Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Նախ հայացք կնետենք Հայաստանին վերաբերող լուրերին:
Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:
Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմավոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Նախարար Մնացականյանն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
----------------------------------------
Իրանը գործնականում հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում: Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
«Ընդհանրապես, Իրանի դիրքորոշումն այս հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է»,-ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել իրանահայերի ներուժը հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար, դեսպանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ իրանահայ համայնքի զգալի մասն այս երկրում ապրում է հազարամյակներով եւ նրանք Իրանի օրինապաշտ ու արժանապատիվ քաղաքացիներն են: Նրանք մեծ վաստակ ունեն եւ՛ գիտության ու կրթության, եւ՛ մշակույթի, եւ՛ տնտեսության զարգացման, ինչպես նաեւ երկրի պաշտպանության ամրապնդման գործում եւ դրա համար մեծ հարգանք են վայելում:
Հայ համայնքի անդամները լավագույն կերպով իրականացնում են մի կարեւոր առաքելություն եւս: Նրանք նվիրված են Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործին ինչպես իրենց անձնական գործունեությամբ, այնպես էլ ընդհանրապես հայաստանցիների եւ իրանցիների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն աջակցելու առումով:
Այս իմաստով նրանք մեծապես օգնում են հայաստանյան եւ իրանական պետական եւ հասարակական մարմիններին, այդ թվում՝ Երեւանում եւ Թեհրանում գործող դեսպանություններին»:
-----------------------------
Փետրվարի 27-ին պաշտոնական այցով Թեհրան կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը չափազանց կարևոր է , քանի որ և՛ Հայաստանում է տեղի ունեցել իշխանափոխություն, և՛ Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ ստեղծվել է որոշակի նոր, բայց իրականում հին իրավիճակ։
Այս տեսակետն է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի Իրան սպասվելիք այցին։
-------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
ՀՀ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:
----------------------------
ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն Noble Partner («Արժանի գործընկեր») ու Agile Spirit («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժություններին, որոնք անցկացվում են Վրաստանում (ՆԱՏՕ–ի հովանու ներքո. խմբ.)։ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այս մասին անցած շաբաթ հայտարարեց Երևանում հայ գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, և սա նաև պարոն Տոնոյանի վաստակն է, որ Հայաստանի ԶՈւ–ն, հատկապես 2018–ին և այլ տարիներին մասնակցել ու մասնակցելու են Noble Partner («Արժանի գործընկեր») ու Agile Spirit («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժություններին։ Զորավարժություններն այս տարի էլ կանցկացվեն», – ասաց Իզորիան։
Վրացի նախարարի խոսքով` սա ներդրում է տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցում։
Իզորիան հայտնեց նաև, որ իր գործընկերոջ հետ քննարկել է 2019 թվականի պաշտպանական ոլորտի համագործակցության ուղղությունները։
Հիշեցնենք` հայ զինծառայողները 2017 թվականից մասնակցել են Վրաստանում անցկացվող Noble Partner («Արժանի գործընկեր») ու Agile Spirit («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժություններին ։ 2015 թվականին Հայաստանը որպես դիտորդ է մասնակցել զորավարժություններին։ Վերջին անգամ հայ զինվորականները մասնակցել են Noble Partner զորավարժություններում 2018 թվականին։
Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան Երեւանում նաև ստորագրեցին 2019 թվականի համագործակցության ծրագիրը:
--------------------------
Հայաստանը նախատեսում է ռուսական 4 Սու-30ՍՄ ստանալ 2019-ի վերջին-2020-ի սկզբին, Երեւանն ընդհանուր կցանկանար գնել 12 այդպիսի մեքենա, երկուշաբթի IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ օդանավերի հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան արագ պատրաստ կլինի այս արտադրանքը. այնտեղ կան ներմուծման փոխարինման խնդիրներ եւ այլն: Մենք նախատեսում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդի սկզբին»,- ասել է նա:
Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ հայկական ռազմական գերատեսչությունն այդպիսի քանի՞ մեքենա կցանկանար գնել, Տոնոյանը նշել է, որ խոսքը մեկ էսկադրիլայի մասին է (12 օդանավ):
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Երեւանը ծրագրում է ՌԴ-ից գնել 4 Սու-30ՍՄ: ՊՆ-ից նաեւ հայտնել էին, որ նախկինում ռուսական կողմի տրամադրած 100 մլն դոլար վարկի շրջանակում սպառազինության ձեռքբերման գործընթացը իրականացման փուլում է:
--------------------------
Վրաստանի իշխանությունները 2019 թվականի հունվար ամսին այլ երկրների շուրջ 1500 քաղաքացիների այդ երկիր մուտք գործելու վիզա չի տվել:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ անցած ամսվա ընթացքում Վրաստանի իշխանությունները չեն թույլատրել 124 ադրբեջանցի և 116 թուրք քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք:
Հունվար ամսին մուտքի վիզաների տեսակետից սահմանափակությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 50 տոկոս մեծացել է: Վիճակագրական այս թվերն ապացուցում են, որ Թբիլիսիի իշխանությունները ԵՄ-ի հետ ասոցացվելու շրջագծում փորձում են հարգել եվրոպական բոլոր ստանդարտները: Նկատի առնելով, որ Վրաստանի քաղաքացիների ԵՄ մուտք գործելու համար դյուրություններ են նկատի առնվել, աշխարհի այլ երկրների շատ քաղաքացիներ փորձում են այս երկրի տարածքով եվրոպական հարուստ երկրներ անցնել, ինչն էլ փորձ է կատարվում կասեցնել: