Հունվար 28, 2019 14:24 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Թավրիզի բանաստեղծների գերեզմանատանը, որտեղ ամփոփված են մի շարք մեծանուն բանաստեղծներ:

Թավրիզում միշտ ապրել են մեծանուն ու ազնիվ մարդիկ, որոնք պատիվ են բերել այս քաղաքին:

Թավրիզում տեղացի մեծերի կողքին ապրել ու վախճանվել են տարբեր քաղաքների ու երկրների նշանավոր մարդիկ: Մարդիկ, որոնք գիտական ու արվեստի ստեղծագործության նպատակով հաստատվել են Թավրիզում: Երևելի այդ դեմքերից, ովքեր կյանքից հեռացել են Թավրիզում, ամփոփվել են Սորխաբ թաղամասի գերեզմանատանը, որը հետագային կոչվել է «Մաղբարե Ալ-Շոարա»՝ բանաստեղծների դամբարան: Մեր օրերին այդ տարածքը զբոսայգու է վերածվել:Այսօրվա զրույցում խոսելու ենք Թավրիզի մշակութային սիմվոլը հանդիսացող «Մաղբարե Ալ-Շոարայի» մասին:

«Մաղբարե Ալ-Շոարա»-ն կամ  բանաստեղծների դամբարանը Թավրիզի պատմական գերեզմանատներից է համարվում, որտեղ ամփոփված են Իրանի գրականության 400 անվանի բանաստեղծներ: Այնտեղ են մեծանուն բանաստեղծներ՝ Խաղանիի, Ասադի Թուսիի, Ղաթրան Թաբրիզիի, Շահրիարի և Սաղաթ Ալ-Էսլամի նման մեծանուն դեմքերի շիրիմները:

Սորխաբի փողոցը բանաստեղծներին վերագրվելով ժողովրդի մոտ մեծ նշանակություն ուներ և մահից հետո, այնտեղ  ամփոփվելը շատ մեծերի երազանքն էր: Այդ տարածքը կարևորվում էր մի շարք շինությունների գոյության պատճառով:

Ամենահին գրությունը, որտեղ գրված է Թավրիզի «Մաղբարե Ալ-Շոարա»-ի մասին, Համդոլլահ Մոսթուֆիի գրչին պատկանող «Թարիխե գոզիդե» և «Նեզհա Ալ-Ղոլուբ» գրքերն են, գրված լուսնային հիջրայի 730-740 թվականներին:

Թավրիզի «Մաղբարե Ալ-Շոարա»-ն

12-րդ դարից սկսած «Մաղբարե Ալ-Շոարա»-ն հայտնի է դարձել բանաստեղծներ՝ Խաղանիի և Զահիրի դին այնտեղ ամփոփվելուց հետո: 12-րդ դարում Ատրպատականում ղեկավարում էր Աթաբաքանը, որի իշխանության օրոք Թավրիզում խաղաղ ապրում էին բանաստեղծները: Խաղանին, Աբու Ալ-Ալան և Ֆալաքին Շիրվանից ու Գանձակից, Զահիր Ֆարյաբին և Շահփուր Նեյշաբուրին  Խուրասանից Թավրիզ էին եկել ու հաստատվել այս քաղաքում: Նրանք բոլորն էլ մահից հետո, հողին են hանձնվել այս գերեզմանատանը: Իլխանյանների, Իլքանյանների և Ակ Կոյունլուների իշխանության օրոք ևս Թավրիզում եղել են մեծանուն բանաստեղծներ, որոնց դին ամփոփվել է նույն այդ վայրում՝ Խաղանիի կողքին:  

«Մաղբարե Ալ-Շոարա»-ն ավելի վաղ հայտնի էր «Հազիրա Ալ-Շոարա» և «Սորխաբ» անուններով: Ցավոք ժամանակի ընթացքում և հեղեղի ու երկրաշարժի նման բնական աղետների պատճառով ավերվել են այդ մեծերի շիրիմները:

1971թ. կառավարությունը որոշեց վերանորոգել այդ տարածքը և հուշահամալիր կառուցել: Այդ նպատակով մրցույթ անցկացվեց, որտեղ հաղթեց Ղոլամռեզա Ֆորուզանմեհրի առաջարկը: Համալիրի կառուցման աշխատանքը սկսվեց 1972 թվականին և ավարտվեց 1982թ.: Այնուհետև մշակույթի և իսլմական առաջնորդման նախարարությունը հանձն առավ «Մաղբարա Ալ-Շոարա»-ի բարեկարգումը: Իհարկե «Մաղբարա Ալ-Շոարա»-ի շինությունը ճարտարապետ Ֆորուզանֆարի առաջարկած նախագծի մի մասն է: Այդ նախագծի համաձայն նախատեսված էր այդ տարածքում մշակութային մի կենտրոն կառուցել արվեստագետների ու արվեստասերների համախմբման համար: 11 հազար  քմ  տարածությամբ պատմամշակութային համալիր, ներառյալ գերեզմանատուն, թանգարան, ցուցասրահ և ճեմուղի, որը միացնելու էր Սորխաբ պատմական տարածքի տարբեր շրջանները: «Մաղբարա Ալ-Շոարա»-ի վերջնական նախագիծը դեռևս կատարելապես չի իրագործվել:

Շինության ճարտարապետության մասին հարկ է ասել, որ այս կառուցվածքի հիմքը մետաղական է և պատված է բետոնե մասնիկներով: Ժամանակակից ու ավանդական ճարտարապետության համադրություն համարվող այս կառույցը կապ է հաստատում այցելուի հետ և թարմության շունչ է հաղորդում: Այդ նախագծի նպատակն է ժամանակի ընթացքում չկորցնել ճարտարապետության գրավչությունը:

Թավրիզի «Մաղբարա Ալ-Շոարա»-ի իրար մեջ մխրճված կամարները հիացմունք են պատճառում այցելուին

«Մաղբարա Ալ-Շոարա»-ի շինությունն ավելի քան 30 մետր բարձրություն ունի և տարիների ընթացքում դարձել է Թավրիզի ինքնության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշը:  Այս գերեզմանատուն մուտք գործելով, տեսնում ենք հսկա մի շինություն՝ իրար մեջ մխրճված կամարներով: Շքամուտքին հասնելու համար պետք է աստիճաններից իջնել և հասնել հուշահամալիրի գլխավոր տարածքը: Այնտեղ մեծ սենյակում եք, որի մոտ կան մի քանի փոքր սենյակներ: Բոլոր շիրմաքարերի կողքին փոքրիկ մի շիրիմ ուշադրություն է գրավում : Դա իրանցի հանրահայտ բանաստեղծ՝ «Շահրիար» անունով հայտնի Մոհամմեդ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզիի շիրիմն է:

Սենյակի շուրջբոլորը նկատելի են «Մաղբարա Ալ-Շոարա»-ում վերջին հանգիստը գտած բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք առանձնահատուկ գրավչություն ու գեղեցկություն են հաղորդել այդ տարածքին: Այնտեղ նկատելի են նաև կողմնակի բաժիններ, այդ թվում վարչական աշխատանքների, գրքի, ձեռարվեստի նմուշների և փոքր արձանիկների վաճառքի սենյակներ:

Այժմ կծանոթանանք «Մաղբարա Ալ-Շոարա»-ում ամփոփված մի քանի նշանավոր բանաստեղծների ու մտավորականների հետ:

Աբունասր Ալի Բեն Ահմեդ Ասադի Թուսին այդ գերեզմանատանն ամփոփված առաջին բանաստեղծն է: Նրա ստեղծագործություններից են՝ երկխոսության ներբողները, Գարշասբ Նամեն, Լողաթ-ե Ֆորսը և Ալ-Բոնիե Էն Հաղյեղ Ալ-Դավիյեն: Այս բանաստեղծը ծագումով Խորասանի Թուս շրջանից է, սակայն 1073թ. վախճանվել է Թավրիզում և իր դին ամփոփվել է Սորխաբի գերեզմանատանը:

Հիջրայի 5-րդ դարի բանաստեղծ Ղաթրան Թաբրիզին երկրորդ բանաստեղծն է, որի դին ամփոփվել է «Մաղբարա Ալ-Շոարա»-ում: Նա Ատրպատականի առաջին պարսկախոս բանաստեղծն է: Նրա ստեղծագործություններից են՝ Դիվանե Ղաթրանը, Մանջիքը և Դաղիղին: Նա վախճանվել է 1073 թ.: Ղաթրանն իր ստեղծագործություններում անդրադարձել է Թավրիզի պատմական կարևոր իրադարձություններին:

Հիջրայի 6-րդ դարի անվանի բանաստեղծ Խաղանի Շիրվանիի դին ևս ամփոփված է Սորխաբի գերեզմանատանը: Նա ծնվել է Շիրվանում և 1202թ. Մահացել է Թավրիզում: Նրա ստեղծագործություններից են բանաստեղծությունների ժողովածուն, Թոհֆե Ալ-Էրաղեյնը, Մենշաթ Խաղանին և Խաթմ Էլ-Ղարայեբը:

Թավրիզի «Մաղբարա Ալ-Շոարա» հուշահամալիրը

Շահրիար անունով հայտնի Մոհամմեդ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզին 1906թ. ծնվել է Թավրիզում: Երիտասարդ տարիքում ուսման նպատակով Թեհրան է մեկնել, որտեղ ծանոթացել է վարպետ Աբոլհասան Սաբայի հետ և նրա մոտ սովորել է իրանական երաժշտության ռեդիֆները և սեթար նվագել: Հաճախելով Դար ոլ Ֆոնունի դպրոցը նա կրոնական գիտություններ է ուսանել, իսկ 1924թ. բժշկական դպրոց է մուտք գործել: Թեհրանում Շահրիարը պարսկերեն ու ազերի լեզուներով բանաստեղծություններ է գրել և հետզհետե հայտնի դեմք է դարձել Իրանի բանաստեղծության ոլորտում:

1950-1951թվականների ընթացքում, Շահրիարը հեղինակել է «Հեյդար Բաբայե Սալամ» հայտնի բանաստեղծությունը, որը Ատրպատականի գրականության գլուխգործոցներից է համարվում: Այդ ստեղծագործության մեջ Շահրիարն անդրադարձել է իր հայրենի քաղաքի գեղեցկություններին ու  իրականությանը:

1953թ. Շահրիարը Թավրիզ է վերադառնում և այլևս չի շարունակում բժշկական ուսումը: Նույն տարում նա ամուսնանում է իր հարազատներից մեկի հետ և երեք զավակ է ունենում: 60-ականներին Շահրիարը հանրաճանաչ է դառնում: Նա գեղագրությամբ գրի է առնում Ղուրանի մեկ երրորդը: Նրա պարսկերեն և թուրքերեն լեզուներով գրված բանաստեղծությունների ժողովածուն մի քանի անգամ վերահրատարակվում է: Շահրիարը 1988 թ. վախճանվում է Թեհրանում և իր կտակի համաձայն, նրա դին ամփոփվում է Թավրիզի «Մաղբարե Ալ-Շոարա» գերեզմանատանը:

Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի որոշումով, մեծանուն բանաստեղծ Շահրիարի մահվան օրը Իրանում պարսից բանաստեղծության և գրականության ազգային օր է հռչակվել: Այդ առիթով Իրանի տարբեր շրջաններում միջոցառումներ են կազմակերպվում, հարգում են Շահրիարի հիշատակը և մեծարվում են բանաստեղծները:

 

Պիտակ