Իսլամական հեղափոխությունը և զրկանքների վերացումը (Հատուկ հաղորդում նվիրված «Այգաբացի տասնօրյակին»)
Իմամ Խոմեյնի.- «Չեմ կարծում, որ կա ավելի բարձր պաշտամունք, քան ընչազուրկներին ծառայելը»։
Թեև 1979 թվականի փետրվարին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակում իրենց դերն ունեցան Իրանի ժողովրդի տարբեր խավեր, սակայն կեղեքված ու ընչազուրկ խավն ավելի շատ ջանքեր գործադրեց այս մեծ շարժումը կյանքի կոչելու համար: Նրանք ավելի ամուր կրոնական համոզմունքներ ունեին և կտրականապես դեմ էին Փահլավիների ռեժիմի ժամանակ արևմտյան մշակույթի տարածմանն ու կրոնից հեռանալու քաղաքականությանը: Այս ավտորիտար իշխանության ժամանակ ամենաշատ ճնշումն ու խտրականությունը եղել է աշխատասեր ու ջանասեր, բայց և զրկված ու աղքատ դասակարգի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության հիմնական նպատակներից մեկը եղել է զրկանքների ու անարդարության վերացումը, որի իրագործումը, հատկապես գյուղերում, հաղթանակից անմիջապես հետո եղել է օրակարգում: Իրանի Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնին մեծ նշանակություն է տվել մարդկանց այս խավին՝ նրանց համարելով հեղափոխության ռահվիրաներ, որոնց դժբախտ վիճակին պետք է շուտափույթ լուծում տալ։ Այս կապակցությամբ նա ընդգծել է. «Չեմ կարծում, որ կա ավելի բարձր պաշտամունք, քան ընչազուրկներին ծառայելը»։ Այսպես էր, որ բացի կառավարությունից, բազմաթիվ ժողովրդական խմբեր սկսեցին նաև «կառուցման ջիհադի» անվան տակ իրականացնել հրատապ շինարարական միջոցառումներ, որոնք դեռևս շարունակվում են և մեծ ձեռքբերումներ են ունեցել ընչազուրկների համար։
Ջուրը մարդու կյանքի համար ամենակարեւոր պահանջն է: Փահլավիի ռեժիմի ժամանակ քաղաքի բնակիչների մոտ 75 տոկոսին և գյուղացիների միայն 12 տոկոսին էր հասանելի անվտանգ խմելու ջուրը, սակայն այժմ ողջ քաղաքային բնակչությունը և գյուղացիների գրեթե 90 տոկոսն անվտանգ խմելու ջուր ունեն: Այս առաջընթացն այնքան արագ ու հիացական է եղել, որ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ քաղաքային ու գյուղական բնակավայրերում խմելու ջրի հասանելիության հարցում Իրանը տարածաշրջանի երկրների շարքում աղյուսակի առաջին տեղում է: Սա այն դեպքում, երբ Իրանը համարվում է աշխարհի սակավաջուր երկրներից մեկը։ Էլեկտրաէներգիան ևս բարեկեցության և զարգացման հիմնական գործոններից մեկն է։ Բայց շահի օրոք, չնայած երկրի առաջընթացի մասին նրա բազմաթիվ պնդումներին, էլեկտրաէներգիայի ծառայության ցանցում կար ընդամենը երեք հազարից պակաս բաժանորդ, բայց հեղափոխությունից հետո այդ ցուցանիշը 12 անգամ ավելացավ, և նույնքան բարձրացավ նաև էլեկտրաէներգիայի արտադրության հարաբերակցությունը։ Այժմ Իրանի բոլոր տները՝ քաղաքում թե՛ գյուղում, վայելում են էլեկտրաէներգիայի բարիքները, և այս առումով Իրանի ցուցանիշը բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Իրանի իսլամական հեղափոխության մյուս խոշոր ձեռքբերումներից է եղել գազամատակարարման ցանցի արագ ընդլայնումը: Թեև Իրանն ունի նավթի և գազի երկրորդ ամենախոշոր պաշարները, և Մոհամմադ Ռեզա շահի կառավարման վերջին տարիներին նավթի արտահանումը հասնում էր օրական վեց միլիոն բարելի, սակայն ժողովուրդը վառելիքի առումով նեղության մեջ էր, այնպես որ գյուղացիների 40 տոկոսը իրենց տները տաքացնում էին վառելափայտով։ Բայց հեղափոխությունից հետո Իսլամական Հանրապետությունը լայնածավալ նախագծերով գազատար խողովակաշարերի միջոցով գազը հասցրեց երկրի ամենահեռավոր շրջանները, այնպես որ այսօր քաղաքային տնային տնտեսությունների 98 տոկոսը և գյուղական համայնքների տնային տնտեսությունների 83 տոկոսը, և ընդհանուր առմամբ Իրանի բնակչության 90 տոկոսը վայելում է բնական գազը։
Փահլավիի օրոք ազգաբնակչության առողջապահության ոլորտը, հատկապես հեռավոր շրջաններում և գյուղերում, ծանր վիճակում էր։ Իսլամական հեղափոխությունը մեծապես փոխեց այս իրավիճակը: Հեղափոխության հաղթանակի սկզբում երկրի քաղաքների միայն 37 տոկոսում հիվանդանոցներ կային, այս ցուցանիշն այժմ հասել է ավելի քան 94%-ի։ Հանրապետությունում գործում են մոտ 1000 հիվանդանոցներ՝ 150 հազար հիվանդանոցային մահճակալներով։ Այս հիվանդանոցները հագեցած են հիմնականում հայրենական արտադրության առաջադեմ սարքավորումներով։ Իսկ գյուղերում կար ընդամենը 134 առողջապահական կենտրոններ, բայց այդ ցուցանիշն այժմ հասել է 18 հազարի և բուժկենտրոնների թիվն ավելացել է գրեթե 5 անգամ։ Առողջապահության և բժշկական ոլորտի առաջընթացին զուգահեռ, ընդլայնվել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը։ Այն այժմ ընդգրկում է մարդկանց 95 տոկոսը, մինչդեռ մինչ հեղափոխությունը, բժշկական ապահովագրությունը ընդգրկում էր միայն փոքր թվով մարդկանց: Մի քանի տարի առաջ «Առողջության ապահովագրություն» կոչվող համապարփակ ծրագրի իրականացմամբ ապահովագրվել է 45 միլիոն իրանցի, որը կազմում է երկրի բնակչության 60 տոկոսը, ընդորում նրանց 60 տոկոսն ունեն ցածր եկամուտներ, հիմնականում բնակվում են գյուղերում և չեն վճարում ապահովագրության վճարներ։ Բարեկեցությանն ու զարգացմանն ուղղված նման միջոցառումների շնորհիվ, անկասկած, Իսլամական հեղափոխությունից հետո բարձրացել է Իրանի ժողովրդի կենսամակարդակը, այնպես որ կանանց կյանքի տեւողության ցուցանիշը 53-ից հասել է 80-ի, իսկ տղամարդկանցը՝ 55-ից հասել է 76-ի։ Ըստ այդմ, Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իսլամական Հանրապետությունը աշխարհի ամենահաջող իշխանություններից է՝ ծառայություններն ու հարստությունը կենտրոնից դեպի երկրի բոլոր մասեր, ինչպես նաև բարեկեցիկ շրջաններից դեպի ցածրակարգ շրջաններ տեղափոխելու հարցում»։