Նոյեմբեր 28, 2018 13:40 Asia/Yerevan

Ողջույն սիրելի բարեկամներ: Մեր այս հաղորդման թեման հուզական սպառումն է: Հոգեբանական ի՞նչ երույթ է հուզական սպառումը: Որոնք են դրա առաջացման պատճառները և ինչպե՞ս կարելի է կանխել այդ խանգարումը և պայքարել դրա դեմ: Այսօր փորձելու ենք պատասխանել այդ հարցերին: Մեզ այդ հարցում օգնելու է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Ընկերակցեք մեզ:

 

Ինչո՞ւ և ե՞րբ են մարդիկ հայտնվում հուզականորեն սպառված վիճակում:

Հաճախ աշխատավայրում ծանրաբեռնվելով` ասում ենք, որ սպառվել ենք, որ այլևս չենք դիմանում և այլն: Իրականում մասնագիտական աշխատանքում առաջ եկող հուզական սպառումը բավականին լուրջ և վտանգավոր երևույթ է:

Մասնագիտական դեֆորմացիան անձի հարմարումն է տվյալ մասնագիտությանը: Չնայած որ առաջին հայացքից այս հարմարումը կարող է թվալ դրական փոփոխություն, այն հանգեցնում է անհատականության կորստի:

“Սպառման սինդրոմ”-ի հետևանքով անհատի մոտ կարող են առաջանալ հետևյալ սոցիալ-հոգեբանական հետևանքները`անհատը կարող է զգալ սոցիալ-հոգեբանական սպառվածություն, ունենալ հույզերի բռնկում կամ մարում, ունենալ տարաբնույթ բախումների հակվածություն: Նա զգում է հոգեբանական ու ֆիզիկական հոգնածություն, հաճախ ունենում է գլխացավեր, սրտխառնոց , փսխումներ: Նրա մոտ զարգանում են դեպրեսիվ վիճակները, ընկնում է ինքնագնահատականը: Նա զգում է , որ իր կատարած աշխատանքն անիմաստ է ու անպետք ՝ անտեսելով մասնագիտական նվաճումները: Անկարող է լինելու շեղվել խնդիրներից: Ունենում է հիշողության և կենտրոնացման կորուստ։

Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:

********************************

Ի՞նչն է հանգեցնում մասնագիտական դեֆորմացիայի. օրինակ՝ երբ երիտասարդ մասնագետը մտնում է մասնագիտական ոլորտ, սկզբնական շրջանում ունենում է բարձր լարվածություն և ցանկանում է առավելագույնս համապատասխանել տվյալ ոլորտ ներկայացուցչի և, հաճախ, փորձում է համապատասխանել բոլոր առումներով՝ սկսած արտաքին տեսքից մինչև վարվելակերպ և խոսելաձև: Այս ընթացքում անձը կորցնում է իր անհատականությունը և դեֆորմացվում է: Նա կորցնում է իր անհատականությունը, իր ոճը, ինչի հետևանքով կորցնում է նաև իր ազդեցության ուժը այն մարդկանց վրա, ում հետ աշխատում է, որովհետև յուրաքանչյուրիս ուժը մեր ինքնատիպության մեջ է: Երբ մենք փորձում ենք որևէ դեր ստանձնել և նմանվել այդ դերին, մենք կորցնում ենք մեր անհատականության ուժը:

Աշխատանքային ծանրաբեռնվածությունը ֆիզիկական և հոգեկան լուրջ լարվածություն է առաջացնում: Այդ լարվածությանը դիմանալու համար մարդը կամ պետք է փոխվի անձնապես, կամ պետք է փոխի շրջապատը: Փոխվել ասելով հասկանում ենք ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն ավելի երկար դիմանալ այդ աշխատավայրում:

 

Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:

***************************

Հուզական այրման համախտանիշ” կամ “սպառման սինդրոմ” տերմինն ի սկզբանե օգտագործվում էր այնպիսի անձանց հոգեբանական վիճակի բնութագրման համար, ում աշխատանքը սերտորեն կապված էր մարդկանց հետ, ինչն էլ ենթադրում էր հուզական գերլարված վիճակ, որի արդյունքում անհատի մոտ առաջանում են բազմաթիվ հոգեբանական խնդիրներ:

Այսպիսի իրավիճակում հայտնված անհատը հասկանում է, որ այլևս չի կարող այսպես ապրել, այլևս հնարավորություն և ցանկություն չունի իրագործելու այն գործառույթները և պատասխանատու լինել այն աշխատանքների համար, որոնք նախկինում իրականացնում էր: Անհատը “կոտրվում” է հոգեբանական և ֆիզիկական հոգնածության պատճառով` դառնալով անտարբեր  և գիտակցելով, որ “սպառվել” է թե’ հոգեպես, թե’ ֆիզիկապես: