Մայիս 05, 2024 11:49 Asia/Tehran

Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Պարսից ծոցի երկրորդ ազգային երաժշտական   փառատոնն անցկացվում է Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում։

Պարսից ծոցի ազգային երաժշտական   երկրորդ փառատոնին մասնակցում են երաժշտական   խմբեր Հորմոզգանից, Սիստան և Բելուչեստանից, Քերմանից, Քրդստանից, Արևելյան Ատրպատականից, Արդաբիլից, Գիլանից, Հյուսիսային Խորասանից, Ռազավի Խորասանից և Չհարմահալ եւ Բախտիարիից։

Այս արվեստագետները 2024 թվականի ապրիլի 26-ից 28-ը երեք օր ելույթ են ունեցել իրանական արվեստով ու երաժշտությամբ զբաղվող արվեստասերների համար։

Իրանի ազգագրական ինքնատիպ երաժշտությունը շատ հաճելի է, և  Բանդար Աբասում Պարսից ծոցի ազգային երաժշտական   փառատոնն արժանացել է իրանցի արվեստագետների, արվեստասերների և զբոսաշրջիկների բուռն հավանության:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Երկրորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար, քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

«Ջունգլիների գիրքը» երրորդ հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և կծանոթանան հայտնի հեքիաթներին, և կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» չորրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը:

Հինգերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: 

Բոդո Շեֆերի  «Մանի անունով շունը» վեցերորդ տեղում է։ «Մանի անունով շունը» գիրքը գերմանացի հանրահայտ ֆինանսիստ և քոուչ Բոդո Շեֆերի լավագույն ստեղծագործություններից է՝ նախատեսված հատուկ երեխաների և պատանիների համար: 

Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» յոթերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։

Լիզ Փիշընի «Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը» ութերորդ հորիզոնականում է։ Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: 

Իններորդ տեղում է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը»: Մանկապատանեկան ֆենթըզի, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ 

Լիզ Փիշընի «Թոմ Գեյթս. հիանալի արդարացումներ» տասներորդ տեղում է։ Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:

Մեծանուն գրող Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) հայ քնարերգության անմահ անուններից է: Բանաստեղծն իր ստեղծագործություններում արտահայտել է սերը բնության, հայրենիքի, մոր և աշխարհի նկատմամբ, բարձրաձայնել է խնդիրներ, որոնց մասին արգելված էր խոսել, հեղինակ, որի յուրահատուկ մտածողությունն ու ձեռագիրն անհնար է շփոթել: Այս  տարի նշվում է բանաստեղծի 110-ամյակը:

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի գիտաշխատող Տաթև Գաբրիելյանը պատմում է՝  Շիրազն ունի ծննդյան երկու տարեթիվ՝ 1914-ը և 1915-ը։ «Իրականում նա ծնվել է 1915 թվականին, սակայն քույրը նոր ծննդական է վերցրել նրա համար, որտեղ գրված է, որ Շիրազը ծնվել է 1914 թվականին։  Այսկերպ, քույրը ցանկացել է եղբորը կտրել փողոցի կյանքից, որպեսզի Շիրազն աշխատանքի ընդունվի տեքստիլ գործարանում: Երկրորդ տարեթվի մասին Հովհաննես Շիրազը բարձրաձայնել է 1965 թվականից հետո: Շատերը չեն հավատացել: Մինչ օրս թյուր կարծիքներ կան, և կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ Շիրազը ծնվել է 1915 թվականին: Մենք նրա ծնունդը նշում ենք երկու անգամ: Հարյուրամյակը տոնել ենք և՛ 2014-ին, և՛ 2015-ին»,-ասում է Գաբրիելյանը:

2024-ին գրողի տարեդարձը տոնում են ապրիլի 26-ին և 27-ին՝ նրա պատվին կազմակերպված միջոցառումներով, որոնց մասնակցում են ինչպես գյումրեցիները, այնպես էլ՝ այլ քաղաքներից ժամանած հյուրեր:

Հուշատուն-թանգարանում ոչ միայն պահվում ու սրբորեն պահպանվում են գրողի կյանքի կարևոր մաս կազմող իրեր, այլև նրա գրական ժառանգությունը սերունդներին փոխանցելու համար նոր գրքեր են հրատարակում, լույս են տեսնում անտիպ ստեղծագործություններ, վերախմբագրված գործեր, որոնք երբեմն նոր լույս են սփռում հեղինակի ստեղծագործական աշխարհի վրա: Նրա 110-ամյակի առթիվ նախատեսվում է Շիրազի «Անտիպ էջեր»-ի 4-րդ հատորի շնորհանդեսը:

Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն իր քանդակներով նորովի է ներկայացրել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա քանդակի է վերածել ոչ միայն Ազնավուրի խոսուն դեմքն ու արտիստիզմը, այլև նրա հրաշալի երաժշտությունը, որը տարիներ շարունակ ոգևորել է Մազմանյանին:

Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 26-ին «Two Arcs» ցուցասրահում: Ներկայացված են Ազնավուրին պատկերող դիմաքանդակներ, կոմպոզիցիոն աշխատանքներ ու գծանկարներ: Ստեղծագործություններն Ազնավուրի ուղիղ վերարտադրությունը չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են, վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին:

Ազնավուրին նվիրված հավաքածու ունենալու մասին Մկրտիչ Մազմանյանը նախապես չի մտածել: Ամեն բան ինքնաբերաբար է ստացվել: Հեղինակը խոստովանում է՝ անում է այն, ինչ սրտից է բխում: «Անչափ ուրախ եմ Շառլին նվիրված այս ցուցահանդեսի բացման և իմ պատկերագրքի շնորհանդեսի համար: Իսկապես երջանիկ եմ»,-ասում է Մազմանյանը:

Նա կարծում է՝ արվեստագետը պետք է դուրս գա ակադեմիական ոճից և տրվի ստեղծագործական ազատությանը, քայլի ժամանակի հետ: Հավանաբար այդ մտածելակերպի արդյունքում է քանդակագործը զարմանալի աշխատանքներ ստեղծել, որոնք մտածելու առիթ են տալիս:

«Գուցե  մեկ օրվա մեջ մի արձան ավարտին հասցնեմ, սակայն Շառլի քանդակների վրա աշխատել եմ շուրջ երկու տարի: Ազնավուրին պաշտում եմ 1960-ականներից: Առաջ սիրում էի լսելով, հետագայում հպարտանում էի, որ նման մեծ հայ կա աշխարհում, իսկ հիմա հպարտանում եմ, որ նա որպես երգիչ, կատարող բանաստեղծ և դերասան արել է այն, ինչ ոչ ոք մինչ օրս չի արել բեմում»,-շեշտում է Մազմանյանը:

Նա ցուցադրել է Ազնավուրին նվիրված ստեղծագործությունների մի մասը միայն, ներկայացրել մոնումենտալ արձանների էսքիզներ, որոնք  հետագայում կարող են զարդարել տարբեր քաղաքների պուրակներն ու փողոցները:

Մայիսի 17-31-ը  Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը:

Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում:

«Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն  ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: Փառատոնային խաղացանկում է ևս 19 ներկայացում՝ Հայաստանի 5 քաղաքի ու  Երևանի թատրոններից:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնային ներկայացումները տեղի կունենան Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրու Մտորումների թատրոնում:

«Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ: