Հունվար 03, 2019 17:27 Asia/Yerevan

Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօր խոսելու ենք ինքնուրույնության մասին: Հաղորդման հյուրն է հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանը: Հիշեցնենք , որ որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Ընկերակցեք մեզ:

Ինքնուրույնությունը անձի հավաքական հատկանիշ է, որն ունի մի շարք բաղկացուցիչներ և ենթադրում է նախաձեռնողականություն, ակտիվություն, ինքնավստահություն, նպատակասլացություն: Ինքնուրույնությունն անձի կենտրոնական հատկանիշ է:

Մեծանալ՝ ամենից առաջ նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Եվ իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ՝ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։ Հասուն դառնալու գործում երեխային օգնելը այն հիմնական խնդիրներից մեկն է, որ ծնողները դնում են իրենց առջև։ Բայց երբ մենք ջանքեր ենք գործադրում երեխաներին ինքնուրույն լվացվել և հագնվել սովորեցնել, թվում է, թե դրանք հիշյալ նպատակի հետ որեէ կապ չունեն։ Իսկապես, անկախ այն բանից, մենք նրանց շտապեցնում ենք, թե ոչ, նրանք ի վերջո ձեռք են բերում այդ հմտությունները։

Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:

*************************

Ահա թե ինչու մեր առջև նման խնդիր ենք դնում ոչ թե վախից, որ երեխաները երբեք ինքնուրույնաբար հագնվել չեն սովորի, և ոչ էլ մեր սեփական հոգսերը թեթևացնելու ցանկությունից, այլ այն պատճառով, որպեսզի խրախուսենք փոքրիկների ձգտումը՝ իրենց մտքերում և արարքներում անկախություն ձեոք բերել։

Հաճախ ծնողները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ երեխան արդեն բավական մեծ է որոշ բաներ ինքնուրույն անելու համար: Սակայն երեխաների արած ամեն քայլին միջամտելը ծնողների կատարած հիմնական սխալներից մեկն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորհուրդներ, որոնք թույլ կտան երեխայի մեջ ինքնուրույնություն դաստիարակել:

 

Մի արեք աշխատանքը երեխաների փոխարեն

Երեխայի փոխարեն որևէ բան անել պետք չէ: Դրա փոխարեն հարկավոր է հուշել նրան, թե ինչպես է պետք դա անել կամ հարցնել նրա կարծիքը:

 

Թույլ տվեք, որ նա ինքնուրույն խաղա

Հարկավոր է թույլ տալ, որպեսզի երեխաներն ինքնուրույն խաղան և պարզապես հետևել: Դա կստիպի նրանց նոր խաղեր և մտացածին աշխարհներ հորինել և ավելի հետաքրքիր անցկացնել ժամանակը: Բացի այդ, թույլ տվեք, որ երեխան մի փոքր ձանձրանա և մի առաջարկեք ժամանցի տարբեր միջոցներ:

 

Թույլ տվեք, որ երեխաները սխալներ գործեն

Հաճախ ծնողներին թվում է, որ երեխան որևէ բան անելիս կսխալվի և ինչ-որ կարևոր մանրուք կմոռանա, սակայն նման դեպքերում պետք չէ միջամտել և ամեն ինչ ինքնուրույն անել:

 

Գովեք ինքնուրույն նախաձեռնությունների համար

Եթե երեխան ինքնուրույն լվացել է ափսեները, կատարել է վարժությունը կամ հաղթահարել է իր վախը, ապա հարկավոր է ուրախանալ նրա հետ միասին:

 

Մի խառնվեք երեխայի ամեն քայլին

Հարկավոր է ուշադիր հետևել երեխաների վեճերին ու կոնֆլիկտներին, սակայն թույլ տալ, որ իրենք ինքնուրույն լուծեն խնդիրը:

Եթերում մեր հյուր հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:

****************************

Շարունակենք ներկայացնել խորհուրդները, որոնք թույլ կտան երեխայի մեջ ինքնուրույնություն դաստիարակել:

 

Երեխաներին լուրջ ընդունեք

Հարկավոր է շատ ուշադիր լինել նրանց դատողությունների հանդեպ, քանի որ հակառակ դեպքում հետագայում նրանք կամաչեն օգնություն խնդրել: Երեխաները վստահում են այն մեծահասակներին, որոնք հարգանքով են իրենց վերաբերվում, լսում են և զրուցում՝ ինչպես հավասարը հավասարի հետ:

 

Տանն ապահովեք այնպիսի միջավայր, որ երեխաների համար հարմար լինի ինքնուրույն գործելը

Հարկավոր է այնպես կազմակերպել կենցաղը, որ երեխաներն անընդհատ մեծահասկների օգնության կարիքը չունենան:

 

Թույլ տվեք երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել

Մի փոքր մեծ հասակում երեխաները պետք է սկսեն ինքնուրույն որոշումներ կայացնել: Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն որոշի, թե ինչ է ուզում հագնել, ինչով է ուզում խաղալ և ում է պատրաստվում հրավիրել ծննդյան խնջույքին:

 

Ծանոթացրեք նրանց «մեծերի գործերին»

Առօրյայում երեխային կարելի է շատ անհրաժեշտ բան սովորեցնել: Օրինակ՝ ինչպես վճարել հասարակական տրանսպորտի համար, որտեղ դեն նետել աղբը կամ ինչպես աղցան պատրաստել :

Որևէ բան հանձնարարեք երեխային

Հարկավոր է մտածել մի բան, որի պատասխանատվությունը կլինի միայն երեխայի ուսերին:

 

Ոգեշնչեք երեխաներին որևէ նոր բան փորձել

Որևէ նոր բանը անելը երեխային կստիպի ջանքեր գործադրել: Այդ ընթացքում նրա կողքին գտնվելով կարելի է հետևել փոքրիկի արձագանքին և պարզել, թե ինչպես է նա որոշումներ կայացնում կամ փորձում առանց ծնողի օգնության որևէ բան անել: