Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (96)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 1988 թվականի սկզբից պատերազմում հավասարակշռության փոփոխությանը:
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք հարավային շրջաններում անակնկալ գործողությունների փակուղային վիճակին և մեծ ու վճռական գործողություն իրականացնելու համար Իրաքին սահմանակից Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների վրա կենտրոնացմանը։ Այդ գործողություններից մեկն էր Իրաքի Սուլեյմանիա շրջանում իրականացված «Վալֆաջր 10» գործողությունը: «Վալֆաջր 10» գործողությունը հաջող ռազմական գործողություն էր, որի ընթացքում Հալաբջա քաղաքը և նրա հարակից շրջանները գրավվեցին իրանական ուժերի կողմից: Գործողության հիմնական նպատակն էր փակել Սուլեյմանիա նահանգի գլխավոր լեռնանցքը և Իրաքի Սուլեյմանիա շրջանում ապահովել իրանցի մարտիկների անվտանգությունը, սակայն որոշ գործոններ պատճառ դարձան, որ իսլամի մարտիկները չկարողացան հասնել իրենց որոշ բարձր նպատակներին, ներառյալ քաղաքի գրավումը: Սադդամի բաասական ռեժիմը, հակառակ իր պրակտիկայի, հրաժարվեց ուժերի մեծ մասին բերել իրանցի մարտիկների դեմ հակահարձակում իրականացնելու համար, հիմնականում՝ տեղի ուժերով և 1-ին կորպուսի հետ կապված ուժերով, որը կազմում էր մոտ 3 բրիգադ, ինչպես նաև քիմիական նյութերի կիրառմամբ դիմակայեց իրանական ուժերի ներխուժմանը: Իրաքի բաասական բանակի հիմնական ուժերը Վալֆաջր 10-ի օպերատիվ տարածք չփոխադրելը և քիմիական հարձակումները իրանական մարտիկների և քրդական գյուղերի և Հալաբջա քաղաքի վրա Իրաքի բաասական ռեժիմի պատերազմի հիմնական մեթոդներն էին: 70 հազար բնակիչ ունեցող Հալաբջա քաղաքը գտնվում է Սուլեյմանիա նահանգում և Դարբանդիխան ամբարտակի հարավ-արևելքում։ Այս քաղաքը եղանակային և կլիմայական առումով Իրաքյան Քուրդիստանի լավագույն շրջաններից է։ «Վալֆաջր 10» գործողության մեջ Իրանի հաղթանակից հետո իրաքյան բաասական բանակը Սադդամի անմիջական հրահանգով 1988 թվականի մարտի 16-ին իրականացրեց իր ամենածավալուն քիմիական հարձակումը Հալաբջայի խաղաղ բնակչության վրա։ Այս ռմբակոծությունը տեղի է ունեցել Սարդաշտի քիմիական հարձակումից մոտ 7 ամիս անց։ Այս օրը Իրաքի բաասական ռեժիմի 50 Միրաժ ռմբակոծիչներ և ֆրանսիական գերստանդարտ ինքնաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կրում էր 4 քիմիական ռումբ՝ 500 կգ քաշով՝ մանանեխի, նյարդային և ցիանիդային գազեր պարունակող ռումբեր նետեցին Հալաբջայի և նրա շրջակա գյուղերի բնակիչների վրա։ Իրաքյան ռմբակոծիչների ռմբակոծությունը սկսվել է այն ժամանակ, երբ Դուջիլայից մեծ թվով մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, ծեր, երիտասարդներ և երեխաներ, Հալաբջա քաղաք տանող ճանապարհից գնում էին այս քաղաք։ Հալաբջա քաղաքն ու նրա շրջակա գյուղերը դուրս եկան բնականոն վիճակից, և մի քանի րոպե հետո քաղաքի դեմքը անմիջապես փոխվեց այնպես, որ քաղաքի ու գյուղի տները, ծառուղիներն ու փողոցները լցվեցին դիակներով, որոնք արձանների պես չորացել էին տարբեր վիճակներում:
Հալաբջայի քիմիական ռմբակոծումը Սադդամի վարչակարգի ամենամեծ ռազմական հանցագործությունն էր։ 2 ժամվա ընթացքում Հալաբջայի և շրջակա գյուղերի մոտ 5000 բնակիչներ մահացան քիմիական գազեր շնչելու հետևանքով, ևս մոտ 7000-ը վիրավորվեցին։ Հալաբջայում քիմիական զենքի կիրառումն առաջին համաշխարհային պատերազմից մինչ այժմ քիմիական զենքի ամենալայն կիրառումն է։ Հալաբջայում տեղի ունեցած աղետը կարելի է համեմատել այնպիսի աղետների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունը: Քիմիական ռմբակոծությունից հետո Հալաբջայի մնացած բնակիչները ապաստանեցին Իրանում, իսկ Իրանը բուժեց նրանց քիմիական վնասվածքները և նրանցից մի քանիսին ուղարկեց Եվրոպա՝ հետագա բուժման համար։ ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Ջորջ Շուլցն Սադդամի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման մասին ասում է.«Մենք դեմ էինք քիմիական զենքի կիրառմանը, բայց չէինք ուզում, որ Իրանը հաղթեր Իրաքին, ուստի պաշտոնապես չդատապարտեցինք Իրաքին»։ Սադդամի կողմից քիմիական զենքի լայնածավալ օգտագործումը, ռմբակոծություններն ու հրթիռակոծությունները՝ Իրանի տնտեսական ենթակառուցվածքների և քաղաքների վրա, և պատերազմի ծախսերը հոգալու համար Իրանի տնտեսական սահմանափակումները փոխեցին պատերազմի հավասարակշռությունը՝ հօգուտ Իրաքի: Ցամաքային ճակատներում Սադդամի վարչակարգը շեշտը դնում էր բաասական բանակի դիրքերի ուժեղ պաշտպանության և Իրանի ցամաքային հարձակումներին դիմակայելու համար արագ ու ծանր հրետանու օգտագործման վրա: Իրաքյան բաասական բանակի համեմատաբար թույլ արձագանքը Վալֆաջր 10 գործողությանը առաջացրեց անորոշություն, առ այն, որ իրաքյան բանակը պատերազմի հիմնական ճակատը համարում է հարավային շրջանը և կարծում է, որ Իրանի գործողությունները արևմտյան ճակատներում ուղղված են հարավային ճակատներում գործողության հնարավորություն ստեղծելու համար տարածք բացելուն: Հետևաբար Վալֆաջր 10 գործողության մեկնարկով, Իրաքի բաասական բանակը փորձեց պահպանել իր ուժերի կենտրոնացվածությունը հարավային ճակատում՝ չբաժանելով իր ուժերը և չնայած իրանական ստորաբաժանումների տեղափոխմանը արևմուտքում գործողություններ իրականացնելու համար, բաասական բանակն իր ստորաբաժանումները չտեղափոխեց արևմտյան ճակատներ և արևմտյան տարածաշրջանում տեղակայված նույն ստորաբաժանումներով և քիմիական զենքի կիրառմամբ դիմակայեց իրանական ուժերին։ Սադդամը գիտակցում էր, որ Իրանը կշարունակի իր ցամաքային հարձակումները՝ իրաքյան տարածքի որոշիչ տարածքներն ու դիրքերը գրավելու համար։ Հետևաբար, Իրանին նման ռազմավարություն որդեգրելուց հետ պահելու համար իրաքյան բաասական բանակը զարգացնելով իր մարտական հզորությունը փորձեց իրանական ուժերից խլել Ֆավի, Խեյբար կղզիների, Շալամչեի և Հալաբջայի նման տարածքներ և ճակատներում իր ձեռքն առնել ռազմական նախաձառնությունը:
1988 թ․-ի մարտի և ապրիլի վերջերը, աստիճանաբար տեղի ունեցող զարգացումներով, փոխվեց պարտադրված պատերազմի վրա իշխող հարձակումների ու հակահարձակումների մեջ առկա օրինաչափությունների կառուցվածքը։ Իրաքյան բաասական բանակի հարձակողական վիճակի անցնելուն միաժամանակ, վերջիններիս կողմից ողջ ինտենսիվությամբ շարունակվեցին իրանական քաղաքների և ենթակառուցվածքների հրթիռակոծությունն ու ռմբակոծությունները։ 1988 թվականի փետրվարի 29-ից մինչև ապրիլի 21-ը Իրաքի բաասական ռեժիմը 51 օր, բացառությամբ մի քանի օրվա, անդադար հարձակվեց Իրանի քաղաքների վրա։ Այս ընթացքում Իրաքի ռեժիմը 100 հրթիռ է արձակել Թեհրանի ուղղությամբ, մոտ 100 հրթիռ՝ Իրանի կենտրոնական քաղաքների ուղղությամբ և մեծ վնասներ է հասցրել։ Պատերազմի պատկերը փոխելու նպատակով Սադդամի վարչակարգի մեկ այլ գործողությունը քիմիական զենքի համատարած օգտագործումն էր։ Պատերազմի վերջին տարում Սադդամի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառումն ավելացել է հատկապես խաղաղ բնակչության դեմ։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում իրաքյան բաասական բանակի կողմից ավելի քան 30 քիմիական հարձակում է իրականացվել Իրանի ներսում քաղաքացիական օբյեկտների վրա։ Պարտադրված պատերազմի ժամանակ ավելի քան 110 հազար իրանցի ենթարկվել է քիմիական զենքի ազդեցության։ Քիմիական զենքի հումքի 48%-ը, որ ուներ Սադդամի վարչակարգը 1980-ականներին, Նիդեռլանդներից Իրաք է բերել Ֆրանս վան Անրաատ անունով հոլանդացի գործարարը։ Սադդամի տապալումից հետո հոլանդացի այս գործարարը Դեն Հաագի հոլանդական դատարանի կողմից դատապարտվել է 17 տարվա ազատազրկման՝ Սադդամի ռեժիմին քիմիական նյութեր վաճառելու մեղադրանքով, որոնք օգտագործվել են Հալաբջա քաղաքն ռմբակոծելու համար: Պատերազմի ավարտին, հատկապես 1988 թվականի ձմռանը, իրաքյան բաասական բանակը ցիանիդ գազ օգտագործեց իրանական զինվորների դեմ։ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ Իրաքի բաասական ռեժիմը օգտագործել է ընդհանուր առմամբ 1800 տոննա մանանեխի գազ, 600 տոննա Սարին գազ և 140 տոննա տաբուն գազ՝ մոտ 100 հազար ռումբի, հրթիռների և փամփուշտների տեսքով։ Պատերազմի ժամանակ Սադդամը լայնածավալ քիմիական զենք օգտագործեց այն էլ այն դեպքում, երբ մարդասիրության հավակնորդները լռեցին իրաքյան բռնապետի, նույնիսկ իրաքյան ժողովրդի դեմ իրականացրած ակնհայտ հանցագործությունների մասին և նրան զինեցին քիմիական զենք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերով: