Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Անցած շաբաթ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:
Ողջունելով Վրաստանի նախագահին և շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում: Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խորը և շատ շահավետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը: Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միայն աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նաև հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
------------------------
Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով երկու երկրի էլեկտրացանցերի միացման հեռանկարները:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հեռախոսազրույցի ժամանակ որոշել են երկու երկրի տնտեսական հանձնաժողովի եռօրյա նիստն անցկացնել Թեհրան և Սպահան քաղաքներում:
Արդաքանյանը և Նովակը նաև որոշել են 2019 թվականի մայիսին Թեհրանում Իրանի և Հյուսիսային Կովկասի միջև առևտրա-տնտեսական համագործակցության թեմայով համագումար անցկացնել:
Հայաստանն արդեն հայտարարել է, որ շահագրգռված է ներգրավվելու Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերում:
----------------------
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ խոսել է բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում: Եթե նրանք որևէ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք կհարգենք այն: Դա ոչ միայն մեր, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումն է: Ես նաև խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մարտի 9-ին արված համանախագահների հայտարարության վրա, որտեղ բավական հստակ ներկայացված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի հետ կապված»,- ասաց Զախարովան:
Մարտի 9-ին տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին, վերահաստատեցին, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն:
Համանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետք է լինեն հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության:
------------------
«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն այլ հարթակ տեղափոխելու առաջարկը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համարում է վտանգավոր։
------------------
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետն ասել է.«Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ), որպես Հայաստանի կարևոր գործընկեր շարունակելու է այս երկրի ռազմական կարողությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը»:
Երևանում երկուշաբթի օրը «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկի առիթով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համատեղ նախագծերին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ասել է.«Այս գերատեսչությունն ընդլայնում է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»:
Նա հստակեցրել է.«ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկեր, և այս երկրի պաշտպանական ոլորտում համագործակցության մեջ զգալի բաժին ունի»:
«Ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակում ենք ակտիվ երկխոսությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակում ենք համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ունենք մի քանի տասնյակ ուղղություններ, նպատակներ, որտեղ ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է խորհրդատվական, փորձագիտական օժանդակություն և օգնում է մեզ պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում բարեփոխումներ իրականացնել»,- ասել է Այվազյանը:
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսին այդ հանդիպման ժամանակ նշել է.«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընդլայնումը ներառված է այս դաշինքի օրակարգում»:
ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Այս երկիրը փորձում է միջազգային կառույցների ու մեխանզիմների միջոցով պահպանել ուժերի հավասարակշռությունը հայ-ադրբեջական հակամարտության մեջ:
Ադրբեջանը ևս օժտված է ՆԱՏՕ-ին անդամակցելու առավելություններով: Ընդ որում, Բաքուն հայտարարել է, որ մասնակցելու է Վրաստանում առաջիկա շաբաթ անցկացվելիք զորավարժությանը: Նման պայմաններում կարող է ՆԱՏՕ-ն կարողանա որպես միջնորդ հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության հարցում և իր ազդեցությունը բանեցնել այս ճգնաժամի կարգավորման համար
Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ն առ այսօր չի կարողացել կառուցողական դիրքորոշում որդեգրել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն այս ճգնաժամի կապակցությամբ մոլորության մեջ է, ինչը թույլ չի տալիս նրան ճիշտ միջնորդություն իրականացնել հակամարտության կարգավորման համար:
Մինչ այսօր ՆԱՏՕ-ն առավել քան երբևե փորձել է այնպիսի դիրքորոշում որդեգրել, որով կարողանա գոհ պահել երկու երկրին:
----------------------------------
Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական գնումները 15 տոկսով աճել են:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային հաստատության զեկույցում ասված է, որ Ռուսաստանը 51 տոկոսով գլխավորում է Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրների ցուցակը: Ադրբեջանին զենք վաճառողների ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Սիոնիստական ռեժիմը՝ 41 տոկոսով և Թուրքիան՝ 8 տոկոսով: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավակնել էր, որ իր երկրի բանակը տեղ է զբաղեցնում աշխարհի 50 հզոր բանակների ցուցակում: Ադրբեջանի սպառազինության գնումներն այն պայմաններում են 15 տոկոս աճ արձանագրել, երբ Համաշխարհային բանկն այդ երկրին կոչ է արել ինֆլյացիան սանձելու համար արժութային կարծր քաղաքականություն գործադրել:
Վերջին տարիներին Ադրբեջանի սպառազինական գնումները հանգեցրել են Կովկասի տարածաշրջանում սպառազինական մրցակցության աննախընթաց խստացման: Հարավային Կովկասի տարածաշրջանում գտնվող այս երկրի ռազմական գնումները Հայաստանին նույնպես մղել են նման քայլի դիմել: Անկասկած ռազմական նոր գնումները չեն կարող սատարել երկու հակամարտող երկրների միջև առկա հարցերի կարգավորմանը: Միևնույն ժամանակ տնտեսական դժվարություններ դիմագրավող Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու փոքր երկրներում սպառազինության կուտակումը նրանց վնաս պատճառելով սրելու է առկա խնդիրները: