Մարտ 11, 2019 02:11 Asia/Yerevan

Թավրիզը դարեր ի վեր եղել է մեծանուն հոգևորականների ու մտավորականների քաղաք, որոնցից յուրաքանչյուրը դաստիարակել են հազարավոր աշակերտեր կրոնական գիտությունների ոլորտում և արժեքավոր գրավոր ժառանգություն են թողել: Վեհ մարդիկ, որոնք տարածել են իսլամն ու այդ կրոնի ուսուցումները: Այդ մտավորականներից են՝ Մոհամմեդ Թաղի Ջաֆարին, Սեյեդ Մոհամմեդ Հոսեյն Թաբաթաբային ու Աբդոլհոսեյն Ամինին: Այսօրվա զրույցում կծանոթանանք այս երևելի դեմքերի հետ:

Ալլամե Աբդոլհոսեյն Ամինին ծնվել է 1902թ. Թավրիզում, բարեկիրթ ընտանիքում:Նա մանուկ հասակում ևս մեծ տաղանդ ու ուշիմություն է դրսևորել և զարմանալիորեն արագ ըմբռնել է կրոնական ու հոգևոր հարցերը : Նա սկզբում աշակերտել է իր հորը: 16 տարեկանում ուսումը շարունակելու նպատակով, մեկնել է Նաջաֆ և մինչև 32 տարեկանը սովորել է մեծանուն հոգևորականների մոտ: Ալլամե Ամինին իսլամի կրոնական գիտությունների ոլորտում Մուջթահեդի կոչման է արժանացել: Նա իր ժամանակի մեծ մասը հատկացրել է ուսումնասիրության և մեծ մասնագետ է եղել կրոնական, պատմական ոլորտներում:

Ալլամե Ամինի

Ալլամե Ամինին այն համոզման էր, որ արարչության հիմքը հանդիսանում է սերը: Նա ասում էր, որքան մեծ լինի Աստծո նկատմամբ սերը, այնքան մարդը հեռու է լինելու մեղքերից: 

Իսլամական գիտություններում Ալլամե Ամինին առաջատար է եղել: 35 տարեկանում լույս է տեսնում «Առաքինության ճանապարհի նահատակները» խորագրով նրա առաջին գիրքը, նրան բարձր են գնահատում ժամանակի գիտնականներն ու հոգևորականները, այդ թվում Շեյխ Աղա Բոզորգ Թեհրանին և Շեյխ Մոհամմեդ Խալիլ Ամելին:

Ալլամե Ամինին իր արգասաբեր կյանքի 40 տարիները նվիրել է ուսումնասիրության և իսլամ աշխարհին է ընծայել «Ալ-Ղադիր» գիրքը, որը հանդիսանում է նրա գլուխգործոցը: Այդ գրքում պարզաբանվել են Ղադիրե Խոմի դեպքի իրողությունները: Ալլամե Ամինին Հազրաթ Ալիին համարում է մարգարեից հետո՝ մուսուլմանների առանցքը և այդ մոտեցումը ներկայացրել է Ալ-Ղադիր գրքում:

Ալ-Ղադիր գրքի նյութերը ի մի բերելու համար Ալլամե Ամինին բազում շրջագայություններ է կատարել և հանդիպել է մեծ թվով դասախոսների ու հոգևորականների: Նա այցելել է Հնդկաստանի Հեյդար Աբադ, Դեքան, Ալիգերե, Լաքանհու և Ջալալի քաղաքները, Եգիպտոսի Կահիրե և Սիրիայի Հալեպ, Նուբլ և Դամասկոս քաղաքները: 

Նա անխոնջ տքնությամբ ուսումնասիրում էր մարգարեի տոհմի մասին գրված ձեռագիր մատյանները: 

Այդ խիստ աշխատասիրության պատճառով Ալլամեն իր կյանքի վերջին տարիներին կորցնում է իր ֆիզիկական առողջությունը և 1970թվին կնքում է իր մահկանացուն:

Ալլամե Ամինիի դամբարանը գտնվում է Նաջաֆում՝ Ալի Էմիրապետի դամբարանի կողքին:

Թավրիզի մյուս մեծանուն դեմքերից է Ալլամե Սեյեդ Մոհամմեդ Հոսեյն Թաբաթաբային: Նա ծնվել է 1902թ. Թավրիզում, առաքինի մի ընտանիքում: Մանկուց նա կորցնում է իր ծնողներին և երկար տարիներ տառապում է նրանց կորստի վշտով: 

Դպրոցական տարիներին Ղուրանից բացի նա սովորում է Սաադիի Բուսթան և Գոլեսթան, Ախլաղ Մոսավար, Թարիխ-ե Մոաջամ, Էռշադ Ալ-Հեսաբ, Նեսաբո Ալ-Սաբիան և իր ժամանակի տարածված մյուս գրքերը: Ալլամե Թաբաթաբային իր ծննդավայրում ուսանում է քերականություն, հռետորաբանություն և ավելի բարձր մակարդակում սովորում է ֆիկհ, սկզբունքներ, փիլիսոփայություն և աստվածաբանություն:

Ալլամե Թաբաթաբային

Ալլամե Թաբաթաբայիի ստեղծագործություններից երկուսը  ավելի մեծ ուշադրության են արժանացել: Այդ գրքերից մեկն է Ալ-Միզան մեկնաբանությունը, որը գրված է 20 հատորում, արաբերեն լեզվով: Այդ գրքում ասվում է, թե ինչպես մեկնաբանել Ղուրանը: Առանձին բաժիններում նկատի առնելով այաների թեման, քննարկվել են պատմական, աստվածաբանական, փիլիսոփայական և սոցիալական հարցեր:

1954 թ. նա սկսել է գրի առնել Ալ-Միզան մեկնաբանությունը, որը տևել է 17 տարի: Դա մի հետաքրքիր ստեղծագործություն է, որի նմանը մինչ օրս չի գրվել: Նահատակ Մորթեզա Մոթահարին այդ գրքի մասին ասել է.«Ալ-Միզանը խորը մտածողությամբ է գրված: Համոզված եմ, որ գրքի թեմաներից շատերը երկնային ոգեշնչումների արդյունքում են գրված: Շատ քիչ է պատահել, որ իսլամական ու կրոնական հարցի պատասխանը չեն գտել այդ գրքում»:

Թաբաթաբայիի մյուս կարևոր ստեղծագործությունն է՝ «Փիլիսոփայության սկզբունքները և ռեալիզմի մեթոդը»: Գիրքն ընդգրկում է 14 փիլիսոփայական հոդվածներ, որոնք բացատրվել են դկտ. Մորթեզա Մոթահարիի կողմից, համեմատական փիլիսոփայության մոտեցմամբ: Այս աշխատությունը մեկն է այն կարևոր գրքերից, որոնք վերաբերում են փիլիսոփայական հարցերին, հաշվի առնելով իսլամական փիլիսոփայության և արեւմտյան փիլիսոփայության մոտեցումները:

Ալլամե Թաբաթաբայիի մնայուն ստեղծագործություններից է նրա բանավեճերը ֆրանսիացի անվանի իսլամագետ,փիլիսոփա՝ պրոֆեսոր Հենրի Կորբինի հետ: Կորբինի և Թաբաթաբայիի միջև քննարկումներն սկսվել են 1957թ. և ավելի քան 20 տարի շարունակվել են: Այդ քննարկումների ու բանավեճերի արդյունքները հրապարակվել են պարսկերեն, արաբերեն, ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով:

Ալլամե Թաբաթաբային մահացել է 1981թվականին:

Ալլամե Թաբաթաբայի

Երրորդ դեմքը որին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում Ալլամե Մոհամմեդ Թաղի Ջաֆարին է: Նա Թավրիզի և Արևելյան Ատրպատական նահանգի երևելի դեմքերից է:

Մոհամմեդ Թաղի Ջաֆարին ծնվել է 1925թ. Թավրիզում: Իր ծննդավայրում սովորելուց հետո, մեծանուն հոգևորականների ու մուջթահեդների մոտ ուսանել է իսլամական գիտություններ Թեհրան, Ղոմ և Նաջավ Աշրաֆ քաղաքներում:

Նա գրքեր է հեղինակել ֆիկհի, քաղաքական գիտությունների, հոգեբանության, դաստիարակչական գիտությունների, իսլամական ուսմունքների, փիլիսոփայության և արվեստն իսլամում թեմաների շուրջ: Ալլամե Ջաֆարին փորձել է  ճիշտ ըմբռնել Ալի Էմիրապետի խոսքը և լավագույն կերպով փոխանցել: Նրա գլուխգործոցներից են եղել «Նահջ-օլ-բալաղա»-ի մեկնաբանությունը, որը լույս է տեսել 27 հատորում, պարսկերեն լեզվով:

Ալլամե Ջաֆարին ուսումնասիրել է նաև Մոլանայի գաղափարները և համեմատել է արևելյան ու արևմտյան գաղափարախոսությունների հետ: Այդ աշխատասիրությունը գրի է առել «Մոլավին և աշխարհայացքները» գրքում: Նա մեկնաբանել է նաև Մոլավիի Մասնավի գիրքը և նրա 15 հատորանոց գիրքը հանրագիտարան է, որտեղ անդրադարձել է իրանցի մեծանուն բանաստեղծ, մտավորական Մոլանա Ջալալեդդին Բալխիի մտքերին ու գաղափարախոսությանը:

Ալլամե Ջաֆարին գիտական բանակցություններ է ունեցել տարբեր երկրների գրողների ու մտավորականների հետ, որոնցից ավելի քան 50-ը հրապարակվել են «Գաղափարների եռանդ»՝ (Թաքափույե անդիշեհա) երկհատոր գրքում: Ալլամե Ջաֆարին գիտական թեմայով նամակագրություններ է ունեցել բրիտանացի անվանի փիլիսոփա՝ Բերթրան Ռասելի հետ: Այդ նամակագրություններում Ալլամե Ջաֆարին քննադատել է Ռասելի որոշ տեսությունները: Այդ նամակագրությունները բազմիցս լույս են տեսել: Ալլամե Ջաֆարին «Մտքերի ճակատագիր» գրքում վերլուծել է բրիտանացի մաթեմաթիկոս՝ Ալֆրեդ Նորթ Ուայտհեդի տեսությունները:

Նա գրքեր է հեղինակել Արևմուտքի պոզիտիվիստական  ու նեո-պոզիտիվիստական աշխարհայացքների մասին: Նա վերլուծական ու քննադատական գրքեր է հեղինակել Կանտի, Հեգելի, Դեկարթի և Դեյվիդ Հյումի տեսությունների մասին:

Ալլամե Մոհամմեդ Թաղի Ջաֆարին մահացել է 1988թվականին:

 

Պիտակ