Մի գավաթ անդորր (126.Տրամաբանական մտածողություն)
Բարի օր սիրելի բարեկամներ: Մեր նախորդ զրույցի թեման մտածողությունն էր: Հոգեբան Անուշ Ալեքսանյանի օգնությամբ իմացանք, թե որոնք են իռացիոնալ կամ ոչ-տրամաբանական մտածողությունը: Այսօր շարունակելու ենք այդ թեման ՝ ավարտելու ենք ոչ-տրամաբանական մտածողության մասին զրույցը, անցնելով տրամաբանական մտածողությանը: Հիշեցնենք, որ հաղորդումը պատրաստելու համար օգտվել ենք boon.am կայքից: Ընկերակցեք մեզ:
Այսպես՝ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչ պետք չէ անել: Այժմ կենտրոնանանք այն մեթոդների վրա, որոնք կարող են օգնել արագ և արդյունավետ մտածողության զարգացմանը:
Սովորում ենք էֆեկտիվ մտածել
Սկսենք այն բանից, որ մտածողությունը տրամախաչվում է միմյանց հետ կապված բազմաթիվ բադարիչների հետ, որոնցից յուրաքանչյուրը պետք է սիստեմատիկ զարգացնել: Այդ բաղադրիչներից են ներըմբռնումը, տրամաբանությունը, ստեղծագործական սկիզբը և երևակայությունը, հիշողությունը, կենտրոնացումը և բանականությունը:
Օրինակ՝ արդյունավետ մտածելակերպը հնարավոր չէ զարգացնել առանց որոշակի գիտելիքների բազայի, ուշադրության, իրավիճակը վերլուծելու և փաստեր համադրելու կարողության, բարդ ինֆորմացիան ընկալելու ընդունակության, և մի շարք այլ կարևոր բաների:
Այն նման է որևէ օտար լեզու սովորելուն` տվյալ լեզվով խոսելու համար բավարար չէ սովորել բառերը, պետք է իմանալ քերականությունը, կետադրությունը, ոճաբանությունը, դարձվածքային զուգակցումները, և այլն:
Հիշենք բոլոր այն բադարիչները, որոնք ձևավորում են արագ և արդյունավետ մտածելակերպ:
1.Տրամաբանական մտածողություն
Առանց հիմնական տրամաբանական օրենքների, մենք պարզապես ընդունակ չենք արդյունավետ մտածել: Հաջողակ մարդիկ ունեն խիստ տրամաբանական մտածողություն, որն օգնում է անսպասելի և միաժամանակ ճիշտ որոշումներ կայացնել: Մինչ թույլ տրամաբանությամբ մարդը նայելու է փաստերին, և ոչինչ չի հասկանալու, տրամաբանողն ամեն ինչ կարգավորելու և դասակարգելու է հստակ ու գեղեցիկ:
Տրամաբանորեն մտածելու կարողությունը գիտությունն ու արվեստն է միաժամանակ: Այդպիսի տաղանդը չի տրվում բնության կողմից, այլ մշակվում և զարգանում է կյանքի ընթացքում:
2.Ստեղծագործական մտածողություն
Արդյունավետ մտածողությունը ենթադրում է ստեղծագործականի առկայությունը, որովհետև հենց ստեղծագործական մտածողությունն օգնում է մեզ ազատվել կարծրատիպերից, տափակությունից, նեղ ընկալումից: Մարդ կարող է բազմաթիվ գրքեր կարդալ, ընթերցել և անգիր իմանալ հանրագիտարանը, սակայն մինչև նա չի կարողանում դուրս գալ տեղեկացվածության սահմաններից, նա մտածելու է ոչ ավելի, քան ուրիշի մտքերով:
Ստեղծագործական մտածողությունը, կամ այլ կերպ ասած, կրեատիվությունը, պարտադիր է յուրաքանչյուր այն մարդու համար, ով ստեղծում է իր սեփական արտադրանքը, այլ ոչ թե պատճենավորում է ուրիշինը` լինի դա ինտելեկտուալ ստեղծագործությունը, թե արդյունաբերական գյուտերը: Մենք կկարողանանք արդյունավետ մտածել միայն այն ժամանակ, երբ մեր երևակայությունը սկսի անդադար ճամփորդել, պարբերաբար հանգեցնելով մեզ նոր գաղափարներ:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսյանն է:
****
3.Ռազմավարական մտածողություն
Տակտիկան և ռազմավարությունը ռազմական հասկացություններ են, որոնք սկսել են կիրառվել նաև առօրյա կյանքում: Ցանկացած գործունեության պլանավորումն ու կազմակերպումը ենթադրում են ռազմավարական բաղկացուցիչներ: Ռազմավարը պետք է կարողանա հիշել բոլոր պլանավորվող և արդեն կատարված գործողությունները, կանխատեսել հակառակորդի քայլերը, և այլ, իրենից անկախ արտաքին գործոնները, ենթադրել իր գործողությունների բոլոր հնարավոր արդյունքները, և այդ արդյունքներին արձագանքելու միջոցները: Նրան անհրաժեշտ է ունենալ լավ հիշողություն և վերլուծական մտածելակերպ: Ռազմավարական մտածելակերպ զարգացնելու համար սովորեք խաղալ շախմատ և նմանատիպ այլ խաղեր:
Լավ զարգացած տրամաբանական, ստեղծագործական և ռազմավարական մտածողությունները հիմք են հանդիսանում արդյունավետ մտածելակերպ զարգացնելու համար: Բայց կան նաև լրացուցիչ բաղադրիչներ, որոնց ևս հարկավոր է հաշվի առնել:
4.Հիշողությունը, ուշադրությունը, կենտրոնացումը
Դրանք ինտելեկտուալ գործիքներ են: Իսկ բոլորս էլ գիտենք, որ վատ գործիքները երբեք լավ օգնականներ չեն կարող լինել զարգացման գործում: Նա, ով չի կարողանում հիշել ինֆորմացիան, չի կարողանալու կիրառել այն: Նա, ով բաց է թողնում մանրամասնությունները, չի կարողանալու իրադարձությունների միասնական պատկեր ստեղծել: Նա, ով չի կարողանում կենտրոնանալ խնդրի վրա, լուծելու է այն երկար, ծախսելով ժամանակը: Բնականաբար, արդյունավետ մտածելակերպի մասին խոսք չի կարող լինել տվյալ դեպքում:
Այդ բոլոր գործիքները պետք է անընդհատ զարգացնել և օգտագործել: Ինչպես սպորտում` մարզիկը պետք է անընդհատ մարզվի, որպեսզի մկանները չթուլանան, այնպես էլ մտածողության զարգացման գործում` գործիքները պարբերաբար պետք է օգտագործել և զարգացնել, որպեսզի դրանք չմաշվեն:
5.Ինտուիցիան և զգացմունքները
Թվում է, թե մարդկային հոգու այդ իռացիոնալ հատկությունները, որոնց հնարավոր չէ տիրապետել, ոչ մի կապ չունեն արդյունավետ մտածողության հետ: Սակայն իրականում դա այդպես չէ: Սկսենք նրանից, որ դրանք իրականում իռացիոնալ չեն, և այդքան էլ բարդ չէ դրանց տիրապետելը:
Ինտուիցիան ենթագիտակցաբար մոտեցումն է ունեցած փորձի նկատմամբ` նրա օգնությամբ մենք կարողանում ենք օգտագործել բոլոր այն մանրամասնությունները, որոնք բաց է թողնում գիտակցությունը:
Էմոցիոնալ ինտելեկտը նույնպես ֆանտաստիկայի ոլորտից չէ: Այն գոյություն ունի ռացիոնալ մտածողության հետ հավասար, ավելի փոքր ճշտությամբ, սակայն ավելի մեծ ծավալով: Այդ երկու երևույթները կարող են ինչպես օգնել, այնպես էլ խանգարել արդյունավետ մտածողությանը` կախված նրանից, թե ինչպես են դրանք կառուցվում, և ինչպես են վերահսկվում:
6.Մտավոր դաշտի մաքրումը ավելորդ և վատ մտքերից
Որքան էլ մենք խելացի, ստեղծագործ և գրագետ լինենք, եթե մեր գլխում քաոս է, մեր մտածողությունը չի լինի արդյունավետ: Արդյունավետ մտածողություն ունենալու և զարգացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է մաքրել տեղեկատվական դաշտը, ապա կարգավորել մտքերը:
Երբ մտքերը շատ են, և պարբերաբար փոխվում են, դուք նյարդայնանում եք, իսկ ուղեղը շփոթում է օգտակար գործողությունները անօգուտ գործողությունների հետ: Բոլոր այն մարդկանց, ում մտավոր դաշտում մտային հեղեղ է, օգտակար կլինի «Սթիվ Ջոբսի մեդիտացիայի տեխնիկան» հոդվածը, որտեղ նկարագրված են վատ և ավելորդ մտքերից ազատվելու մեթոդները:
Արդյունավետ մտածողության մեթոդները
Ցանկացած գործունեության մեջ պրակտիկան հաջորդում է տեսությանը: Արդյունավետ մտածողության յուրաքանչյուր տեխնիկան շոշափում է մարդու մտավոր գործունեության վերը նշված ոլորտներից մեկը` հիշողությունը, տրամաբանությունը, ուշադրությունը, օգնում է որոշակի խնդիրները լուծելու ժամանակ:
Այսօր մեր հաղորդման հյուրն էր հոգեբան Անուշ Ալեքսանյանը: