Մարտ 18, 2019 20:52 Asia/Yerevan
  • Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (20)

2018թ. Թավրիզը ճանաչվեց որպես իսլամական երկրների զբոսաշրջության մայրաքաղաք և առիթ ստեղծվեց հնագույն ու գեղեցիկ այս քաղաքի գրավչություններն ու հնարավորությունները ներկայացնելու համար: Պատմական, աշխարհագրական ու մշակութային պոտենցիալներից բացի, Թավրիզն իր գրկում աճեցրել է մեծ թվով արվեստագետներ ու մտավորականներ: Այս զրույցում կծանոթանանք Թավրիզի մի քանի անվանի բանաստեղծների հետ:

Թավրիզը և Արևելյան Ատրպատական նահանգն ունեն բազում գրողներ ու բանաստեղծներ և հենց այդ պատճառով էլ Թավրիզի «Մաղբարաթ Ալ-Շոարա»-ն՝ բանաստեղծների դամբարանը քաղաքի հետաքրքիր վայրերից է հանդիսանում: Այդ վայրում են թաղված շուրջ 400 իրանցի հանրահայտ գրողների ու գիտնականների աճյունները, ինչը վկայում է այն մասին, որ Թավրիզը գրողներ ու մտավորականներ դաստիարակող քաղաք է:

Շահրիար անունով հայտնի, Սեյեդ Մոհամմեդ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզիից բացի, որի մասին խոսել ենք նախորդ հաղորդումների ընթացքում, Թավրիզը մեծանուն դեմքեր է ունեցել պարսկերեն գրականության ու բանաստեղծություն ոլորտում, որոնցից մեկն է՝ Ղաթրան Թաբրիզին:

Ղաթրան Թաբրիզին պարսկերեն լեզվով բանաստեղծություններ գրած առաջին ազերիախոս բանաստեղծն է: Նա նաև Դարի լեզվով գրած առաջին ատրպատականցի բանաստեղծն է: Նրան կոչել են «Ֆախր ոլ-Շոարա»՝ բանաստեղծների պարծանք: Ղաթրան Թաբրիզին ծնվել է մթ. 11-րդ դարում Թավրիզի Շադիաբադում: Նրա ժամանակակիցներից է եղել Նասեր Խոսրո Ղոբադիանին, ով Թավրիզ այցելության ժամանակ, հանդիպել է Ղաթրանին: Ղաթրանն այդ պահին ուսումնասիրելիս է եղել Դամասկոսի բանաստեղծների ստեղծագործությունները և Նասեր Խոսրոն նրան օգնել է Դարի լեզվի հետ կապված խնդիրները լուծելու հարցում:

Ղաթրանը սովորել էր Խորասանի հաղորդավարությունը: Նա մեծ հմտություն ուներ գրական բոլոր ժանրերում և բանաստեղծական երևակայությունը նրա մոտ ուժեղ է եղել:

Ղաթրան Թաբրիզին նշանավոր դեմք է եղել Խորասանում և Իրաքի այլ քաղաքներում և արժանացել է վարպետի կոչման:

*************

Միրզա Մոհամմեդ Ալի Սաեբ Թաբրիզին Թավրիզի մյուս հեղինակավոր բանաստեղծներից է: Սաեբ Թաբրիզին ծնվել է 1592թ. Թավրիզում: Նա ապրել է Սեֆյանների ժամանակաշրջանում: Շահ Աբբաս առաջինի հրամանով, Սաեբ Թաբրիզին իր ընտանիքի հետ բռնի գաղթեցվել է և բնակություն է հաստատել Սպահանում, որտեղ սովորել է ժամանակի գիտությունները:

Նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով իր կյանքի երրորդ տասնամյակում Սաեբը Հնդկաստան մեկնեց և Շահ Ջահանի մոտ անձնավորություններից դարձավ: Այնուհետև մեկնեց Քաշմիր, Հարաթ, Քաբուլ և մեծ փորձ ձեռք բերելով Իրան վերադարձավ: Սպահանում Շահ Աբբաս երկրորդը նրան «Պոետ դափնեկիր» կոչում է շնորհել:

Սաեբն այն սակավաթիվ բանաստեղծներից է, որ կենդանության օրոք իր խոսքի համբավը տարածվեց Իրանում, Հնդկաստանում ու օսմանյան տարածքում և նրա խոսքի սիրահարները հեռու-մոտիկ վայրերից, ոմանք քայլելով Սպահան էին գնում, նրան տեսնելու համար:

Սաեբը այցելել է Մաշհադ, Ղոմ, Քաշան, Արդաբիլ քաղաքները: Շահ Աբբաս երկրորդի հետ այցելել է Մազանդարան և գովել է այդ տարածքի, հատկապես Բեհշահր քաղաքի հոգեզմայլ բնությունը:

Պատմական աղբյուրներում ասված է, որ Սաեբ Թաբրիզին մահացել է 1676թ. և աճյունն ամփոփված է Սպահանում գտնվող փոքր մի զբոսայգում, որի կողքի փողոցն կոչված է նրա անունով:

Սաեբ Թաբրիզի

Սաեբը մեծ սեր է ունեցել իրանցի բանաստեղծ, մտավորական Մոլանա Ջալալեդդին Բալխիի նկատմամբ և շուրջ հարյուր գազելներ է նվիրել նրան: Նա Մոլանային «հոգևոր գինու գավաթ», «հոգու վարպետ», «ճշմարտության արեգակ», «Սիրո ադամորդի» և այլ նման կոչումներով է դիմել: Նրան են վերագրում թուրքերեն լեզվով գրված քսան հազար բանաստեղծական երկտող: Նրա գրած երկտողերի քանակի մասին տարբեր կարծիքներ կան՝ 80 ից մինչև 300 հազար երկտող նրան են վերագրում:

Ինչպես ինքն է գրել իր բանաստեղծություններում և իր ժամանակակիցների վկայությամբ, Սաեբը հրեշտակային բնավորությամբ, համեստ ու բարի անձնավորություն է եղել: Նա այնքան ազնվաբարո խառնվածք ուներ, որ իր բանաստեղծություններում գովել ու փառաբանել է իր ժամանակակից բանաստեղծներին:

Սաեբը պարսկերեն պոեզիայի մեջ հնդկական ու սպահանական ոճի առաջատարներից է, որի մոտ ֆանտազիան շատ ուժեղ և հաճախ է օգտվել այլաբանությունից: Այլաբանության մեջ բանաստեղծը երկտողի առաջին մասում խոսում է բարոյական կամ միստիկ մի թեմայի շուրջ, իսկ երկրորդ մասում բնությունից, իրերից կամ որևէ զգալի պատկեր ներկայացնելով, պատճառաբանում է իր ասածը: Սաեբ Թաբրիզիի պոեզիայի այլաբանությունները ամենահայտնիներից են պարսկերեն պոեզիայում:

Նրա երկտողերց են՝

Պատի վերևում բուսնած փշից իմացա

Որ տմարդը մարդ չի դառնում մեծերի հետ նստելով

կամ՝

Մենք ողջ ենք, եթե չլինենք հանգիստ

Ալիք ենք և հանգիստը մեր վերջն է

********************

Փարվին Էթեսամին բուն անունով Ռախշանդե Էթեսամին ծնվել է 1907 թվականի մարտի 14-ին, Թավրիզում:Մանկուց իր հոր մոտ սովորել է պարսկերեն, անգլերեն ու արաբերեն լեզուները: Եվ հենց մանկական տարիքից բանաստեղծություններ է ասել հոր և մեծանուն գրողներ Դեհխոդայի և Մալեք ոլ-Շոարա Բահարի ցուցումներով:

Նրա լույս տեսած միակ գիրքը բանաստեղծությունների դիվանն է, որն ընդգրկում է 606 բանաստեղծություններ՝ որում ընդգրկված են ղասիդեներ, մասնավիներ և թամսիլներ:  Փարվինն իր բանաստեղծություններում արտահայտել է իր մեծ սերը հոր նկատմամբ, ոգի ու տաղանդը սովորելու նկատմամբ և բռնության մերժումը և իրավազրկվածների հանդեպ սրտակցությունը: Փարվինի բանաստեղծություններում անձնական դեպքեր չկան: Նրա ստեղծագործություններում չկա մի բանաստեղծություն, որով լինի ճանաչել բանաստեղծուհուն:

Փարվինի պոեզիայում շատ է երկխոսությունն ու հարց-պատասխանը: Նրա բանաստեղծությունների դիվանում երկխոսությունների ավելի քան 70 օրինակ կա, որոնք նրան առանձնացնում են պարսիկ մյուս բանաստեղծներից: Երկխոսություններ մարդկանց, կենդանիների ու բույսերի, տարբեր իրերի, այդ թվում թել ու ասեղի միջև: Փարվինը անձնավորելով, ֆանտազիայով ու այլակերպությամբ իր պատգամը փոխանցելու վարպետ էր:

Փարվին Էթեսամի

Փարվինի օրոք ստորագրվեց Սահմանադրության հրովարտակը, փլուզվեց ղաջարների դինաստիան, գահակալեց Ռեզա Շահն ու սկսվեց նրա 20-ամյա բռնատիրությունը և տեղի ունեցավ առաջին աշխարհամարտը: Փարվինը հետևում էր այդ իրադարձություններին: Փարվին Էթեսամին ապրել է մի ժամանակաշրջանում, երբ ամեն երկու կամ երեք տարին մի անգամ քաղաքական փոփոխություն էր տեղի ունենում: Օրաթերթի և զանգվածային հաղորդակցության այլ միջոցների սակավության պատճառով, Փարվինը միայն իր հոր միջոցով էր կարողանում ծանոթանալ քաղաքական հարցերին: Փարվինն իր բանաստեղծություններում անդրադարձել է բռնության մերժմանը, աղքատության դեմ պայքարին, արդարատենչությանն ու իդեալատենչությանը:

Իրանցի ժամանակակից հետազոտող՝ Մոհամմեդ Ռեզա Շաֆիի Քյադքանին «Հայելի ու լապտեր» գրքում Փարվինին ներկայացրել է, որպես առանձնահատուկ ոճով և Սահմանադրական հեղափոխությունից հետո, ամենաանկախ բանաստեղծուհին::Նա գտնում է, որ Փարվինի բանաստեղծությունները նոր շունչ ու իմաստ են պարունակում և հենց այդ առանձնահատկության շնորհիվ նա դառնում է վերջին հարյուրամյակում դասական ոճի ամենաանկախ բանաստեղծներից մեկը:

Փարվինն իր բանաստեղծություններում քննադատել է թագավորների ու հզորների բռնատիրությունը: Իր բանաստեղծություններում մեկում, բռնությունը՝ անպարկեշտության խորհրդանիշ է համարել: «Ով  Չարքաշ» բանաստեղծության մեջ, բանվորներին հեղափոխության կոչ է անում բռնակալների դեմ: «Դժբախտը» բանաստեղծության մեջ, Փարվինը պատկերում է աղքատությունը, իսկ «Որբի արցունքը» բանաստեղծության մեջ, նա կասկած է հայտնում ժամանակի կառավարության օրինականության նկատմամբ: Հետևաբար Փարվինի բանաստեղծությունների մեծ մասը քաղաքական երանգ ունեն և  որոշ քննադատներ նրան «բարոյականության ու քաղաքականության» բանաստեղծ են անվանել:

Մի քանի տարի է Փարվին Էթեսամիի անհատականությունն ու մատուցած ծառայությունները և  կանանց գրական առաջընթացը գնահատելու, հատկապես իսլամ աշխարհում ազգերի գրականության միջև համերաշխություն ստեղծելու և պարսկերեն գրականության ոլորտում երևլի կանանց ներկայացնելու նպատակով, Փավին Էթեսամիի գրական մրցանակը շնորհվում է կին գրողներին:

Կայանում է նաև Փարվին Էթեսամիի անվան ամենամյա կինոփառատոնը, որին մասնակցում են ֆիլմարտադրող կանայք: Փառատոնին մասնակցած ֆիլմերի թեմաներն են՝ կանանց դերը ընտանիքի հիմքերի ամրապնդման գործում, կանանց դերը ընտանիքի տնտեսության ապահովման գործում և ընտանիքը ֆինանսապես ապահովող կանայք: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Փարվին Էթեսամիի ծննդյան և մեծարման օրերին:

Փարվին Էթեսամին մահացել է 1941 թվականի ապրիլի 4-ին: Նրա մարմինն ամփոփված է Ղոմում գտնվող Հազրաթ Մասումեյի դամբարանի տարածքում գտնվող ընտանեկան գերեզմանատանը:

Պիտակ