Մի գավաթ անդորր(139.Հիպերակտիվություն)
Բարի օր սիրելի բարեկամներ: Գերակտիվություն կամ հիպերակտիվություն, այս թեմայի մասին շատ է խոսվել: Այսօր մեր հյուրի ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյանի օգնությամբ փորձելու ենք պարզել հետաքրքիր նորություններ: Հիշեցնենք, որ որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Ընկերակցեք մեզ:
Երեխայի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը։
Որպես կանոն, նման երեխաների քունը լինում է անհանգիստ, շատ են լաց լինում, արթուն ժամանակ գերակտիվ են, դյուրագրգիռ, զգայուն արտաքին ցանկացած ազդակի նկատմամբ (լույս, ձայն)։
Հիպերակտիվ երեխաների համբերությունը չի բավականացնում, որպեսզի հեքիաթը մինչև վերջ լսեն կամ խաղան անաղմուկ խաղեր, որոնք պահանջում են կենտրոնացում ինչ-որ կառուցողական առաջադրանքի շուրջ։ Նրանք չեն կարող մեկ րոպեից ավելի լուռ մնալ, միշտ աղմկում են, գոռում, վազում, ակտիվ շարժվում։
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
***
Իրավիճակն առավել բարդանում է, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Պարապմունքները պահանջում են նստակյացություն, իսկ նման երեխաներն անընդհատ շարժման, աղմուկի մեջ են, շեղում են հասակակիցների ուշադրությունը, խանգարում դասընթացին։
Հիպերակտիվ երեխաների հետ շփման մեջ կարևոր դրույթ է խնդրի կամ հարցադրման հստակ արտահայտումը։ Եթե ցանկանում եք, որպեսզի երեխան կատարի ձեր խնդրանքը, ապա ձևակերպեք այն հնարավորինս հստակ և հակիրճ` օգտագործելով ամենաշատը տասը բառ։ Խորհուրդ չի տրվում երեխային տալ միանգամից մի քանի հարցադրում կամ հրահանգ:
Ուշադրության պակասն ու հիպերակտիվությունն այժմ շատ տարածված է երեխաների շրջանում: Նման վարքագծով երեխաները սովորաբար անուշադիր են, կապրիզներ ունեն, ուսումնական ու հասարակական կյանքում դժվարություններ են ունենում: Ի դեպ, տղաների մոտ այս ախտանիշների զարգացման վտանգն ավելի մեծ է, քան աղջիկների:
Հետազոտողները ուսումնասիրություն են անցկացրել 8-12 տարեկան 52 տղաների շրջանում: Նրանցից 29-ի մոտ եղել են նշված ախտանիշները: Նրանց խնդրել են լրացնել թեստերը, ապա գաղտնի նկարահանել են:
Առաջադրանքը կատարելիս այն երեխաները, ովքեր շարժվել են, ավելի լավ են լրացրել թեստերը, քան հանգիստ նստածները: Գիտնականներն էլ եզրակացրել են, որ շարժումը նման երեխաներին պետք է լավ սովորելու համար: Այն օգնում է մշակել ու յուրացնել ինֆորմացիան:
Լսենք հոգեբան Անուշ Ալեքսանյանին:
***
Եթե երեխան անդադար վազվզում է բնակարանում, գոռում է բարձր ձայնով, գլորվում, ձեռքերով և ոտքերով անկանոն շարժումներ է անում, չի լսում, թե ինչ եք դուք իրեն ասում, ապա բռնեք նրան, գրկեք և ցածր ձայնով առաջարկեք խաղալ:
Կարող եք խաղալ "Կանգ առ - Շարժվիր" խաղը: Այս խաղի տարբերակները շատ են: Օրինակ, երեխան, լսելով շարժվիր կամ ցերեկ հրահանգը, սկսում է խաղալ, վազել, թռչկոտել, իսկ երբ լսում է կանգ առ կամ գիշեր հրահանգը` ձևացնում է, թե քնած է: Կամ փոքրիկը կարող է պատկերացնել, թե ինքը մուկ է, որը վազում և խաղում է, մինչև կլսի կատուն եկավ հրահանգը:
Առաջարկեք փոքրիկին հանդես գալ վագրի դերում, որը դուրս է եկել որսի: Նա պետք է երկար ժամանակ անշարժ նստի թաքստոցում, ապա թռչի և որսա ինչ-որ կենդանու: Կամ երեխայի հետ միասին բռնեք երևակայական թիթեռների, որոնց պետք է մոտենալ զգույշ և դանդաղ:
Խնդրեք երեխային կատարել մի բարդ գործողություն, որը պահանջում է ուշադրության կենտրոնացում: Օրինակ, տվեք նրան մի պատկեր և հանձնարարեք մատի շարժումով գտնել այնտեղից դուրս գալու ճանապարհը կամ հանձնարարեք թելով կապված մեքենան անցկացնել գծված ճանապարհով` դուրս չգալով գծերից: Կատարման համար նրան տվեք մրցանակ:
Առաջարկեք խաղալ հետևյալ խաղը. դուք ասում եք ինչ-որ բառ, իսկ երեխան փորձում է այն արտասանել ավելի բարձր, քան դուք: Իսկ հետո խնդրեք երեխային արտասանել բառը ավելի ցածր, քան դուք:
Վերցրեք մի անձեռոցիկ կամ տերև և գցեք այն վեր: Ասացեք երեխային, որ մինչ անձեռոցիկը ընկնում է` անհրաժեշտ է բարձր ծիծաղել, իսկ երբ այն կհասնի գետնին` պետք է անմիջապես լռել: Խաղացեք խաղը երեխայի հետ միասին: