Դեկտեմբեր 01, 2018 13:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպեց Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւան էր այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԻԻՀ իշխանությունների ու ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում են իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով Իրանի լիիրավ քաղաքացիներ՝ նրանք տարբեր բնագավառներում ունեցած գործունեությամբ իրենց ավանդն են բերում երկրի զարգացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարեւորել է համատեղ ջանքերը կայունության ու խաղաղության ապահովման գործում, որտեղ մեծ դերակատարում է վերապահված նաեւ խորհրդարանական կառույցներին:

Շնորհակալության հայտնելով հանդիպման համար` Մասումե Աղափուր Ալի Շահին ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնի խոսքն է փոխանցել Արա Բաբլոյանին: Նա նշել է, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները:

Պատգամավորը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը՝ հույս հատնելով, որ ստեղծված ավանդույթները հետագայում եւս շարունակական կլինեն: Մասումե Աղափուր Ալի Շահին եւս արժեւորել է այն ներդրումը, որ ունեցել եւ ունենում է հայ համայնքն Իրանի ներքին կյանքում՝ շեշտելով նրանց դերը նաեւ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցությունը տարբեր ձեւաչափերում, փոխադարձ այցերն ու հանդիպումները:

--------------------

Հայաստանի քննչական կոմիտեն ջանք չի խնայելու ԻԻՀ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնելու համար: Այս  մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ:

 

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և  ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Հանդիպման ընթացքում Ալի Ֆարհադին  ներկայացրել է իրենց կազմակերպության գործառույթները և հայտնել՝ ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ  քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր:

Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ և նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում,  և իր հանձնարարությամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեությունը վերահսկող գլխավոր վարչության մեկ աշխատակից ամենօրյա կտրվածքով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը փոխանցում է յուրաքանչյուր գործի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը:

Կողմերը հանդիպման ընթացքում կարևորել են նաև քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու հարցը:  

Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների եւ ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:

---------------------------

Հայաստանում ընթանում է արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը համոզված է. «Նախընտրական այս բլից քարոզարշավի ընթացքում գաղափարական պայքար չի լինելու»

---------------------------

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ:

Այնուհետեւ կայացել է ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

2019թ. Հայաստանը ստանձնում է ԵՏՄ-ում նախագահությունը:

-----------------------

Ադրբեջանի փոխնախագահ Ալի Հասանովը Հայաստանին հրավիրել է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան»:

«Անադոլու» գործակալության հետ զրույցում, խոսելով թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի մասին, Հասանովը անդրադարձել է նաև հարևան Հայաստանին. «Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը վտանգ չի ներկայացնում ո՛չ հարևան, ո՛չ էլ այլ երկրների համար: Հայաստանի ղեկավարությունը, իր բռնազավթիչ քաղաքականությամբ և Թուրքիային ուղղված անհիմն պնդումներով վտանգում է սեփական ժողովրդին: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում և ցանկանում է մասնակից լինել Ադրբեջանի և Թուրքիայի տեղական ու միջազգային ձեռնարկներին, թող դուրս գա օկուպացրած տարածքներից, կատարի խաղաղության համար անհրաժեշտ իրավական պահանջները: Մենք Հայաստանի դեմ չենք: Մենք Հայաստանին կոչ ենք անում գնալ խաղաղության», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը ուշագրավ է, քանի որ տասնյակ տարիներ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են տնտեսական շրջափակման մեջ պահում Հայաստանը, իսկ ադրբեջանական կողմից վերջին տարիներին հնչում է հիմնականում ռազմաշունչ հռետորաբանություն:

-------------------

2019 թվականի համար Հայաստանի ռազմական բյուջեն հասնելու է 657 միլիոն դոլար ուշագրավ թվին: 2018 թվականին էլ Հայաստանի ռազմական բյուջեն նախորդ՝ 2017 թվականի համեմատությամբ 17,6 տոկոս հավելում կրելով բարձրացել էր 518 միլիոն դոլարի:

Այն պայմաններում, երբ 2015 թվականից այս կողմ Ադրբեջանի ռազմական բյուջեն սկսվել է կրճատվել, Հայաստանի ռազմական բյուջեի հավելումը վկայում է այն մասին, որ Հայաստանը սպառազինական մրցավազքի մեջ է մտնում Ադրբեջանի հետ: Սա ի տես այն բանի, որ հակամարտության երկու կողմերն էլ հավակնում են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ կապակցությամբ ակնկալում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները:

--------------------

ԻԻՀ-ն 2018 թվականին ադրբեջանցի զբոսաշրջիկների այցելած առաջին երկիրն է եղել:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն իր վերջին զեկույցում նշել է. «Իրանն հյուրընկալելով ադրբեջանցի զբոսաշրջիկների 32,2 տոկոսը համարվում է 2018 թվականին ադրբեջանցի զբոսաշրջիկների այցելած առաջին երկիրը: Այս զեկույցի համաձայն երկրորդ և երրորդն տեղերն են զբաղեցնում համապատասխանաբար Վրաստանն ու Ռուսաստանը:

Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարվող այցերի քանակի հավելումը հստակ պատճառներ ունի: Առաջինն այն որ երկու երկրների քաղաքացիների միջև ազգակցական կապեր գոյություն ունեն, ովքեր տարվա ընթացքում հաճախ են այցի գնում իրենց ազգականներին:

Հաջորդ պատճառը բժշկագիտության ոլորտում Իրանի առաջադիմությունն է, որի պատճառով աշխարհի բոլոր երկրների, նույնիսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքացիներ բուժման նպատակով ուղևորվում են Իրան:

Հիշյալ այցերին սատարում է նաև ադրբեջանցի զբոսաշրջիկներին Իրանի իշխանությունների կողմից հատկացվող դյուրությունները:

-----------------------

ԵԽ-ն մտահոգություն հայտնեց Ադրբեջանում մարդու թրաֆիկինգի և առ ու վաճառքին խնդրի սրման կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության կիրակի օրը  կատարած հաղորդման համաձայն, մարդու թրաֆիկինգի հետ կապված ԵԽ-ի փորձագիտական խումբն այդ երկրում 2014-ից 2018 թվականների կտրվածքում մարդու առք ու վաճառքի վիճակի կապակցությամբ զեկույցում գրել է, որ այս խնդրի ծավալները չափազանց մեծ ու մտահոգիչ են:

2014-ից 2018 թվականների կտրվածքում Ադրբեջանում մարդու թրաֆիկինգի մասին ԵԽ-ի փորձագիտական խումբն իր զեկույցում հավելել է. «Թեև օրենքների ընդունման, փորձագետների վերապատրաստման, մարդու տրաֆիկինգի մասին տեղեկացվածության ընդլայնման և դրա դեմք պայքարի օրենքների մշակման տեսակետից Ադրբեջանում առաջընթացներ են արձանագրվել, սակայն իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ»: