Փետրվար 17, 2019 16:59 Asia/Yerevan

Բարի օր սիրելի բարեկամներ: Այսօրվա մեր թեման համարվում է ամենաքննարկվողներից : Երեխային պատժելու ճիշտ և սխալ մեթոդների մասին կարելի է խոսել բազմաթիվ անգամներ: Ասելիքները շատ են, թեման էլ չափազանց կարևոր:  Հաղորդման հյուրն է Կարինե Խաչատուրյանը : Որպես աղբյուր օգտվել ենք «Փսիլայֆ oնլայն» ռադիոյի «Տարիքի գաղտնիքները» հաղորդաշարից: Մնացեք մեզ հետ:

 

Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակության ամենակարևոր մեթոդներից:

Ահա և պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները:

 

Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,

Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,

Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,

Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,

Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Եթերում հոգեբան Կարինե Խաչատուրյանն է:

........................................

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար:

Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ:

Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է:

Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից:

Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը:

Տանը ստեղծեք «չմտածված արարքների անկյուն», որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցույց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Եթերում մեր ունկնդիրենրից ՝ Արմինեն է, որ մայր է և ունի նաև հոգեբանական կրթություն:

--------------------

Երեխային կարելի է պատժել միայն ու միայն նախօրոք պայմանավորված կանոնների խախտման համար: Օրինակ՝ երեխային հանձնարարություն եք տվել եւ նա չի կատարել՝ ստանում է իր պատիժը: Եթե նախօրոք չեք պայմանավորվել, ուրեմն երեխային պատժել չեք կարող: Եթե նույնիսկ պատժեք էլ, ապա դա ոչ մի դրական հետեւանք չի ունենա:

Պատժել երեխային այն բանի համար, որ նա հնարամիտ է, հավասարազոր է նրա ապագա հաջողության վրա քար գցելուն: Առանց զգուշացման արված պատիժը երեխայի համար անհասկանալի է եւ սովորեցնում է նրան, որ աշխարհն անարդար է: Այդ պատճառով ընտրեք ձեզ համար կարեւոր մի քանի կանոն (ոչ այնքան շատ եւ կապված հիմնականում երեխայի անվտանգության հետ), դրանք հստակ բացատրեք երեխային եւ պատժեք միայն դրանք խախտելու համար:

Դժվար է ասել, թե որտեղ է այն սահմանը, երբ պատիժը դառնում է ոչ թե երեխային կարգուկանոն սովորեցնելու միջոց, այլ մեծահասակի ինքնահաստատման ձեւ, բայց եթե նկատել եք, որ «կպատժվես», «պատիժ» արտահայտությունները հաճախակի եք օգտագործում, ուրեմն սխալը փնտրեք ձեր մեջ: Ամեն օր, թեկուզեւ տարբեր բաների համար երեխային պատժելը արդեն իսկ շատ է: Այն պիտի լինի ծայրահեղ միջոց եւ  եթե երեխային պատժելու առիթները հաճախակի են, ուրեմն պիտի լրացուցիչ ջանք թափեք, որպեսզի կանխեք կարգը խախտելը: Իհարկե, սա ավելի շատ եռանդ ու ժամանակ է պահանջում, քան արդեն իսկ արված բանի համար պատժելը: Ավելի լավ է այդ ջանքը, եռանդն ու ժամանակը ծախսեք այն ժամանակ, երբ երեխան դեռ փոքր է, քան սպասեք մեծանա, քանի որ այդ դեպքում պահանջվող ռեսուրսները կկրկնապատկվեն, իսկ որոշ դեպքերում էլ արդեն ուշ կլինի: 

Երեխաներին պատժելիս նրանց վերաբերվեք սիրով եւ կարեկցանքով:

Ոչ մի դեպքում չի կարելի պատժել, երբ բարկացած եք կամ նյարդայնացած: Շունչ քաշեք, հանգստացեք, հետո միայն անցեք գործողությունների: Երեխայի հետ խոսեք սիրով, կարող եք նրան գրկել, փաղաքշել: Ամեն կերպ ցույց տվեք, որ նրան պատժելը ձեզ համար տհաճ է, բայց դուք ստիպված եք, քանի որ երեխան խախտել է կանոնը ու պիտի կրի դրա հետեւանքները: Երեխաներն այսպիսով սովորում են հարգել կանոնները եւ հետագայում մեծանում են որպես օրինապաշտ քաղաքացիներ: