Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (91)
https://parstoday.ir/hy/radio/iran-i181834-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(91)
Ողջույն, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք 1980-ական թվականներին Սադդամի բաասական ռեժիմի ոտնձգության դիմաց Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման մասին հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք պատերազմի յոթերորդ տարում Իրանի ծանր պայմաններին՝ չնայած Սադդամի բաասական ռեժիմի նկատմամբ գերազանցությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 09:09 Asia/Tehran

Ողջույն, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք 1980-ական թվականներին Սադդամի բաասական ռեժիմի ոտնձգության դիմաց Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման մասին հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք պատերազմի յոթերորդ տարում Իրանի ծանր պայմաններին՝ չնայած Սադդամի բաասական ռեժիմի նկատմամբ գերազանցությանը։

1987 թվականին Իրաքի  բաասական  բանակի ռազմական և նյութատեխնիկական հզորությունն Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված պատերազմի առաջին տարվա համեմատությամբ մի քանի անգամ ավելացավ Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունների  ֆինանսական, տնտեսական և ռազմական աջակցության արդյունքում։  1980 թվականին  ամերիկյան նավերը մտան Պարսից ծոց՝ Քուվեյթի նավթատարներին ուղեկցելու,   Իրանի նավթատար նավերը և  նավթային տերմինալները թիրախավորելու  և իրաքյան բաասական բանակի կործանիչների անվտանգությունն  ապահովելու  համար: Հաշվի առնելով ԱՄՆ-ի ծավալուն պատժամիջոցները և պատերազմի ծախսերն ապահովելու հարցում նավթային եկամտի ու երկրի  բյուջեի նվազումը, Իրանի կառավարությունը բախվեց բազմաթիվ սահմանափակումների: Չնայած այդ սահմանափակումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը մի քանի հաջող գործողություններ իրականացրեց երկրի հյուսիսարևմտյան ճակատներում։  Երբ Իրանը  հյուսիսարևմտյան ճակատներում ամրապնդում էր իր պաշտպանական գծերը, Սադդամն օգտագործեց այս հնարավորությունը՝  հարավային ռազմավարական տարածքներում իր պաշտպանական դիրքերն ուժեղացնելու համար։

1987 թվականի կեսերից իրաքյան  բաասական բանակն ուներ 435 հետևակային, զրահային և մեքենայացված գումարտակ միայն հարավային շրջանում՝ Ֆավից մինչև Չենգուլե,  մինչդեռ իրանական ընդհանուր ուժերը այս շրջանում  կազմում էին ավելի քիչ քան 100 գումարտակ:  Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունների կողմից Սադդամի բաասական ռեժիմի ամրապնդմանը զուգահեռ քաղաքական ասպարեզում տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն: Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 598 բանաձեւի հաստատումն էր։ Բանաձև, որը 1988թ. հիմք դարձավ պատերազմի ավարտի համար:

---

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սադդամի  ռեժիմի ագրեսիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նախորդ բանաձևերը լիովին միակողմանի և հօգուտ Սադդամի ագրեսոր ռեժիմի էին, և Սադդամի կողմնակիցները մտադիր չէին  պարտված համարել նրան: Ուստի  Իրանի Իսլամական Հանրապետությունը չընդունեց այդ բանաձևերից ոչ մեկը։ Բայց 598 բանաձեւում Սադդամի կողմնակիցները Բասրայի արևելքում «Քարբալա 5» գործողության ժամանակ իրանական ուժերի մեծ հաղթանակից և Իրաքի երկրորդ մեծ քաղաքի անկման եզրին հայտնվելուց հետո, ուշադրություն դարձրին Իրանի պահանջների մի մասին:

Այնուամենայնիվ, Իրանի կառավարությունը չեզոք դիրքորոշում  որդեգրեց 598  բանաձևի վերաբերյալ,  այն անվանելով անարդար և համարելով, որ Անվտանգության խորհուրդը  թերացել է իր  հիմնական պարտականության կատարման հարցում, որն է՝ գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանումը: Իրանը համոզված էր, որ Իրաքը ագրեսոր ճանաչվելուց հետո պետք է հրադադար հաստատվեր։ Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ Իսլամական խորհրդարանի ժամանակի նախագահ և պատերազմի գերագույն հրամանատար  Հաշեմի Ռաֆսանջանիի խոսքերին, ով այդ մասին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդհանրապես չի մերժել 598 բանաձեւը, քանի որ գտնում է, որ այն կարելի է քննարկել։ Ուրիշներն ակնկալում են, որ մենք լիովին մերժենք կամ ընդունենք բանաձևը:Բանաձևի բացասական կետն այն, որ դրանում նշվում է,թե բանակցություններն սկսելուն պես և նախքան ագրեսորի ճանաչելն ու դատելը  պետք է հրադադար հաստատել: Մենք այս կետը չենք ընդունում... Մենք ասում ենք, որ նախ պետք է ներկայացնել ագրեսորին, իսկ հետո՝ լուրջ հարցերի լուծման ճանապարհ կհարթվի...»։

Բանաձևի հրապարակումից և Իրանի կողմից չեզոք դիրքորոշման հայտարարվելու հետո, բանաձևն ընդունելու միջազգային ճնշումներն ուժեղացան: Դրանց թվում կային ուղղակի և անուղղակի սպառնալիքներ Իրանի դեմ, որը հրաժարվում էր ամբողջությամբ ընդունել բանաձեւը։ Օրինակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «Իրանը մինչև ուրբաթ պետք է վերջնական պատասխան տա Անվտանգության խորհրդին... Եթե պատասխանը բացասական լինի, Վաշինգտոնը ճնշում կգործադրի Անվտանգության խորհրդի  նկատմամբ, որպեսզի վերջինս հավանություն տա սպառազինական էմբարգոյի կիրառմանը, Իրանի կողմից  հրադադարի հրամանը իրագործվելու համար»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահի ներկայությանը, Միացյալ Նահանգների ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանն ասել է.«Ես այս առիթը կօգտագործեմ և նրանից կպահանջեմ անհապաղ հայտարարել՝ արդյոք Թեհրանն ընդունո՞ւմ է ԱԽ բանաձևը,  թե՝ ոչ: Իրանի պատասխանը բացասական լինելու դեպքում, Անվտանգության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց  բացի այլ ելք չունի: Այս դեպքում Իրանն ստիպված կլինի ընդունել բանաձևը, որով պահանջվում է պատերազմում հրադադար հաստատել»: Սակայն ԱՄՆ-ի սպառնալիքների առկայությամբ հանդերձ, Իրանի դիրքորոշումը չփոխվեց: Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին ասաց.«Եթե ԱԽ-ը իր գործունեությունը կենտրոնացնի ագրեսորին դատապարտելու վրամ, Իրանը  կհամագործակցի ԱԽ-ի հետ»:

--- 
598  բանաձեւում, ինչպես նախորդ բանաձեւերում, ոչ մի հիշատակում չկար պատերազմը սկսած երկրի մասին, և այն առաջին անգամ հրապարակվեց Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության յոթերորդ գլխի շրջանակներում։ 598 բանաձևը մեծապես տարբերվում էր Իրանի դեմ Իրաքի սանձազերծած պատերազմի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նախորդ բանաձևերից և առաջինն էր, որը պարունակում էր խաղաղություն և որոշ չափով հավասարակշռված պայմաններ: Ընդհանուր առմամբ, 598 բանաձևի հաստատման նպատակը, չնայած դրա չեզոք բովանդակությանը Իրանի նկատմամբ ճնշում գործադրելն էր՝ պատերազմին վերջ դնելու համար: Այդ պատճառով, ԱՄՆ-ի կողմից առաջարկվեց բանաձևը չընդունելու դեպքում Իրանին սպառազինության էմբարգոյի ենթարկելու ծրագիրը։ 598  բանաձևի հրապարակման ժամանակ, Իրանի ժամանակի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Մալեքին  համոզված էր, որ Իրանի դեմ իրաքյան պատերազմի վերաբերյալ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերից ու հայտարարություններից ամենակարևորը 598  բանաձևն է։ Իսկապես այս բանաձևը շատ առումներով կարևոր էր:

Մալեքին այս բանաձեւի վերաբերյալ ասել է.«598 բանաձեւի առաջին առանձնահատկությունն այն էր, որ դրանում որոշ չափով ներառված է Իրանի կարծիքը։ Իրանի դեմ Իրաքի սանձազերծած պատերազմի վերաբերյալ հրապարակված առաջին բանաձևում  նրանք այս պատերազմը նկարագրել են որպես մի իրավիճակ, որտեղ երկու կողմերն ունեն տարաձայնություններ։ Բայց 598 բանաձևում պարզ դարձավ, որ սա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ մի կողմը պետք է նախաձեռնողը լինի: Ելնելով 598 բանաձևի 6-րդ կետից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկվել է խորհրդակցել Իրանի և Իրաքի հետ և հանձնարարել հակամարտության պատասխանատվության վերաբերյալ հետաքննության անցկացումը վերապահել  անկողմնակալ հանձնաժողովին, որը պետք է վերանայի այն և հնարավորինս սեղմ ժամկետում զեկուցի Խորհրդին: Դա նշանակում է պարզել, թե որ կողմն է սկսել այս պատերազմը: Որովհետև Իրաքը պնդում էր, որ իրանական ուժերը սկսել են պատերազմը, և մենք ասացինք, որ մի ակնթարթում իրաքյան ուժերը հարձակվել են մեր տարբեր քաղաքների օդանավակայանների վրա։ Շատ կարեւոր էր որոշել, թե որ կողմն է պատասխանատու հակամարտությունը սկսելու համար»։

Աբբաս Մալեքին նաև նշել է. «598 բանաձևի մշակման համար մի քանի բանակցություններ են անցկացվել Թեհրանի և գլխավոր քարտուղարի և նրանց ներկայացուցիչների ու տեղակալների միջև։ Մեր դիվանագետները լրջորեն շփվում էին այս երկու մարդկանց հետ, որպեսզի այս բանաձևում ներառվեին Իրանի նվազագույն պահանջները։ Ամենակարևոր հարցը, որ բարձրացրեց Իրանը, այն էր, որ Թեհրանը համոզված  չի որ Իրաքը պատերազմն ավարտվելուց հետո կլքի օկուպացրած տարածքները:

598 բանաձևի 1-ին կետում, որը շատ կարևոր էր, երկու կողմերից պահանջվում էր հրադադար հայտարարել և անհապաղ բոլոր ուժերը վերադարձնել միջազգայնորեն ճանաչված սահմաններ, եւ դա այն պայմաններից մեկն էր, որը բավարարում էր Իրանին։ Որովհետև պատերազմի ավարտին և 1987-ին 598-րդ բանաձևի հրապարակման նախօրեին, Իրաքը նորից սկսեց ագրեսիվ հարձակումը, ինչպես պատերազմի սկզբում, և նորից գրավեց Իրանի  հարավի և հարավ-արևմուտքի մի շարք տարածքներ: Հարձակման ենթարկվեցին նաև Իրանի նավթային կայանները: 1987-ին ավելի քան 100 իրանական նավթատար նավեր հարձակման ենթարկվեցին։

----

Պատերազմը գնալով միջազգային տեսք  էր ստանում։ Որովհետև երբ Իրաքը հարձակվեց Իրանի նավթատարների և նավթային օբյեկտների վրա, Իրանը ստիպված էր հակազդեցություն ցուցաբերել, և այն նավթատարները, որոնք Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի նավահանգիստներից Հորմուզի նեղուց էին մեկնում, հարձակումներից պաշտպանվելու համար որոշեցին օգտագործել ԱՄՆ-ի, Խորհրդային միության և Ֆրանսիայի դրոշները։ Իրանական մարդատար ինքնաթիռի վրա ամերիկյան ավիակիր նավի հարձակումը տարածաշրջանում այս երկրների ուժերի ներկայության հետեւանքներից էր։

Չնայած 598 բանաձևի դրական կողմերին, փաստորեն պատերազմի համար հավասարապես մեղադրվում էին երկու երկրներ՝ Իրանն ու Իրաքը: Օրինակ՝ վնասները  հատուցելու համար այլ երկրների օգնությունը ներգրավելու հիմնադրամ ստեղծելու հարցում որոշվել էր, որ երկու երկրներ այս հիմնադրամից կստանան նույն չափի օգնություն, և իրավական տեսակետից տարբերություն չէր դրվել ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև։ Այնուամենայնիվ,  այս բանաձևն առաջին անգամ հրապարակվել է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ  գլխի շրջանակներում՝ որպեսզի երաշխավորվի դրա իրագործումը։ Այս քայլի իմաստն այն էր, որ բանաձևի կատարումը պարտադիր է բոլոր երկրների համար, այդ թվում՝ Իրանի և Իրաքի։ Ուստի Իրանն ու Իրաքը պարտավոր էին ընդունել այն։

Բանաձևի ընդունման օրը, Իրանի ռազմական գերազանցության պատճառով, Իսլամական Հանրապետությունը պատերազմի ավարտի համար դրա կարիքը չուներ։ Մյուս կողմից, Իրանն այն ժամանակ այնքան էլ չէր հավատում ՄԱԿ-ին և այն համարում էր գերտերությունների կազմակերպությունը և ոչ թե ժողովուրդներին ծառայող կազմակերպություն։ Մեկ տարի անց պատերազմի պայմանները փոխվելով, Իրանն ընդունեց 598-րդ բանաձեւը: