Հունվար 29, 2019 16:43 Asia/Yerevan

Ողջույն հարգելի ռադիոլսող բարեկամներ: Այսօր քննարկելու ենք ոչ այնքան ցանկալի թեմա:Ամուսնալուծության պատճառները: Այսօր մեր հաղորդման հյուրն է հոգեբան Անդրանիկ Բաբայանը: Մնացեք մեզ հետ:

Ամուսնալուծության հոգեբանական պատճառները, որպես կանոն, պայմանավորված են նրանով, որ զույգից մեկը կամ էլ երկուսը զգում են, որ իրենց անձնական երջանկությունն ու սերն այլևս անհնար է այդ ամուսնական կյանքում: Երբեմն ամուսնալուծությունը փակուղուց դուրս գալու միակ ելքն է: Եթե գոյություն ունի ամուսնություն, ապա պետք է գոյություն ունենա նաև ամուսնալուծություն:

Ամուսնալուծությունն ընտանքում վրա չի հասնում հանկարծակի։ Երբ ամուսիններն իրենց բաժանման պատճառները թվարկում են, կարելի է նկատել, որ այդ պատճառներն այլ, ավելի վաղ առաջ եկած խորքային պատճառների հետեւանք են, այսինքն՝ զույգը միշտ չէ, որ անհրաժեշտ ուշադրություն է դարձնում սկզբնապատճառի վրա։ Դրանք շատ տարբեր կարող են լինել՝ ընտանիքում բարոյահոգեբանական ներդաշնակության կորուստ, կամ տնտեսական խնդիրներ, արժեքային համակարգի տարաձայնություններ, եւ այլն, ինչպես նաեւ փոխադարձ դժգոհության ու թշնամանքի դրսեւորում, ինտիմ խնդիրներ, հակակրանքի, զայրույթի կամ ատելության զգացումներ…

Բաժանվող ամուսինների անհանգստության աստիճանը կախված է այդ որոշման անսպասելիությամբ:Ամենամեծ տրավման ստանում է նա, ում առաջարկում են բաժանվել:Սակայն ոմանց համար բաժանումը ցանկալի երևույթ է, որն ազատում է ամուսնալուծվողին սահմանափակումներից, հոգեկան ցնցումներից, պարտականություններից` առաջացնելով թեթևության զգացում:

Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:

******************************

Ծնողների ամուսնալուծությունից տուժում են նաև երեխաները, սակայն միայն երեխաների պատճառով պահպանել ընտանիքը խորհուրդ չի տրվում: Ծնողների մշտական վեճերը երեխաներին ավելի մեծ ցավ են պատճառում, քան ամուսնալուծությունը: Դրանից հետո ծնողների և երեխաների հարաբերությունները կարող են նույնիսկ բարելավել: Երեխաների վերաբերմունքն ամուսնալուծության նկատմամբ կախված է նրանից, թե ինչպես են ծնողները կարողանում կարգավորել իրենց կոնֆլիկտները: Երեխաներին պետք է հայտնել ծնողների բաժանման մասին` պահպանելով ծնողներին պարբերաբար տեսնելու հնարավորությունը: Երեխան պետք է հասկանա, որ նա չէ բաժանման պատճառը և չպետք է  ծնողներից որևէ մեկի կողմն անցնի:

Վերջին հետազոտությունները, որոնք արվել են ամուսնալուծված ծնողների երեխաների հետ, ցույց են տվել, որ երեխայի զարգացումը ավելի բարեհաջող է ընթանում, եթե ծնողները բաժանումից հետո պահպանում են բավականին մտերմիկ հարաբերություններ: Շատ կարևոր է, որ երեխան ունենա երկու ծնողների հետ պարբերաբար շփման հնարավորություն: Միայն այդպես կարելի է ապահովել երեխայի հոգեբանական ու հուզական բնականոն զարգացումը:

Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:

********************************

Ապահարզանի դիմում են ավելի հաճախ կանայք, քան տղամարդիկ: Սակայն, դրա հետ մեկտեղ, տղամարդիկ հաջորդ անգամ ավելի շուտ են ամուսնանում: Ամենից հաճախ ամուսնությունները քայքայվում են ամուսնությունից 11-20 տարի անց: Այդ ժամանակ ծնողներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քանի որ երեխաներն արդեն համեմատաբար ավելի հասուն են լինում, թեև մարդիկ ամուսնալուծվում  են նաև ամուսնությունից  3-4 տարի անց:

Չնայած ամուսնալուծության պատճառների բազմազանությանն ու տարբերությանը` հիմնական պատճառը մնում է այն, որ մարդիկ այլևս իրենց երջանիկ չեն զգում միասին ու չեն ցանկանում ապրել միմյանց հետ: Իսկ այն, թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել, կարևոր է իմանալ` հետագայում այդ ամենից խուսափելու և ուրիշի հետ նույն սխալը չկրկնելու համար:

Ամուսնալուծությունն ազդում է նախկին միասնական ընտանիքի բոլոր անդամների և հատկապես երեխաների հոգեվիճակի ու վարքի դրսևորման վրա: Անհերքելի փաստ է որ, երեխաների վրա ծնողների ամուսնալուծության բացասական ազդեցությունը, որպես կանոն, ավելի խորն ու երկարատև է լինում: