Հունիս 23, 2023 07:57 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ մարդիկ համաշխարհային պարծանքներ են» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ զրույցում խոսեցինք լեզվի և մշակութային զարգացումներում դրա դերակատարության մասին: Համառոտ կերպով անդրադարձանք պարսկերեն լեզվին, պարսկերենի քերականությանն ու բառակազմությանը: Նշեցինք, որ Սասանյանների օրոք, իսլամական շրջանի առաջին դարերում, պահլավերենը համարվում էր Իրանի պաշտոնական լեզուն, որը գրավոր և բանավոր բարդությունների պատճառով ունակ չեր դառնալ համաշխար

Մինչև հիջրեթի չորրորդ դարը Իրանի մշակութային շրջանակների գիտական ու գրական լեզուն արաբերենն էր, որը հիմնականում մշակվել էր իրանցիների կողմից: Այդ ժամանակաշրջանից հետո, դարի պարսկերենը հետզհետե դարձավ մշակութային, գիտական ու գրական լեզու և իրանցի մշակութային գործիչները մշակեցին այն, մինչև հետագային հասավ միջազգային լեզվի մակարդակի: Պարսկերեն լեզուն զարգանալով, արաբերենը հետզհետե կորցրեց իր ուժը և այլևս անցյալի պես համատարած չեր և Իրանի մշակութային բեմում իր տեղը զիջել էր պարսկերենին:

 

Դարի պարսկերենը նախաիսլամական շրջանում Իրանում խոսակցական լեզվի շարունակությունն էր, որը հետիսլամական առաջին դարերում ոչ մի անցյալ չուներ գրական ու գիտական ոլորտներում, որովհետև Սասանյանների օրոք պաշտոնական, կրոնական ու գիտական լեզուն էր պահլավերենն ու ասորերենը: Ուստի իսլամական առաջին դարերում դարի պարսկերենը չեր կարող լինել Իրանի մշակութային շրջանակների պաշտոնական, գիտական ու գրական լեզուն:

 

Սակայն իսլամական չորրորդ դարից սկսվեց իրանական մշակութային ինքնության ժամանակաշրջանը և իրանցիները վերագտան նախկին ինքնավստահությունը: Դարի պարսկերենը, որ Սասանյանների օրոք համարվում էր խոսակցական լեզու, առավել քան երբևէ տարածվեց իրանցիների մշակութային ու գրական շրջանակներում: Իրանի արևելյան շրջաններում, խալիֆայության սահմաններում հետզհետե վերացան սողդերեն և խորեզմերեն լեզուները և դարի պարսկերենը դարձավ արևելյան շրջանների իշխող լեզուն:

 

************

 

Սասանյանների ժամանակաշրջանում պարսկերեն լեզուն համարվում էր Իրանում բանավոր հաղորդակցության լեզուն և պահլավերենն էր ընդունված որպես վարչական, կրոնական ու գրական լեզու: Իսլամական ժամանակաշրջանում պարսկերենի փոխակերպված արաբերեն այբուբենն ընդունելով, պարսկերեն այլևս միայն բանավոր լեզու չեր համարվում: Այդ նոր գրերն ավելի պարզ էին քան պահլավերեն գրերը: Նախքան գրական, գիտական ու վարչական լեզու ընդունվելը, դարի պարսկերենը ժողովրդի խոսակցական լեզուն էր, իսկ արաբերենը համարվում էր կրոնական, դատական, գիտական ու գրական շրջանակների լեզուն և կիրառվում էր ուսյալ խավի գրավոր ու բանավոր հաղորդակցություններում:

 

Դարի պարսկերենը հենց սկզբից ի ցույց դրեց փոխակերպվելու յուրահատկությունը և արաբերեն գրերն ընդունելով, պարսկերենի մեջ մտան արաբերեն բառեր, որոնց մեծ մասը մշակվել էին արաբերենագետ իրանցիների կողմից: Այս լեզվի մեջ մտան իրանական այլ բարբառներ և իսլամ աշխարհի տարբեր ցեղերի ու մշակույթների բառերի ու հասկացությունների ընդունման կարողության շնորհիվ, մեծացավ դարի պարսկերեն լեզվի միջազգային դառնալու ունակությունը:

 

Իրանի պատմության զարմանալի կողմերից մեկն այն է, որ իրանական տոհմերը և իրանական թագավորությունների հիմնադիրները չնայած իրենք լավածանոթ չեին արաբերենին և նրանց հովանավորությամբ դարի պարսկերենը դարձել էր Իրանի մշակութային ու գրական լեզուն, սակայն խուսափում էին այդ լեզուն ընդունել որպես արքունական և պաշտոնական լեզու և արաբերենն էր նրանց պաշտոնական հարաբերությունների լեզուն: Թահերյան, Սամանյան և Ալե Բույե դինաստիաների արքունական պաշտոնական հաղորդակցությունները արաբերենով էր լինում:

 

Մասըուդիի պատմության մեջ ասված է, որ չորրորդ դարում Իրանի արևմտյան հատվածում, Ատրպատականում, Հայաստանում, Արանում, Բեյլաղանում, Դերբենդում, Խորսանում և Սիսթանում ապրող բոլոր իրանցիները խոսում էին պարսկերեն լեզվով: Նույն դարաշրջանում մուսուլման աշխարհագրագետ Մողադդասին ևս նշել է, որ ողջ Իրանում խոսում էին պարսկերեն լեզվով:

 

**************

 

Սելջուկ թուրքերի ժամանակաշրջանից պարսկերենն ընդունվեց Իրանի պաշտոնական լեզուն: Նրանք լինելով թուրքեր, հակառակ իրանցի կառավարիչներին, պարսկերենն ընդունեցին պաշտոնական և արքունական լեզու: Այդ ընտրությունն միգուցե եղել է այն պատճառով, որ իրանցի գիտնականների ու գրողների ջանքերի շնորհիվ, պարսկերենն ունակ էր դարձել պաշտոնական լեզու դառնալու: Թուրքերի և մոնղոլների Իրան մուտք գործելով ոչ միայն չտուժեց պարսկերեն լեզուն, այլև որոշ ժամանակ անց թուրքերի ու մոնղոլների մեծ մասն ընդունեցին իրանական մշակույթը: Վեցերորդ դարում, երբ իսլամական աշխարհի մեծ մասը հայտնվել էր թուրքերի քաղաքական ու ռազմական տիրակալության տակ և այդ տարածքների կառավարիչների մեծ մասը իրանական մշակույթով էին դաստիարակված, պարսկերեն լեզուն տարածվեց Չինաստանից ու Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա և դարձավ այդ ժամանակաշրջանի միջազգային լեզուներից մեկը: Մոնղոլների տիրակալության սկզբից, պարսկերենը մոնղոլ իշխանների պաշտոնական գրությունների լեզուն էր: Գիվաքխանը Պապին հղած իր նամակը գրել է պարսկերնով: Մարկոպոլոն պարսկերեն գիտեր և Չինաստանի տեղանունների մեծ մասը գրել էր պարսկերենով:

 

Իբն Բաթութեի ժամանակաշրջանում պարսկերենը հաղորդակցական մեծ կարողություն էր ձեռք բերել աշխարհում և նա ուր որ գնում էր Չինաստանից մինչև Հնդկաստանի անտառների խորքերը խոսում էին պարսկերեն: Հիջրեթի 8-րդ դարում իսլամական և ոչ-իսլամական երկրներն այցելած Իբն Բաթութեն զարմանալի փաստեր է թողել աշխարհում պարսկերեն լեզվի տարածման կապակցությամբ: Այդ ժամանակահատվածում թուրքերենը Միջին Ասիայի, Հնդկաստանի, Փոքր Ասիայի և Ատրպատականի ժողովրդի խոսակցական լեզուն էր, սակայն մուսուլմանների միջև մշակութային հաղորդակցության, գրական, գիտական ու վարչական լեզուն էր պարսկերենը:

 

Մուսուլման ճանապարհորդ Իբն Բաթութեն իր գրքում գրել է, որ Հնդկաստանի թուրք սուլթանների արքունական լեզուն պարսկերեն էր և նրանց անունների ու արարողակարգերի մեծ մասը ևս պարսկերեն էր: Դելիում սուլթանի տունը «Դարսարա», դահճապետը «դեժխիմ», ոսկու և արծաթի ձուլակտորները «խեշթ» էին կոչում: Հնդկաստանում բոլոր օտարերկրացիներին «Խորասանի», արքունական դահլիճը «բարգահ» և մետաքսե կտավներով ծածկված փայտե տանիքները «թաղե նոսրաթ» էին կոչվում:

 

Քեմբրիջի պատմությանը վկայակոչելով, Ղազնավյանների ժամանակաշրջանում Հնդկաստանը հայտնվեց թուրք սուլթանների և խալաջ ծառայորդիների տիրակալության տակ, մինչև տասերորդ դարը, երբ անգլիացիներն իրենց տիրակալությունը հաստատեցին Հնդկաստանում: Այդ ժամանակաշրջանում պարսկերենն էր պաշտոնական և արքունական լեզուն:

 

Մասըուդ Սաադ Սալմանը, Աբոլֆարաջ Ռունին և Աբոլհասան Ջալաբի Հոջվիրին Լահուրում պարսկերեն բանաստեղծություններ ու գրքեր հեղինակեցին: Նրանցից առաջ, Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծ Ամիր Խոսրո Դեհլավին, որը ծնվել էր Հնդկաստանում և մայրը հնդիկ էր, բանաստեղծություններ էր գրում պարսկերենով: Հիջրեթի 7-րդ դարում, Սաադիի օրոք, Չինաստանի Թուրքստանում Քաշղարի ժողովուրդը ծանոթ էր պարսկերենին: Սաադիի Գյուլիստանին վկայակոչելով, մի երիտասարդ Քաշղարի մզկիթում Սաադիին ասել էր, որ նա իր բանաստեղծությունները պարսկերենով գրի, որն ավելի հասականալի է:

 

***********

 

Ուրդուն, որ այսօր Պակիստանի ժողովրդի լեզուն է, բառերի, բառակապակցությունների և նախադասության կառուցվածքի տեսակետից ներազդված է պարսկերենից: Պարսկերենն ազդեցություն է թողել ոչ միայն ուրդու, այլև Հնդկաստանի տարբեր շրջանների լեզուների վրա, որոնք սանսկրիտից են ծագում առել: Անգամ Հնդկաստանի հարավային շրջանների դրավիդյան լեզուները ներազդված են պարսկերենից:

 

Պարսկերեն լեզուն ու բանաստեղծությունն այնպիսի ազդեցություն է թողել ուրդու լեզվի վրա, որ այդ լեզվով ստեղծագործող բանաստեղծները, հնդիկ հերոսներին փոխարեն, իրենց երկերում խոսել են Ռուստամի ու Էսֆանդիարի մասին և հնդիկ սիրահարների փոխարեն, անդրադարձել են Լեյլիին ու Մեջնունին, Շիրինին ու Ֆարհադին և հնդկական գետերի փոխարեն մատնանշել են Ամուդարյան ու Սիրդարյան (Սեյհունն ու Ջեյհունը):

 

Բարեկամներ զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում:

Պիտակ