, մեր երկիրն ավելի երկար ժամանակ մնալու էր օտարների տիրակալության ներքո»: Ծխախոտի շարժումը բռնապետության ու գաղութարարության դեմ քաղաքական ու հասարակական շարժումներում հոգևորականության առաջատարության սկզբնակետն է եղել: Որտեղ որ այս շարժումները համեմատական հաջողություն ե արձանագրել դա եղել է հոգևորականությանը ժողովրդի հավատարմության շնորհիվ ու եթե մի տեղ ձախողման է մատնվել դա եղել է հոգևորականության լուսանցք մղվելու և ազգայնականության ու հայրենասիրության անվան տակ թաքնված հոսանքներից խաբվելու արդյունքը: Սահմանադրության շարժման և կամ նավթի ազգայնացման շարժման կրած պարտության պատճառներից մեկը եղել է դա: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի հիմնական ու առանցքային պատճառներից մեկը մեծահարգ և Իրանի ժողովրդի մեծամասնության կողմից հարգված մի հոգևորականի միջոցով առաջնորդվելն էր: Լուսահոգի Էմամ Խոմեյնուց և կրոնական ուժից բացի որևէ այլ անհատ կամ հոսանք չեր կարող Իրանի հասարակության տարբեր խավերին համախմբել ժամանակի ամենաբռնապետ իշխանություններից մեկի դեմ: Այսօր էլ, անցած 38 տարիների ընթացքում իսլամական հեղափոխության թշնամիների տարբեր սադրանքների դիմաց ԻԻՀ-ի հաջողության գաղտնիքը իսլամական հեղափոխության գագաթին կրոնական մի առաջնորդի ներկայությունն է: