Իրանի ներքին արտադրական կարողությունները (1.Գյուղատնտեսության ոլորտ)
https://parstoday.ir/hy/radio/iran-i174616-Իրանի_ներքին_արտադրական_կարողությունները_(1.Գյուղատնտեսության_ոլորտ)
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Այս կապակցությամբ, Ձեզ ենք ներկայացնում նոր հաղորդաշար, որի շրջանակում կանդրադառնանք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Առաջին մի քանի հաղորդումներում կխոսենք գյուղատնտեսության ոլորտում Իրանի ներքին արտադրական կարողությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2022 07:23 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Այս կապակցությամբ, Ձեզ ենք ներկայացնում նոր հաղորդաշար, որի շրջանակում կանդրադառնանք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Առաջին մի քանի հաղորդումներում կխոսենք գյուղատնտեսության ոլորտում Իրանի ներքին արտադրական կարողությունների մասին:

Գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը

Գյուղատնետսության ոլորտի մասին ասում են, որ այն երկրի տնտեսության աճի ու զարգացման շարժիչն է: Այս ոլորտի արտադրությունից են կախված երկրի պարենային անվտանգությունն ու առողջությունը: Գյուղատնտեսությունը նաև կայուն տնտեսության հիմնասյուներից է: Վերոնշյալ երեք գործոնների պատճառով, երկրները մեծ ուշադրություն են դարձնում այս ոլորտին:

Որոշակի ժամանակահատվածի ընթացքում աշխարհի տարբեր երկրների տնտեսական զարգացման ուսումնասիրությունները վկայում են, որ զարգացած երկրները, հիմք ընդունելով համեմատական առավելությունները, տնտեսության զարգացման համար մեծապես օգտվել են ներքին կարողություններից, ինչպես նաև միջազգային ասպարեզում ստեղծված հնարավորություններից: Այդպիսով նրանց հաջողվել է հասնել տնտեսական զարգացման, ավելացնել մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափն ինչպես նաև բարելավել զարգացման այլ ցուցանիշները: Նույն ուսումնասիրությունը փաստում է, որ այսօր աշխարհի զարգացած երկրների մեծ մասը որպես տնտեսության զարգացման կարևոր հիմք է ընդունում գյուղատնտեսությունը և օգտվելով ոլորտի հնարավորություններից, զարգացում ապահովում նաև այլ ոլորտներում:

Գյուղատնտեսական տնտեսությունն Իրանում

Գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը և այն հնարավորությունները, որ այդ ոլորտում ունի Իրանը, շատ կարևոր են: ԻԻՀ առաջնորդը նույնպես իր ելույթներից մեկում անդրադարձել է գյուղատնտեսության կարևորությանը: Իրանը չորս եղանակ և կլիմայական բազմազանություն ունեցող  երկիր է, ինչը նպաստում է արտադրական հնարավորությունների, արտահանման ծավալների աճին, ինչպես նաև քաղաքացիների զբաղվածության ապահոմանը: Աշխարհագրական դիրքը և կլիմայական պայամաններն Իրանին հնարավորություն են տալիս մշակել տարբեր տեսակի մշակաբույսեր: Իրանի գյուղատնտեսության ոլորտի առավելություններից է այնպիսի արժեքավոր մշակաբույսեր մշակելու հնարավորությունն ինչպիսին է  զաֆրանը, պիստակը, տարբեր տեսակի դեղաբույսեր: Ոլորտի առավելություններից են նաև գյուղերում և արտադրական կենտրոններում համապատասխան մասնագետների ներկայությունը ինչպես նաև ոլորտին առընչվող արհեստագործական արտադրանքի առկայությունը:

Իրանը խոշոր ներդրումներ է արել մի շարք ապրանքների արդյունաբերության ոլորտում ինչպես՝ ցորենը, ձեթը, շաքարի ճակնդեղը, բամբակը, անասնաբուծական արդյունաբերությունը, ներառյալ կաթը, միսը, թռչնամիսն ու ձուն, ընկույզը, հատիկավորները, ձկնաբուծական արտադրանքը, տարբեր այգեգործական ապրանքներ և այլն: Բացի այդ, երկրին հաջողվել է մեծ չափով նվազեցնել գյուղատնտեսության ոլորտում ներմուծման ծավալները: Որպես օրինակ, արտադրելով տարեկան 14 միլիոն տոննա ցորեն, Իրանը շարժվում է  այս ռազմավարական մշակաբույսի ինքնաբավության ուղղությամբ: Իրանը նաև գյուղմթերք է արտահանում հարևան երկրներ: Որպես օրինակ, 2021թ սկզբից մինչև նոյեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, Իրանն արտահանել է 5 մլն 431 հազար տոննա գյուղատնտեսական և պարենային ապրանք, ընդհանուր  3 մլրդ 340 մլն դոլար արժողությամբ։ Սակայն ոլորտի պաշտոնյաները վստահ են, որ արտահանման ու փոխանակման ծավալները հնարավոր է բազմապատկել:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված խոշոր ներդրումների շնորհիվ, Իրանը պարենային անվտանգության ոլորտում բախվել է նվազագույն խնդիրների հետ: Դա հատկապես ակնհայտ դարձավ Թրամփի վարչակազմի կողմից հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության կիրառման ժամանակ, քանի որ գյուղատնտեսությունն ամենաքիչը տուժեց պատժամիջոցներից: Ու հակառակ այլ ոլորտների, որտեղ գրանցվեց բացասական տնտեսական աճ, գյուղատնետսության ոլորտում գրանցվեց միայն դրական աճ:

2020թ․ Իրանի ծրագրերի և բյուջեի կազմակերպության ժամանակի ղեկավար Բաղեր Նոբախթն ասում է. «Վերջին երկու տարիների ընթացքում տնտեսության, այդ թվում՝ նավթարդյունաբերության ոլորտում գրանցվել էր բացասական տնտեսական աճ:  Սակայն 2019թ․ աշնանը, առանց նավթարդյունաբերության ոլորտը հաշվի առնելու, երկրի տնտեսական աճը դրական էր՝  պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում գրանցված 7 տոկոսանոց աճով: Այդ աճը վկայում է, որ գյուղատնետսության ոլորտն ունի զարգացման մեծ պոտենցիալ»:

ՀՆԱ-ի մոտ 9%-ով, զբաղվածության 17,7%-ով և ոչ նավթային արտահանմամբ՝ 5,9%-ով, գյուղատնտեսությունը կարևոր դեր ունի Իրանի  մակրոտնտեսության մեջ:

Իրանն ունի 37 միլիոն հեկտար վարելահող, 120 միլիոն անասնաբուծական միավոր, 84,8 միլիոն հեկտար արոտավայրեր, 14,3 միլիոն հեկտար անտառներ, 2700 կմ ծովային սահման հյուսիսում և հարավում և մոտ 4,2 միլիոն շահառու, ինչպես նաև գյուղատնտեսության ու բնական պաշարների ոլորտներում մասնագետ ու գիտնական կադրեր: Եվ վերջապես կլիմայական բազմազանությունը, համապատասխան համակարգման և արտադրողականության խթանման շնորհիվ, կարող է Իրանին օգնել դառնալ տարածաշրջանում գյուղատնտեսության համապարփակ զարգացման լավագույն մոդելներից։

Անտեսված հնարավորություններ, որոնց շնորհիվ Իրանը կարող է դառնալ գյուղտնտեսության կենտրոն

Շատ կարևոր է նշել, որ Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա են բազմաթիվ անտեսված հնարավորություններ: Եվ դրանց ուշադրություն դարձնելու դեպքում, ԻԻՀ կարող է դառնալ գյուղմթերք արտահանող և միաժամանակ ներմուծումից իր կախվածխությունը նվազեցրած երկիր: Այս անտեսված հնարավորությունները կա՛մ ներառված չեն արտադրական ցիկլում, կա՛մ գործում են    արտադրական նվազագույն հզորությամբ: Որպես օրինակ կարելի է  նշել բաց ջրերում և ծովերում ձկնորսության արտադրական հզորությունը: Երկրի հարավային ու հյուսիսային ափերին փակ տարածքներում ձկնաբուծությունը և տաք ու աղի ջրերում ապրող այլ կենդանիների բուծումը նույնպես այս անտեսված հնարավորություններից են:

2020թ Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարարության  ղեկավար Աբբաս Քեշավարզը, նշելով, որ Իրանում անտեսված է նաև անձրևաջրի օգուտը, հավելում է. «Իրանում կա 10 միլիոն հեկտար  հողատարածք, որոնք սնվում են անձրևաջրով: Այս տարածքներում կարելի է մշակել 5 տեսակի ռազմավարական արտադրանք: Արդյունքում, այդ այդ հողատարածքներից կարելի է ստանալ ավելի քան 2,5 մլն տոննա հավելյալ ցորեն, ավելի քան 1 մլն տոննա հավելյալ գարի, ավելի քան 2,5 մլն տոննա կերային ապրանքներ և ավելի քան 800 հազար տոննա յուղոտ սերմեր»: