Հատուկ թողարկում՝ նվիրված Իմամ Ռեզայի ծննդյան օրվան
Իմամ Քազեմի որդի Ալի Իբն Մուսա ալ-Ռեզան շիաների ութերորդ իմամն է: Այս հաղորդումը նվիրված է իմամ Ռեզայի ծննդյան օրվան:
Խորասանն այս օրերին ցնծության մեջ է՝ Ալի Իբն Մուսայի ծննդյան օրվա առիթով: Այս կրոնական քաղաքը, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևելքում, ամեն տարի հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծ թվով ուխտավորների: Այս ոգևորությունը ցույց է տալիս, որ վեհությունն ու սրբությունը շարունակում են տիրել Աստծու մարգարեի գերդաստանի ժառանգորդների ու հետևորդների սրտերին: Նրանք նյութապաշտության փոշին մաքրում են իրենց սրտերից: Այդ պատճառով, ինչպես ասում է Աստծու մարգարեն, իր գերդաստանը փրկության նավ է, և ով որ այն նստի, կերջանկանա:
Զիղադե ամսի 11-րդ օրը, երբ ծնվել է իսլամի մարգարեի թոռը՝ Ալի Իբն Մուսա ալ-Ռեզան, շիա մուսուլմանները նշում են մեծ շուքով: Իրանի հայերեն ռադիոժամը շնորհավորում է մուսուլմաններին ՝ այս տոնի կապակցությամբ:
---
Իմամ Ռեզան ծնվել է լուսնային հիջրեթի 148 թ.: Նրա անունը Աբոլհասան է, սակայն նա հռչակված է որպես Ռեզա, որը նշանակում է գոհունակություն: Նրա որդի իմամ Ջավադը, խոսելով այն մասին, թե ինչու են իր հորն անվանել Ռեզա, ասում է. «Որովհտեև նրա բարությունից ու բարի բնավորությունից գոհ էին Աստված՝ երկնքում և նրա մարգարեն ու ժառանգները, ընկերներն ու նույնիսկ թշնամիները՝ երկրի վրա»:
Իմամ Ռեզան իր հոր՝ իմամ Մուսա Իբն Ջաֆարի նահատակությունից հետո, 35 տարեկանում ստանձնեց իսլամական ումմայի առաջնորդությունն ու իմամությունը: Իմամությունը տևեց 20 տարի, որից 17 տարին Մադինայում, երեք տարին՝ Մարվում: Իմամ Ռեզայի ներկայությունը Մարվում, Աբբասյան խալիֆա Մամունի պարտադրմամբ էր: Նա իմամ Ռեզային Մադինայից տեղափոխեց իր նստավայրը, որպեսզի մոտիկից վերահսկի նրա հասարակական գործունեթյունն ու հասարակության տարբեր խավերի հետ հարաբերությունները: Իմամ Ռեզայի կենդանության օրոք, մարդկանց հակումը դեպի մարգարեի գերդաստանը ուժեղացավ և մարգարեի որդիների հեղինակությունն աճեց: Իմամն օժտված լինելով բնավորության ամենավեհ գծերով, հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից, գիտելիքների մեծ պաշարը պատճառ էր դարձել, որ իսլամական տարբեր երկրներից նրան այցելության գան: Մի օր, մի հավատացյալ նրան հարցնում է. «Ինչո՞ւ է Աստված հավատքը անհրաժեշտ համարել»:
Իմամը պատասխանում է. «Եթե մարդիկ չհավատան Աստծուն, չեն հրաժարվի մեղքից և իրենց ցանկասիրության համար ոչ մեկին չեն տեսնի, որ հսկում է իրենց: Այդ դեպքում, մարդկային հասարակությունն անկում կապրի և մարդիկ կսկսեն իրար նկատմամբ բռնություն գործադրել: Բացի այդ, հավատքը թույլ չի տալիս անբարոյականություն տարածվի հատկապես երբ մարդը մենակ է: Քանի որ մենք գիտենք, որ երբ մարդը մեկուսանում է, երբեմն մեղք է գործում: Ուրեմն, հասարակության զարգանալու և մարդու երջանկությունը երաշխավորելու միակ գրավականը հավատքն է՝ ամենագետ ու ամենակարող Աստծու նկատմամբ: Նրան, ով գիտի ամեն ինչ և մեզ հորդորում է հեռու մնալ անթույլատրելիից: Ոչինչ Աստծուց թաքուն չի կարող մնալ:
Իմամ Ռեզայի ժամանակաշրջանը համարվում է տարբեր դավանանքերի ու շիաների միջև երկխոսության ժամանակաշրջան: Մամունը, որն Աբբասյան խալիֆայության ամենագետն էր, փորձում էր իմամ Ռեզայի գաղափարախոսության դեմ պայքարելու նպատակով, ավելի մեծ հնարավորություն ստեղծել տարբեր կրոնների ու դավանանքերի տեսակետները ներկայացնելու համար, որպեսզի հարցականի տակ դներ իմամ Ռեզայի գիտական առանձնահատկությունը: Այդ նպատակով, նա կազմակերպում էր կարևոր բանավեճեր՝ իմամ Ռեզայի և քրիստոնյա ու հրեա կրոնագետների միջև: Մամունը նույնիսկ անհավատներին էր հրավիրում այդ ժողովներին, որպեսզի իմամ Ռեզայի հետ բանավեճի մեջ մտնեն ու նրա գիտական հեղինակությունը նվազի: Սակայն իմամն իր խելացիության շնորհիվ, այս սպառնալիքները վերածում էր հնարավորության: Բանավեճի ժամանակ նրա եզակի ու գիտական պատասխանները բոլորին հիացնում էին: Եվ հիմա, նրա ժամանակաշրջանից դարեր անց, իմամ Ռեզայի գաղափարախոսությունը շատ գիտնականների է գրավում:

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգու համալսարանի պարսկերեն լեզվի և գրականության դասախոս Վիկտոր Էլ Քիքն ասում է. «Ես քրիստոնյա եմ, սակայն քանի որ իսլամը շատ ազատ է վերաբերվում այլ կրոնների հետևորդներին, իսկ երբ իմամ Ռեզան ողջ էր, բանավիճում էր քրիստոնյա հոգևորականների հետ, ես հիացա նրանով: Այդ պատճառով, ես մի քանի ղասիդա եմ գրել իմամ Ռեզայի մասին և ամեն անգամ Իրան այցելելուց գնում եմ իմամ Ռեզայի սրբավայր: Սակայն մինչև հիմա ես նրանից որևէ բան չեմ խնդրել, քանի որ մենք պարտավոր ենք աղոթել, իսկ Աստված ու մարգարեները լավ գիտեն, թե ինչն է մեզ համար ճիշտ»:
Նա ասում է, որ երբ ընտրվեց որպես իմամ Ռեզայի ծառայող, դա իր համար մեծ նվեր էր, հավելելով. «Հուսով եմ, իմամ Ռեզան կդառնա արաբների ու Իրանի միջև միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ, քանի որ այժմ մեր երկրները պահպանելու համար ունենք փոխգործակցության կարիք: Հակառակ դեպքում, օտարները կշահարկեն այս բաժանումը»:
Դեպի Խորասան իմամ Ռեզայի ճամփորդությունը այդ շրջանի ժողովրդի համար արժեքավոր արդյունքներ ունեցավ: Նրա հեղինակությունն ավելի մեծացավ, երբ Խորասանում երաշտ եղավ և մարդիկ իմամից խնդրեցին ընթերցել անձրևի աղոթքն ու Աստծուց բարիք խնդրել: Իմամը մարդկանց հորդորեց երեք օր պահք պահել: Երրորդ օրն իմամ Ռեզան մեծ խմբով գնաց անապատ ու մարդկանց հետ աղոթեց: Նա ասաց. «Տեր Աստված, Դու մեր իրավունքը համարեցիր, որ մարդկանց առաջնորդենք: Ինչպես որ հրամայեցիր, նրանք ինձ են դիմել և ապավինում են քո գթությանն ու բարությանը: Տեր Աստված, ուրեմն քո բարության անձրևը թող տեղա և այս բարությունը մի ուշացրու: Այդ ժամանակ Աստված բացեց իր բարության դռներն ու անձրև տեղաց: Մարդիկ փառաբանեցին Աստծուն այս արարքի համար և իմամ Ռեզայի հեղինակությունն ավելի բարձրացավ:

Դարեր անց, քանի որ իմամ Ռեզայի մաքրամաքուր դամբարանը գտնվում է Խորասանում, այսօր էլ Իրանի ժողովուրդը գտնվում է աստվածային բարության անձրևի ներքո և ամեն օր բազմաթիվ հավատացյալներ այցելում են իմամ Ռեզայի դամբարան: Ուխտագնացությունը մեծ գիտակցություն է՝ համեմված սիրով: Ուխտագնացն այդ ընթացքում մաքրում է իր հոգին ու մարմինը: Այս բարոյական ներկայության համար մարդն արժանանում է այնպիսի բարիքների, որոնք հավասար չեն որևէ շահույթի: Իմամ Ռեզայի սրբավայր կատարած այցը հավատացյալին տալիս է հոգու խաղաղություն և ավելի է ամրապնդում նրա կապն իմամ Ռեզայի, մարգարեի ու նրա գերդաստանի հետ:
Այս օրերին հազարավոր հավատացյալներ այցելում են իմամ Ռեզայի դամբարան և ուխտ կնքում՝ հետևել մարգարեի գերդաստանի առաջնորդությանը, հրաժարվել սխալներից ու առաջնորդվել իմաստությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մուսուլմաններին այս տոնի կաակցոււթյամբ: