Մի գավաթ անդորր (133. Դաստիարակության ոճի ընտրություն)
Մեր նախորդ զրույցներից մեկում ներկայացրել ենք դաստիարակության չորս ոճերը: Այսօր հոգեբան Անդրանիկ Բաբայանի օգնությամբ փորձելու ենք պարզել, թե ծնողներն ի՞նչ սկզբունքով են կողմնորոշվում դաստիարակության այս կամ այն ոճն ընտրելու համար: Մենք էլ ստուդիայում անդրադառնալու ենք դաստիարակության սկզբունքներին: Ընկերակցեք մեզ:
Նախ տեսնենք, թե ի՞նչ է դաստիարակությունը:
Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Ինչպես մեր մեծերն էին ասում, «Երեխային բարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանից: Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում: Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:
*************************
Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը:
Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին:
Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ:
Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակների ձևավորում:
Երբ բացակայում է ծնողներից մեկը, ապա տեղի է ունենում ծնողական զգացմունքների ոլորտի ընդարձակում: Այն բոլոր զգացմունքները, որոնք նախատեսված էին բացակայող ամուսնու կամ կնոջ համար, ուղղվում են երեխային: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա դրական երևույթ է, երեխան այս պարագայում առավել սիրված ու գնահատված կարող է լինել, սակայն դա այդպես չէ, ուստի այս պարագայում ի հայտ է գալիս ամեն կերպ երեխային պաշտպանելու ձգտում և երեխային զրկում են առավել ազատ, ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից:
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է: