Իրանական երաժշտություն
Չնայած իրանական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի, սակայն ներկայիս իրանական դազգահային երաժշտությունը՝ ժամանակակից վաստակավոր իրանցի երաժիշտների տքնաջան աշխատանքի արգասիքն է:
Նշելի է, որ իրանական երաժշտության անբաժան ճյուղերից է ֆոլկլոր երաժշտությունը, ինչը տարբեր հնչեղություն ունի Իրանի տարբեր շրջաններում, որը նույնպես հին ու յուրատիպ է: Հաճելի է լսել Իրանի ֆոլկլոր երաժշտությունը՝ քրդական ժողովրդական երաժշտություն:
Էթնո-մուզիկլոգիան կամ տեղայնական երաժշտությունը՝ սերտ հարաբերության մեջ է ազգագրական յուրահատկությունների հետ, որտեղ նկատելի է, թե ինչպես որևէ ազգի հայրենի բնաշխարհը, մայրենի լեզուն և դարերից եկած ավանդույթները, իրենց ազդեցությունն են ունենում՝ բանահյուսության, թատերական արվեստների դրանց թվում արարողությունների, նկարչության և վերջապես այդ ազգությանը հատուկ երաժշտության վրա:
Օրինակ՝ Իրանի հարավում երաժշտության օգնությամբ բուժման արարողություններ կատարելու սովորույթ կա, որտեղ թեև կատարվում են բեմահարդարանք, դիմահարդարում, ասմունքներ և այլն, սակայն գլխավոր դերակատարը երաժշտական մոտիվն է: Մի խոսքով, բոլոր ազգությունների մոտ ավանդական արարողությունները հնարավոր չէ պատկերացնել առանց երաժշտության: Բոլոր ազգերը, առանց բացառության՝ հազարամյակներ, ավանդական տոնակատարությունները, կրոնական ծիսակատարությունները, սգո արարողակարգերը և այլն կատարել և կատարում են երաժշտության միջնորդությամբ:
Ֆոլկլոր երաժշտության տեսակետից Իրանը չափազանց հարուստ երկիր է, իսկ Իրանի խոշոր քաղաքներ՝ Սպահանը, Շիրազը, Թավրիզն ու Թեհրանը, ամենաշատ ներդրումն են ունեցել Իրանի ֆոլկլոր երաժշտության պահպանման ու տարածման գործում:
Հատկանշելի է, որ՝ Իրանի բարձրավանդակի սահմանային շրջանների տեղային երաժշտությունը, մինչ այսօր նույնությամբ պահպանել է իր յուրահատկությունը: Այժմ ևս Իրանի հեռավոր ծայրամասերի գյուղերում երաժշտություն է հնչեցվում երաշտի ժամանակ Աստծուց անձրև խնդրելու արարողության ժամանակ, բերքահավաքի ժամանակ, հարսանիքներին, երեխաների ծննդյան տոնախմբության ընթացքում և ազգային ու կրոնական տարբեր համահավաքներում:
Ընդհանրապես Իրանի ֆոլկլոր երաժշտությունը կոչվում է այդ վայրի անունով: Իրանի ֆոլկլոր երաժշտության գլխավոր բաժանումներն են՝ Խորասանին, Բելուչեստանին, Քերմանշահին, Քորդեսթանին, Մազանդարանին, Գիլանին, Ազերին, Հորմոզգանին, և հայկականը ու ասորական երաժշտությունը:
Բանասեր-Հետազոտող Մոհամեդ Ռեզա Դարվիշի կարծիքով իրանական արվեստի հիմնական առանձնահատկությունը, նրա արևելյան հոգեմտավոր էությունն է:
Դարվիշն, իր « Հայելի և երգ» գրքում ուսումնասիրելով Իրանի տարբեր շրջանների ֆոլկլոր երաժշտությունը, գրել է՝ «Այս երևույթը ցուցանիշն է յուրահատուկ հաղորդակցության իր արմատների հոգեբանության հետ, որը առնչվում է արևելքի ավանդական երաժշտության ոլորտին, այսինքն երաժիշտը՝ իր ծննդավայրի ավանդական նվագարաններով փորձում է հաղորդակցվել իր ունկնդրին և հոգեկան կապ հաստատել նրա հետ, իսկ այդ ընթացքում այնքան է խորանում ապրումների մեջ, որ մոռանում է ինքն իրեն և իր ստեղծագործության հետ նույնանում է»:
Իրանում իսլամի տարածվելուց հետո, հին Իրանի աշուղները՝ փոխում են իրենց ստեղծագործական թեման և իսլամի կրոնական դեմքերի կամ դեպքերի գովքն են անում կամ սգո երգեր են երգում: Նույն աշուղների որոշ մասն էլ զբաղվում են Ֆիրդովսու «Շահնամե» դյուցազնապոեմի ասմունքով և Իրանի այլ էպիկական դրվագների երգի ձևով ներկայացմամբ:
Օրինակ Իրանի Ատրպատականում, Թուրքմեն-Սարահում, Խորասանում ու Բելուչեստանում աշուղներն ընդհանրապես երգով ու սազով ներկայացնում են կրոնական ու ազգային էպոսներ և իրենց իրական կյանքում պատահած և մարդկային բարձր արժանիքներ ունեցող պատումներ ու իրադեպեր: Այս բոլորը՝ լեզվագիտության, բանահյուսության, պոեզիայի և երաժշտագիտության տեսակետից չափազանց նշանակալի դեր ունեն ի նպաստ մշակույթի զարգացման:
Ֆոլկլոր երաժշտության մեկ այլ մասը վերաբերում է ժողովրդի հավատալիքներին: Անցյալում մարդկային հասարակությունները հավատացած էին, որ երաժշտությունը՝ բուժիչ հատկություն ունի՝ ինչը որոշ չափով ընդունել է նաև արդի գիտությունը: Երաժշտությունը ոչ միայն օգնում է հոգեկան անդորրությանը, այլ գոյացած հոգեկան այդ անդորրը իր հերթին դրական ազդեցություն է ունենում մարդու ֆիզիկականի վրա և հոգեպարար նվագն ու երգեցողությունը և իմաստավոր շարժումները բազում հիվանդությունների ապաքինման պատճառ են դառնում: Հենց այս ելակետից էլ ելնելով հին Իրանում՝ նվագիչներն ու երգիչները մեծ հարգանք էին վայելում հասարակության տարբեր խավերի մոտ: