Խինդ ու խրատի ծաղկաստանում (11.Վեցերորդ հեքիաթի առաջին գլուխ՝ Եսասիրություն)
https://parstoday.ir/hy/radio/iran-i178048-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(11.Վեցերորդ_հեքիաթի_առաջին_գլուխ_Եսասիրություն)
Յուրաքանչյուր մարդ իր նեղ օրվա համար լավ ընկերոջ կարիք ունի, ուրեմն նրան ասա, որ լավ օրերին թող լինի բարի, մեծահոգի և ներող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2022 04:55 Asia/Tehran

Յուրաքանչյուր մարդ իր նեղ օրվա համար լավ ընկերոջ կարիք ունի, ուրեմն նրան ասա, որ լավ օրերին թող լինի բարի, մեծահոգի և ներող:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր ձեզ կպատմենք  մի գեղեցիկ  հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Իրանցի գրող, բանաստեղծ  Սաադին  ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ  դարերում): Նրա  դամբարանը  գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի  և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով: Նրա ստեղծագործությունները  թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: 

Նրա ստեղծագործությունները երկար ժամանակ ուսումնասիրությունների առարկա են դարձել ինստիտուտներում և հին դպրոցներում՝ որպես պարսկերեն լեզու և գրականություն դասավանդելու աղբյուր: Սաադին բազմաթիվ գրքեր ունի պարսկական մշակույթի և գրականության բնագավառում, բայց նրա երկու հայտնի գրքերը՝ «Բուստանն» ու «Գոլեստանը», հեղինակի գլուխգործոցներն են, որոնք գրվել են չափածո և արձակ։

«Բուստան»-ն ամբողջությամբ չափածո է: «Բուստանի» տասը գլուխ­ների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության,  ողջամտության, ապաշխարության և փառաբանության գաղափարները։  «Բուստանի» ծաղիկները դեռ կատարելության չէին հասել, երբ Սաադին հրապարակեց իր երկրորդ գլուխգործոցը «Գոլեստանը», որը հանգավորված արձակի եզակի նմուշ է և ինչպես ինքն է ասում. «Ինչիդ են պետք պոկված վարդերն այս զառամ, վերցրու մի թերթ «Գյուլիստանից» անթառամ»։

Սաադիի «Գոլեստանը» կազմված է ութ գլխից՝ հետևյալ խորագրերով  «Բարք թագավորաց», «Դերվիշների էթիկան», «Գոհունակության առաքինությունը», «Լռության օգուտները», «Սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», «Կրթության ազդեցությունը», «Խոսելու կանոնները»:

Սաադիի «Գոլեստանը» լի է բազմապիսի խրատական և խոհափիլիսոփայական առակներով և ասույթներով, և Սաադին իր սեփական արվեստով այնպես է արտահայտել դրանք, որ ընթերցողը մեծ հաճույքով է կարդում։ «Գոլեստանը» տարբեր հեքիաթների հավաքածու է: Այն աշխարհի կենդանի պատկերն է  յուրաքանչյուր ժամանակաշրջանում: Նա այս գրքում մարդու և նրա աշխարհը ներկայացնում է իր բոլոր թերություններով, առավելություններով և  հակասություններով: Սակայն Սաադին միայն դրանով չի սահմանափակվում: Նա ներկայացնում է նաև ցավերը և դրանց բուժումը:  Սաադիի «Գոլեստանը» մարդու իրական կյանքի պատկերն է:

Այս հաղորդման ընթացքում մենք ձեզ համար ընտրել ենք այս գրքից ևս մեկ գեղեցիկ հեքիաթ։ Այս հեքիաթը կիրառվում է այն դեպքում, երբ եսասեր մարդը միայն օգուտ քաղելու մասին է մտածում, և ուրիշները նրա համար կարևոր չեն, բայց արդյոք այս ճանապարհը նրան տանո՞ւմ է դեպի փրկություն և երջանկություն:

--- 

Սաադին «Գոլեստանի» առաջին գլխի 6-րդ հեքիաթում ասում է. «Պարսից թագավորներից մեկի մասին պատմում են, որ նա յուրացնում  էր մարդկանց ունեցվածքը և ճնշում էր նրանց: Մարդիկ այլևս հոգնել էին նրա խաբեություններից, հետևաբար նրանք նախընտրեցին հեռու մնալ իրենց հայրենիքից և ցրվել աշխարհով մեկ: Երբ երկրի բնակչությունը նվազեց, նվազեցին նաև կառավարության եկամուտները։ Գանձարանը դատարկ մնաց, իսկ թշնամիները ճնշեցին այդ երկրին։ Յուրաքանչյուր մարդ  իր նեղ օրվա համար լավ ընկերոջ  կարիք ունի, ուրեմն նրան ասա, որ  լավ օրերին  թող լինի բարի, մեծահոգի և ներող: Եթե ​​հնազանդ ծառային էլ բարություն չանես, նա կհեռանա քեզանից։ Ուրեմն որքան կարող ես բարի եղիր, քանի որ բարությամբ, նույնիսկ անծանոթն է ենթարկվում քեզ»:: 

--- 

Պատմող. Սաադիի այս պատմությունը մեզ հիշեցնում է եսասիրության անվայել հատկանիշի մասին: Ձեզ կպատմեմ նաև այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։

Մեր հարևանության մեջ մի ճարտարապետ է ապրում, ով կառուցել է մեր բազմաբնակարան շենքը և ինքն էլ  բնակվում է հարկաբաժիններից մեկում։ Երբ մենք գնեցինք այս բնակարանը, այն նորակառույց էր, բայց շատ չանցած հասկացանք, որ այս տան կառուցման ժամանակ ցավոք որակյալ շինանյութեր չեն օգտագործվել։ Ոչ միայն մենք, այլև մնացած հարևանները մեզ պես խաբվել են, և ամեն անգամ, երբ բողոքում ենք այս ճարտարապետի դեմ, նա ասում է, որ ես և իմ ընտանիքը ևս ապրում ենք այս շենքում, և ոչ մի խնդիր չունենք, ուրեմն եթե խնդիր լինի, ապա բոլորի համար կլինի:

---

Պատմող - Այս ձմռանը առատ ձյուն էր տեղում: Մեր տան տանիքը չդիմացավ  ձյան ծանրությանը: Հայրս դիմեց ճարտարապետին ու բողոքեց:


• Տանիքի Իզոգամի համար մեզանից այդքան փող ստացար: Ապա ինչո՞ւ է տանիքը նորից ճաքճքել, և դրանից ջուր  կաթում։
• Ես հոգնել եմ ձեզանից, հարևաններ: Ամեն օր ինձ դիմում եք նույն պատճառով։ Հիմա, որ այդպես է,  ինձ բոլորովին չի վերաբերում։ Իմ տան տանիքը վնասված չէ ։ Դա ձեր խնդիրն է:
• Վայ, դու որքան անարդար մարդ ես։ Քանի որ քո հարկաբաժինն առաջին հարկում է, դու չես հասկանում մեզ՝ վերջին հարկում ապրողներիս: Որքան եսասեր ես դու:
• Եղածը, եղած է։ Համենայնդեպս, հիմա, որ այդպես է, գնում եմ տանիք  տղայիս համար ձնեմարդ պատրաստեմ։ 

---

Հաղորդավար-Եսասեր մարդիկ որևէ մեկին չեն կարևորում: Եսասեր մարդկանց հետ շփումը ձեզանից շատ էներգիա է խլում և  բացասական էներգիա է փոխանցում շրջապատին։ Դուք երբեք չեք կարող լեզու գտնել եսասեր մարդու հետ, քանի որ նրանք միշտ հակված են չհամաձայնվել ձեզ հետ: Այդ  պատճառով նրանք միշտ պատրաստ են վիճել ձեզ հետ: Միգուցե քաղաքավարի ձևով չհամաձայնեն, բայց նրանց նպատակը միայն համառ լինելն է և սեփական  նպատակներին հասնելը,բայց նրանք նպատակ ունեն միայն հակառակել ձեզ, ու հասնել իրենց ուզածին։

---

Պատմող-Ճարտարապետը դուռը փակեց հորս երեսին: Այդ գիշեր մենք տանը նստած հեռուստացույց էինք դիտում, և լսեցինք ճարտարապետի և նրա որդու ծիծաղը, որոնք խաղում էին ձյունածածկ տանիքում։ Մեր տան տանիքը ճաքճքել էր, իսկ հատակին ծեփ ու ջուր էր թափվում։ Հանկարծ սարսափելի ձայն լսվեց, ու տան տանիքը փլվեց, իսկ հետո ճարտարապետն իր հաստափոր մարմնով ընկավ մեր տան հատակին։ Մենք մոտեցանք նրան։ Նա հառաչում էր:

-Օգնեցեք ինձ, ես սխալվեցի։ Օ՜, ես  դժբախտացա։


-Ինչ է պատահել, ինչո՞ւ ես  ընկել հատակին։ Դու ասում էիր ձեր տանիքի խնդիրն ինձ չի վերաբերում:


Պատմող-Հարևանները ծիծաղում էին նրա վրա ու ծաղրում նրան։

Ի՞նչ է պատահել պարոն ճարտարապետ։ Ձնեմարդը սարքեցի՞ր։

Հարևաններից մեկը-Խեղճ մարդ։ Ինքը ձնեմարդ է դարձել։
Մյուս հարևանը: Դե, այս գազարն էլ քո քթի համար է: (Ծիծաղի ձայն)
Հայրս բռնեց նրա ձեռքը, բարձրացրեց նրան գետնից և ասաց. -Տնաշեն .մի՞թե չես լսել,որ  Սաադին ասում է.«Յուրաքանչյուր մարդ նեղ օրվա համար ընկերոջ կարիք ունի,ուրեմն իր լավ օրերին պետք է լինի բարի, մեծահոգի ու  ներող»:

--- 

Հաղորդավար-Այս գեղեցիկ հեքիաթից մենք եզրակացնում ենք, որ եսասեր մարդը ցանկացած իրավիճակում մտադիր է ուրիշներին ասել, որ ինքն բոլորից ավելի լավն է: Այս հատկանիշը նրանց մոտ ստեղծում է սոցիալական գերակայություն։ Եսասիրությունը բնավորության գիծ է, որը բազմաթիվ վնասներ է պատճառում։ Եսասեր մարդիկ իրենցից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում, և եթե շրջապատի մարդիկ իրենց նկատմամբ ցանկալի ուշադրություն չեն ցուցաբերում, նրանք իրենց մերժված և հիասթափված են զգում:

Բացի  տվյալ անհատին, եսասիրությունն ազդում է նաև շրջապատի մարդկանց վրա: Երբ նրանք իրենց ուշադրության կենտրոնում են տեսնում և կարծում են, որ իրենք գերազանցում են բոլորին,  ոչնչացնում են ուրիշների ինքնավստահությունը։ Հիշեք, որ նրանց հետ վարվելիս միշտ դրսևորեք ձեզ շատ ուժեղ և գրագետ: Հստակ հասկացրեք, որ դուք ոչնչով չեք զիջում նրանց: Երբ նկատեցիք, որ  ձեր ձայնի տոնայնությունը շատ ավելի բարձր է, քան նրանցը, վստահ եղեք, որ նրանք չեն կարող վնասել ձեր ինքնավստահությանը և իրենց ավելի բարձր համարել ձեզանից։

Հուսով ենք, ձեզ դուր եկավ  մեր հաղորդումը։ Մինչ նոր հանդիպում Աստված Ձեզ պահապան։