Մասնավոր հաղորդում ՝ Իրանում փահլևանական մշակույթի օրվա առիթով
https://parstoday.ir/hy/radio/iran-i27082-Մասնավոր_հաղորդում_Իրանում_փահլևանական_մշակույթի_օրվա_առիթով
Հուլիսի 22-ը իրանական մորդադ ամսի մեկը ՝ լուսնային հիջրեթի շավալի 17-ն , Իրանում Փահլևանական մշակույթի օր է հռչակվել : Իրանական ավանդական մարզաձևը , որն ի դեպ ստացել է «Զուռխանե»-ի մարզաձև անունը , իրանական մշակույթում խոր արմատներ է ձգել : Հին անցյալ ունեցող այս մարզաձևը խորհրդանշում է ֆիզիակական ու հոգեբանական ուժի և վեհանձնության ու մեծահոգության միաձուլումը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 14:28 Asia/Tehran

Հուլիսի 22-ը իրանական մորդադ ամսի մեկը ՝ լուսնային հիջրեթի շավալի 17-ն , Իրանում Փահլևանական մշակույթի օր է հռչակվել : Իրանական ավանդական մարզաձևը , որն ի դեպ ստացել է «Զուռխանե»-ի մարզաձև անունը , իրանական մշակույթում խոր արմատներ է ձգել : Հին անցյալ ունեցող այս մարզաձևը խորհրդանշում է ֆիզիակական ու հոգեբանական ուժի և վեհանձնության ու մեծահոգության միաձուլումը :

Ֆիրդոսին և նրա գլուխ գործոց «Շահնամեն» երկու մեծ անուններ են , որոնք ներկայացնելով Իրանի պատմությունն ու մշակույթը , իրանցիների մոտ առաջացնում են հպարտության ու ինքնավստահության զգացումներ, որոնք ընթերցողին տեսանելի կերպով  պատկերում են իրանցիների պատմությունը : «Շահնամե»-ում Ֆիրդուսին խոսել է իրանցիների ինքնության բոլոր կողմերի մասին ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փահլևանական մշակույթին և նրանց կենսակերպին , ինչով էլ այս ստեղծագործությունն առանձնանում է գրական մյուս գործերից : «Շահնամե»-ում ընդգծվում են ինչպես սպորտը , այնպես էլ ժողովրդական մշակույթում նրա ունեցած մեծ դերակատարությունն ու նշանակությունը :

«Շահնամե»-ում կարդում ենք , թե փահլևաններն առաջացել են կրակի դարից ՝ Ջամշիդի միջոցով և դասակարգային տեսակետից գտնվում էին հոգևորականներից հետո : Երկրի տարածքային ամբողջականության և ինքիշխանության պահպանումը եղել է պահլևանների պարտականությունը : Պարտքը կատարելու համար , ամեն ինչից առավել նրանց անհրաժեշտ էր բարոյա-հոգեբանական ուժեղ խառնվածք , նաև մարտարվեստի իմացությունը : Արվեստ , որի օգնությամբ և ֆիզիկական կարողությունների շնորհիվ , նրանք կկարողանային օգտագործել այն օրերի ծանր զինատեխնիկան ՝ նիզակները , վահանները , նաև ձեռք բերել նավավարության , լողալու , լեռնագնացության և այլ անհրաժեշտ հմտություններ : Մարտարվեստի ուսուցումը ստացվում էր միմիայն հատուկ փուլերից անցնելու շնորհիվ : Ուսուցումներ , որոնք չէին սահմանափակվում տեխնիկական ու ֆիզիկական արվեստների իմացությամբ : Այնտեղ անհրաժեշտ գործոններն էին բարոյականությունը և պահլևանության կենսակերպը :

Պահլևանական մարզաձևը կոչվում է նաև «Զուռխանեի» սպորտաձև : Վայրը , որտեղ մարզվում էին պահլևանները կոչվում է ՝ զուռխանե  թարգմանաբար ՝ «Հզորության ու ուժի տուն» զուռ ՝ ուժ , իսկ խանե ՝ տուն իմաստներով : Ավանդական մարզաձևը շարունակումն է ուսուցումների , որոնք հին անցյալում տարածված են եղել Իրանի պատմական ու մշակութային սահմաններում : Այն դարաշարջանում , երբ պատերազմների ճակատագիրը որոշում էին փահլևանները ՝ առանց կողմերի ուժերի միջև բախումների : Ուստի անհրաժեշտ էր փահլևաններ դաստիարակել ու պատրաստել : Գնալով , փահլևանների միջև մրցակցությունը մուտք գործեց իրանական գրականություն ու պոեզիայի ոլորտ : Նրանց հերոսությունների ու սխրագործությունների մասին գրվեցին ու գրվեցին ՝ սերնդե սերունդ փոխանցելով Իրանի փահլևանների մասին պատումները : Իրանում այդ մարզաձևի պատմության մասին վկայությունները մի քանիսն են : Հնագույններից է Լոռեստանի ու Միջագետքում 4500 տարի առաջ հայտնաբերված փաստերը , որոնք պատմում ու վկայում են սպորտաձևի առկայության ու մեծ նշանակության մասին , որը մեր օրերին կոչվում է ըմբշամարտ :

Իսլամն Իրան մուտք գործելով , փահլևանական մշակույթը ստացավ կրոնական երանգ ՝ հայտնվելով ժողովրդի տարբեր խավերի ՝ ի մասնավորի մտավորականների ուշադրության կենտրոնում  : Շավալի 17-ն այն օրն է , երբ Ալի էմիրապետը հաղթել է արաբ հանրահայտ փահլևան ՝ Ամրու Իբն Աբդուդի հետ պայքարում : Աբդուդին հաղթելուց հետո , իմամ Ալին նրան է մոտենում ՝ գլխատելու համար , սակայն Աբդուդը թքում է : Ալի Էմիրապետը մի քանի րոպեներ քայլում է , իսկ երբ նրան հարցնում են արարքի պատճառի մասին , նա պատասխանում է. «Երբ նա թքեց իմ դեմքին , ես զայրացա և չէի ցանկանա այդ հոգեվիճակում նրան սպանել : Ուստի մի քիչ քայլեցի ՝ խաղաղվելու համար և որպեսզի նրան սպանած լինեմ Աստծո դեմ նրա թշնամության պատճառով»: Այդպիսով , շավալի 17-ը հռչակվել է «Փահլևանական մշակույթի ու զուռխանեի մարզաձևի օր» :

Փահլևանական մարզաձևն Իրանի կողմից գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական ժառանգության ցուցակում : Այս ավանդույթը միջազգային գրանցում է ստացել 2010 թ.-ի նոյեմբերի 16-ին : Հիմք ընդունելով Քյոլն քաղաքում գտնվող Գերմանիայի սպորտի համալսարանի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները , Գերմանիայի Brockhaus հանրագիտարանը «Զուռխանեի» մարզաձևը ներկայացնում է աշխարհի հնագույն մարզաձևը :

«Զուռխանե»-ն վայրն է , որտեղ մարզվում են տղամարդիկ : Նրանք հիմնականում գտնվում են քաղաքի նեղ փողոցներում : Ունենում են գմբեթաձև տանիք , իսկ հատակն ավելի խորն ու ցածրադիր է , քան փողոցի մակերեսը : Մուտքի դուռը փոքր է : Դահլիճ մտնելու համար պետք է խոնարհվել : Դա նրա համար է այդպես կառուցվել , որ զուռխանե մտնողները ՝ ի հարգանք մարզիկներին ու փահլևաններին , ստիպված լինեն լռանալ ու խոնարհվել : Զուռխանեի գլխավոր առաստաղը , որտեղ է գտնվում նաև դահլիճի հիմնական դաշտ , շինության մյուս հատվածն է : Առաստաղի վերևում կա լուսամուտ : Զուռխանեն համարվում է բարի ու առաքինի , վեհանձն ու հերոս  մարդկանց հավաքատեղին : Մյուս երկրներում դժվար է հանդիպել վայր , որտեղ մարդկանց արժանիքներն են համեստությունը , ներողամտությունը , քաղաքավարությունը և մարդասիրության ոգին :

Այսօր Թեհրանում աշխատում է շուրջ հիսուն զուռխանե , որոնցից ամենահայտնին է «Նահատակ Ֆահմիդեի» անվան դահլիճը : Դա հյուրընկալում է փահլևանական ֆեդերացիայի առաջնությանները և ստացել է ազգային մակարդակի գրանցում : Մրցումները կայանում են ամեն տարի ՝ թիմային ձևաչափով :

Զուռխանեի սպորտաձևն ունի յուրահատուկ ավանդույթ : Ավանդույթ , որը ձևավորվել է նկատի առնելով հնադարյան դյուցազնական պատումներն ու փահլևանների կենսակերպը , հերոսության ու վեհանձնության հոգեբանությունը , որոնք ակունք են առել շիաների առաջին իմամի կենսափորձից : Այս մարդկային գեղեցիկ առանձնահատկություններն արտահայտվում են բանաստեղծությունների ու պատումների միջոցով , որոնք երգվում են զուռխանեին բնորոշ ծանրակշիռ հարվածային գործիքի ՝ թմբուկի ռիթմերի ներքո : Մարզիկներին դրական լիցքեր փոխանցելու համատ , համապատասխան երգերն ու պոեզիան երգում է «Մորշեդ» կոչվող գլխավոր մարզիկը ՝ առաջնորդող իմաստով :  Մարզիկները ցատկոտում են մորշեդի հնչերանգին համապատասխան ՝ ցուցադրելով խմբային գեղարվեստական և միաժամանակ սպորտային բեմադրություն : Մորշեդն ունի հնչեղ ու գեղեցիկ ձայն : Փահլևանների մարզումների ժամանակ ,  թմբուկի ռիթմին համահունչ , մորշեդը երգում է Ֆիրդոսու «Շահնամե»-ի ռազմական բանաստեղծություններից : Փահլևանական մարզաձևը ճանաչված է որպես հարգանքի մարզաճյուղ : Ունի բազմաթիվ սկզբունքներ : Օրինակ բոլոր շարժումների համար անհրաժեշտ է ստանալ զուռխանեի վետերանի թույլտվությունը : Դա քաղաքավարության ակտ է : Այդ սպորտաձևի կարգախոսն է հոգու և մարմնի մարզումը : Զուռխանեի ավանդույթներից մեկն էլ այն է , որ մարզիկները պետք է պարտադրաբար ունենան համեստության , հավատարմության , հյուրասիրության , մաքրության , աղքատներին օգնելու և մարզիկներին բնորոշ մարդկային հատկանիշներ : Այդ սպորտաձևն ունի գլխավոր շարժումներ , որոնք մյուս մարտարվեստների ՝ կարատեի և կունգֆուի նման կատարվում են ըստ դասակարգման ու հերթականության:

 Իրանցի փահլևան , միստիկ ու բանաստեղծ Փուրիա Վալին հռչակավոր դեմք է փահլևանական մարզաձևում : Նրա ծննդավայրի մասին , տարբեր կարծիքներ կան : Ոմանց ասածով , նա ծնվել է Խարազմի Գարգանեջում , մի ուրիշ խումբ հայտարարում է , որ նա ծնվել է Գանձակում , իսկ մի այլ խմբի վկայությամբ , նրա ծննդավայրն է համարվում Իրանի Ատրպատական նահանգի Խոյ կամ Սալմաստ քաղաքները : Նա ապրել է փրկչական 14-15 , ՝ լուսնային հիջրեթի 8-րդ դարում : Եղել է փահլևան ու միստիկ : Երիտասարդ տարիքում , նա ըմբշամարտով էր զբաղվում , իսկ մասնագիտությամբ ՝ դերձակ էր : Ճանապարհորդել է տարբեր երկրներ և ըմբշամարտով զբաղվելով , ստացել է փահլևանի կոչում : Փուրիա Վալիի կյանքը խորհրդանշում է իրանցի մարզիկների բարոյականությունը , ամրությունն ու քաջությունը և ժողովրդի մոտ ճանաչված է ոչ միայն շնորհիվ սպորտային իր մեծ համբավի , այլև ՝ որպես առաքինի մարդ , առանձնահատուկ հարգանք է վայելում :

Ժողովուրդը Փուրիա Վալիի մեծահոգության մասին բազմաթիվ պատմություններ է պատմում : Ասում են , Խոյ քաղաքի որբ տղաներից մեկը սիրահարվում է քաղաքի իշխանի դստերը : Նա , որ եղել է մոր միակ զավակը , այնքան ուժեղ է սիրահարվում , որ հիվանդանում է : Բժիշկները փորձում են բուժել տղային , սակայն նա ի վերջո պատմում է իր սիրո մասին : Մայրը և հարազատները նախատում են նրան , սակայն տղան պնդում է , իսկ մայրը հարկադրված գնում է հարսնատեսի : Աղջիկն այդ տղայի հետ իր ամուսնությունը պայմանավորում է Խոյի փահլևան ՝ Փուրիա Վալիին հաղթելով :  Թեև տղան գիտեր , որ անկարող էր հաղթել Վալիին , սակայն հայտարարում է  , որ պատրաստ է գոտեմարտել փահլևանի հետ :  Ուրբաթ օրն է որոշվում երկու տղամարդկանց հանդիպման օրը : Հինգշաբթի երեկոյան Խոյ քաղաքի մզկիթներից մեկում , երիտասարդ տղայի մայրն իր ուխտը կատարված տեսնելու համար , հալվա էր բաժանում ժողովրդի մեջ : Փուրիա Վալին էլ պատահաբար այդ վայրում էր : Փահլևանը նրան հարցնում է : Ի՞նչ ուխտ ունես : Ծեր կինը , քանի որ դեմքով չէր ճանաչում Վալիին , պատասխանում է.«Որդիս պետք է գոտեմարտի Փուրիա Վալիի հետ : Ես ուխտել եմ , որ տղաս հաղթի նրան» :

Փուրան հերոսական մի որոշում է ընդունում , որը հավերժացնում է նրա անունը : Որոշված ժամին , մեծ բազմություն է հավաքվում նախատեսված վայրում : Բոլորը վստահ էին , որ վայրկյաններ անց , Վալին հաղթելու է երիտասարդ տղային : Սակայն մի այլ բան տեղի ունեցավ : Փահլևանը պարտվում է երիտասարդ տղային : Փուրիա Վալին այդ մասին պատմել է.«Երբ թիկունքս հասավ հողին և երիտասարդը նստեց կրծքիս , մի ակնթարթում աչքերիս առջև հայտնվեց իմաստնությունը , որին որոնել էի տարիներ շարունակ»: Ժողովուրդը երիտասարդին ուսերի վրա ուղեկցեց մինչև իշխանի բնակարանը : Ի վերջո կայանում է նրանց ամուսնությունը :

Տարիներ այսպես անցնում են և ժողովուրդն այն ժամանակ է  իմանում տեղի ունեցածի մասին , երբ Փուրիա Վալին ոչ ևս էր : Այն օրվանից ի վեր , Փուրիա Վալին դարձավ փահլևանական մարզաձևի հերոս և մարզիկների համար օրինակելի դեմք :