Մի գավաթ անդորր (135.Ուսումնական դժվարություններ)
Բարի հանդիպում սիրելի բարեկամներ: Այսօր խոսելու ենք ուսումնական դժվարությունների մասին: Թե ի՞նչ է դա և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք, մեզ կօգնի իմանալ հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Մնացեք մեզ հետ:
Նախ անդրադառնանք կրտսեր դպրոցական տարիքի
Կրտսեր դպրոցական տարիքը, դա անհատի օնտոգենետիկ զարգացման փուլն է և մանկության գագաթնակետը։ Երեխան պահպանում է մանկական շատ որակներ՝ թեթևամտությունը, միամտությունը։ Բայց նա արդեն սկսում է կորցնել մանկական անմիջականությունը վարքում, նրա մոտ առաջանում է մտածողության ուրիշ տրամաբանություն։ Ուսումը նրա համար նշանակալից գործունեություն է։ Դպրոցում երեխան ձեռք է բերում ոչ միայն նոր գիտելիքներ, կարողություններ, այլև որոշակի սոցիալական կարգավիճակ։ Փոխվում են հետաքրքրությունները, արժեքները, երեխայի կյանքի ամբողջ դրվածքը։
Այս բոլորի կողքին, երբ երեխան հայտնվում է կրթօջախում, բնականաբար նա կանգնում է նոր բարդությունների առջև : Նրա համար բացվում են նոր դռներ, որոնք ի դեպ նրա համար ամբողջությամբ նորություն են: Այստեղ բարդությունները դառնում են անխուսափելի և դրանց հաղթահարումը ծնողի և ուսուցչի պարտականությունն է:
6 տարեկան առաջին դասարանցին իր հոգեկան զարգացման մակարդակով մնում է դեռ նախադպրոցական։ Նա պահպանում է այդ տարիքին բնորոշ մտածողության առանձնահատկությունները, նրա մոտ գերակայում է ոչ կամային հիշողությունը, ուշադրության յուրահատկությունն այնպիսին է, որ երեխան ընդունակ է արդյունավետ զբաղվել միևնույն գործով 10-15 րոպեից ոչ ավել։
6 տարեկան երեխայի անձի առանձնահատկությունները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում ուսման գործընթացում։ Ուսման խնդիրներին համապատասխանող ճանաչողական դրդապատճառները դեռ անկայուն և իրավիճակային են, դրա համար էլ դասերի ժամանակ երեխաների մեծամասնության մոտ այն դրդապատճառները դրսևորվում և պահպանվում են ուսուցչի ջանքերի շնորհիվ։ Բարձր ինքնագնահատականը շատ երեխաների մոտ հանգեցնում է նրան, որ նրանք դժվարանում են հասկանալ մանկավարժական գնահատման չափանիշները։ Իրենց ուսումնական գործունեության գնահատականը նրանք համարում են ամբողջ անձի գնահատական։ Բացասական գնահատականները, դիտողությունները նրանց մոտ առաջացնում են տագնապայնություն, անհարմարության վիճակ, ինչի հետևանքով աշակերտներից շատերը դառնում են պասիվ։ Երեխայի հուզական վիճակից կախված վարքի անկայունությունը դժվարացնում է ինչպես մանկավարժի հետ հարաբերությունները, այնպես էլ դասի ժամանակ երեխաների կոլեկտիվ աշխատանքը։
Խնդրին մեզ կծանոթացնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
****
Ի՞նչ են սովորաբար անում ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների ծնողները:
Նման իրավիճակում ծնողները սովորաբար առերես ցույց են տալիս երեխային, որ նա չի արդարացրել իրենց սպասելիքները: Սա հավանաբար ամենաթեթև տարբերակն է: Մի շարք դեպքերում ծնողներն սկսում են սպառնալ, որ վատ սովորելու արդյունքում երեխան սոված կմնա, ոչ մի բանի չի հասնի, կարճ ասած՝ մարդ չի դառնա: Մյուս դեպքում՝ նրանք սկսում են խստացնել ռեժիմն ու պատիժները, որոնք վերածվում են վիրավորանքների, ծեծի ու բռնության: Բնական է, որ այս պայմաններում չեն կարող պահպանվել լավ հարաբերություններ, մտերմություն, վստահություն և ընկերություն ծնողների և երեխայի միջև: Շատ հաճախ ծնողները, երեխայի խնդիրների պարզաբանման, տարիների փորձի ու անցած ճանապարհի վերլուծության արդյունքում խոր ափսոսանքի զգացում են ունենում կորցրած ժամանակի և հարաբերությունների համար, հուզվում և որոշում են վերստին սկսել հարաբերությունների վերականգնման պրոցեսը:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
****
Ինչպե՞ս օգնել դպրոցական դժվարություններ ունեցող երեխային:
Ուսումնական դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է մասնագետների համալիր, թիմային աշխատանք: Այդ թիմում պարտադիր պետք է ներգրավված լինեն ծնողները, հոգեբանը, հատուկ մանկավարժը, ցանկալի է նաև երեխայի հետ անմիջապես աշխատող մանկավարժը:
Առաջին հերթին պետք է գնահատել երեխայի ճանաչողական և անձնային ոլորտները տարբեր ստանդարտացված ախտորոշիչ մեթոդներով, որից հետո մշակել բացահայտված խնդիրների լուծման քայլաշար: Տվյալ քայլաշարում պետք է ընդգրկված լինեն առանձին մշակված պարտականություններ և քայլեր ինչպես ծնողների, այնպես էլ յուրաքանչյուր մասնագետի համար:
Պետք է հիշել, որ 2-3 ամիս կայուն ուսումնական որևէ դժվարություն արդեն առիթ է՝ մասնագետի հետ խորհրդակցելու համար: Հիշեք միայն, թե այդ ամիսների ընթացքում օրական քանի անգամ եք բալիկին ասում, որ սխալ արեց, այդպես չէ, չի ստացվում, չի կարողանում, ինչպե՞ս թե չի կարողանում, ես հոգնել եմ արդեն, էլ չգիտեմ՝ ինչպես բացատրեմ քեզ, դու չես հասկանում ոչինչ և այլն, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչքան է տուժում դրանից երեխայի վստահությունն իր ուժերի նկատմամբ: Իսկ այժմ հիշեք՝ ինչպես եք վերաբերվում ձեր անձին ուղղված նմանատիպ արտահայտություններին:
***********************
Իսկ ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ, եթե նա, այնուամենայնիվ հայտնվում է դպրոցական ուսուցման համակարգի մեջ, որում բավարար չափով հաշվի չի առնվում նրա տարիքային առանձնահատկությունները։ Ինչպես ցույց են տվել դպրոցում իրականացված հետազոտությունները, անբարենպաստ պայմաններում հաճախ վատանում է երեխաների առողջական վիճակը, կարող է քաշը պակասել, նվազել հեմոգլոբինի քանակն արյան մեջ, իջնում է տեսողության սրությունը, ի հայտ են գալիս գլխացավեր։ Ընդհանուր ինքնազգացողության վատացման պատճառով՝ նվազում է երեխայի ոչ այդքան բարձր աշխատունակությունը, ինչը բացասաբար է ազդում ուսման վրա։
Հարաբերականորեն բարենպաստ պայմաններում հոգեբանական լարվածությունն աստիճանաբար նվազում է 1,5-2 ամսից։