Հունիս 28, 2023 07:00 Asia/Tehran

Ասում են թե պոետը ժողովրդի հայելին է և իր ստեղծագործություններում արտացոլում է նրա՝ ապրումներն ու զգացումները, նրա կյանքն ու սովորությունները և առհասարակ ժողովրդի հետ կապված ամեն ինչ:

Ինչքան այդ հայելին մաքուր է լինում ավելի ճիշտ է արտացոլում ամեն ինչ: Լավ ստեղծագործողի երկերում շատերը տեսնում են իրենց իրական դեմքը՝ լավ  թե վատ: Ոմանք ընդունում ու շտկում են իրենց, բայց ոմանք էլ ընտրում են հայելին կոտրելու տարբերակը ու շարունակում են ապրել այնպես ինչպես կային:

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այսօր խոսելու ենք իրանահայ հանրահայտ բանաստեղծ և թարգմանիչ Վարանդի մասին:

Վարանդ

 

Իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ Վարանդը (բուն անունով՝ Սուքիաս Քյուրքչյան), ծնվել է 1954 թ. Թեհրանում՝ Ցեղասպանությունից վերապրածների գերդաստանում։ Տարրական եւ միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դավթյան» դպրոցում։ 1978-79 թթ. եղել է Փարիզում ու Անգլիայում, աշխատել եւ հետեւել արվեստի ու լեզվի դասընթացներին։ Ուսանել է հայերենագիտություն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, որտեղ նաև դասավանդել է իբրև հայոց լեզվի եւ գրականության դասախոս։ Անց է կացրել նաեւ Արվեստից պատմության դասընթացների մագիստրական շրջանը։ 2000 թ. արժանացել է Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը։

Վարանդը իր գրական առաջին փորձերը կատարել է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում։ Այնուհետև աշխատակցել է Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք հանդեսներին։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Արևի ճամփով», լույս է տեսել 1972 թ.՝ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների ավելի քան երեք տասնյակ հավաքածոներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը», «Կրկներևույթը» (Միրաժ) եւ «Կարոտի նշխարներ»-ը շահել են «Ս. Ներսես Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքեյան» եւ Բեյրութի «Գեորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները՝ 1998-ին եւ 2012-ին՝ (կրկնակի անգամ)։ 1990 թվականին՝ հայ ժողովրդի վերջին 100-ամյա զինյալ պայքարին նվիրված բանաստեղծության համար՝ արժանացել է առաջին մրցանակին։ 1980-1995 թթ. Վարանդը եղել է Թեհրանի «Գեղարդ» երիտասարդական հրատարակչության եւ Հայկաշենի «Ներսես Շնորհալի» Գրական-Մշակութային ֆոնդերի կենտրոն-գրասենյակի վարիչ։

Հայաստանի «Հայ միասնության խաչ» կազմակերպությանը ցուցաբերած բարոյական օժանդակության համար պարգևատրվել է Ալեքսանդր Մանթաշյանի անվան պատվոգրով։ Վարանդը մաս է կազմել իրանահայ թեմերի ազգային պատվիրակությանց՝ արտասահմանյան ուղևորությունների մեջ, Հայ Դատին ու մշակույթին նվիրված թեմաներով եւ ասմունքներով ելույթներ ունեցել «Սորբոն» համալսարանում, միջին արևելյան եւ եվրոպական երկրներում։ Հայաստանի Գրողների միության հրավերով՝ 1994 թ. Վարանդը այցելել է Երևան, միության այն ժամանակվա նախագահ Վահագն Դավթյանի միջոցով անդամագրվել Հայաստանի Գրողների միության։ Նույն թվականին պարգևատրվել՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով։ 1997 թ. Հալեպում լույս է տեսել դոկտ. Թորոս Թորանյանի գրչին պատկանող «Իրանահայ ոգեշունչ բանաստեղծը՝ Վարանդ» հատորը։

1997-98 թթ. հայտնի կինոքննադատ-ռեժիսոր Զավեն Ղուկասյանը պատրաստել է Վարանդի մասին պատմող «Վարանդ, այսօրվա բանաստեղծ» ֆիլմը՝ Իրանի պետական ռադիո-հեռուստատեսության հովանավորությամբ։ Վարանդի ընտրանին պարսկերենի է թարգմանել ու հրատարակել պարսիկ անվանի հայագետ ու թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն։ Բազմաթիվ անգամներ բեմականացվել են նրա «Առյուծասպանն ու արքան», «Նեմեսիսը», «Դերվիշ»-ն ու «Մեծ ջահակիրը» ստեղծագործությունները,‎ ֆրանսիացի Ռոբեր Թոմայից թարգմանված «Թակարդ»-ը պիեսն՝ Թեհրանում եւ այլուր։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի նախօրեին քաղաքապետի պաշտոնական հրավերով՝ Վարանդը եղել է Ս. Էջմիածնում, ելույթներ ունեցել կրթամշակութային օջախներում։ 1994 թ. Երևանում, Թեհրանում, Թավրիզում, Կիպրոսում եւ այլուր նշվել է Վարանդի գրական գործունեության 25-ամյակը (հետագայում՝ 30-ամյակը), հոբելյանական հանդեսներով ու գրական երեկոներով։ 2002 թ. Վարանդի բառերի հիման վրա գրված «Կարավան» երգը մրցանակ է շահել Երեւանի «Դո-Ռե-Մի» էստրադային երգի միջազգային փառատոնում։

2001 եւ 2002 թթ. ԱՄՆ-ի «UCLA» համալսարանի եւ Հայաստանի Գրողների միության կողմից ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Հայ գրողների համաշխարհային համագումարներին։2004 թ. նախագահել է իրանահայ պատվիրակությանը՝ Հայ գրողների համահայկական համագումարում՝ Երևանում, որի ընթացքում պարգևատրվել է Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի ոսկե շքանշանով։ 2004-2006 թվականներին մեքսիկուհի հասարակագետ Վերոնիկա Կաստրոն եւ դոկտ. Ա. Գիվյանը պատրաստել են իրանահայության վերաբերող «Lullaby» վավերագրական ֆիլմը, որում առանցքային կերպարը հանդիսացել է Վարանդը։

2006 թ. հրավիրվել է Լոնդոն, ելույթներ ունեցել «SOAS» եւ «Օկսֆորդ» համալսարաններում եւ այլ կենտրոններում։ Այդ շրջանում, քննություններ հանձնելով, արժանացել է Արվեստի վարպետի դոկտորի կոչմանը։ Նույն թվականին Կանադայում թողարկված նրա «Ահա, այս ես եմ» երգերի խտասալիկը (CD) շահել է Համահայկական մրցանակ։ Վարանդի բնագրից թարգմանած «Լեդի Մակբեթի անիծյալ ճակատագիրը» մենախաղը՝ 2007 թ. ամռանը բեմադրվել է Երևանի Շեքսպիրյան փառատոնում։ 2008 թ. հուլիսի 6-ից 12-ը Հայաստանում եւ Ղարաբաղում կայացած Գրողների համահայկական 4-րդ համաժողովին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե շքանշան-մեդալով, ԼՂՀ-ի Գրողների միության «Եղիշե»-ի անվան տարեկան մրցանակով։

Նույն թվականին Վարանդը ընտրվել եւ պաշտոնապես գրանցվել է իբրև Անգլիայի Միջազգային բանաստեղծների եւ երգահանների ընկերակցության մնայուն անդամ (The Guild of international songwriters and composers)։ Դեռ 90-ականների սկզբին, անվանի ճարտարապետ-հուշարձանագետ դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից անդամագրվել է արձակագիրների եւ պոետների «Pen» միջազգային կազմակերպությանը։ 2010 թ. կրկին գլխավորել է ԻԳՄ-ի պատվիրակությունը Հայաստանում կայացած հայ գրողների 5-րդ համագումարում, ուր պարգևատրվել է Սփյուռքի նախարարության պատվոգրով։ 2012 թ.՝ Անկախության տոնի առիթով ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով։ 2012 թվականից Վարանդի երգերից գրանցվել են ՀՀ «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպությունում։ Մասնակցել է գեղանկարչական ցուցահանդեսների։

2013 թ. ապրիլին պաշտոնապես հրավիրվել ու մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատումով Հայաստանում կայացած Պոեզիայի առաջին միջազգային փառատոնին, ուր 30 տարբեր երկրներից մասնակցել են շուրջ 50 լավագույն բանաստեղծներ, եւ տպագրվել համաշխարհային պոեզիայի ստվար, երկլեզվյան «In the begining was the word» անտոլոգիայում։

2013 թ. ձմռան սկզբին Վարանդի իտալերենի թարգմանված գործերին նվիրված «Գրական երեկո» է նախաձեռնվել նույն երկրի Գրողների միության կողմից, ուր առաջադրվել է Եվրոպայի գրողների միության անդամ՝ Իտալիայի կողմից։ 2014 թ. գարնանը ՀԳՄ «Գրական թերթ» օրգանը միության եւ խմբագրության անունից շնորհավորել է նրա 60-ամյակը ՝ մի ամբողջ էջ հատկացնելով նոր եւ անտիպ նրա ստեղծագործություններին։ Նույն թվականի ապրիլի 10-ից 19-ը Հայաստանի Գյումրի քաղաքում իրանականացած երաժիշտ-կատարողնեի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում՝ Վարանդի գրչին պատկանող տողերի վրա մայեստրո Ռազմիկ Օհանյանի կողմից՝ լարային նվագախմբի եւ սոպրանո սոլոյի համար գրված երգը՝ ժյուրիի կողմից արժանացել է լավագույն հեղինակային դիպլոմ-մրցանակին։ Հավաքագրել ու խմբագրել է տասնյակ գրքեր (սկսնակ գրողների՝ հատկապես), հեղինակել հարյուրավոր հոդվածներ, ակնարկներ։

Հավաքական հատորներից Վարանդը ընդգրկվել է ՝ Մինաս Թեոլեոլյանի «Դար մը գրականություն» (ԱՄՆ), «111 հատընտիր հայ բանաստեղծություններ (Մեսրոպ արք. Աշճյան, 2002, Երեւան), «100 տարվա հայ բանաստեղծություն» (պրս.) եւ այլ բազմաթիվ հանրագիտարաններում, հավաքածոներում եւ դասագրքերի մեջ։ Եղել է Բեյրութի «Բագին» բազմամյա ամսագրի խորհրդի անդամ։ Տարիներ եղել է Իրանահայ գրողների միության նախագահ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են՝ անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, ռուսերենի, ռումիներենի, պարսկերենի եւ ճապոներենի։ Ներկայումս Վարանդը ապրում և ստեղծագործում է Իրանում:

Բարեկամներ հայերեն ռադոժամը ժամանակին իր հարկի տակ հյուրընկալել է բանաստեղծ Վարանդին: Այժմ ներկայացնում ենք Հայերեն ռադիոժամին նրա տված հարցազրույցից մի հատված:

 

Պիտակ