Հայաստանը միանում է Իրան-Ուզբեկստան տրանսպորտային միջանցքին
(last modified Sat, 10 May 2025 07:20:53 GMT )
Մայիս 10, 2025 10:50 Asia/Tehran
  • Հայաստանը միանում է Իրան-Ուզբեկստան տրանսպորտային միջանցքին

Հայաստանը միանում է Իրան-Օման-Կատար-Թուրքմենստան-Ուզբեկստան տրանսպորտային միջանցքի համաձայնագրին։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել  «Աշխաբադի համաձայնագրին» միանալուն, որը նախատեսվում է տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծել Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև։
Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Աշխաբադի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքներով ապրանքների և ուղևորների տեղափոխման և տարանցման համար հուսալի պայմանների ստեղծմանը, կհեշտացնի բազմամոդալ փոխադրումները, կօպտիմալացնի տրանսպորտային ծախսերը, կամրապնդի Հայաստանի տարանցիկ դերը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունը և կստեղծի հավասար պայմաններ անդամ պետությունների տրանսպորտային կազմակերպությունների համար։
Հարկ է նշել, որ Աշխաբադի համաձայնագրին միանալը նաև երաշխավորում է Հայաստանի մուտքը միջազգային շուկաներ այս տրանսպորտային միջանցքի միջոցով, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցիկ փաստաթղթերի համակարգումը, մաքսային ընթացակարգերի հեշտացումը և անդամ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործումը։
Աշխաբադի համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս նաև իրականացնել լոգիստիկ փոխադրումներ համաձայնագրի մասնակից երկրների միջև, նպաստելով փոխշահավետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ընդլայնմանը և Հայաստանի տարանցիկ դերի ամրապնդմանը։
Ըստ այս հայտարարության՝ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։