Գեղարվեստական հաղորդում (169)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
«Արմենիա Արթ ֆեյր» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղի է ունենում 2-րդ տարին անընդմեջ իր շուրջ համախմբել է Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից տարբեր արվեստագետների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի «Արմենիա Արթ ֆեյր»-ին, որն անց է կացվում «Երևան էքսպո» կենտրոնում, ներկա է 35 մասնակից ցուցասրահ և համադրող:
Ցուցահանդեսը քաղաքացիների համար բաց է լինելու հունիսի 1-ին և 2-ին:
«Արմենիա Արթ ֆեյր»-ի համահիմնադիր Նինա Ֆստգջյանը նշեց, որ Հայաստանն ունի երազանքներ և «Արմենիա Արթ ֆեյր»-ն այդ երազանքների իրականացման համար պետք է կատալիտիկ դեր խաղա:
«Այս ցուցահանդեսը իրականացնում ենք Զարուհի Ուզունյանի հետ և մեզ համար շատ դժվար էր անցյալ տարի իրականացնել այդ միջոցառումը, սակայն այս տարի մեր բոլոր ուժերն ավելի ենք ուղղել Արթ ֆեյրի վրա: Այստեղ ցուցադրված են նկարներ, ժամանակակից արվեստի տարրեր և այլն»,- ասաց Ֆստգջյանը և ավելացրեց, որ 8 տարբեր երկրից մասնակից կա՝ Իրանից, Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և այլն:
«Արմենիա արթ ֆեյր»-ի համահիմնադիր Զարուհի Ուզունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս միջոցառումն իրենց համար շատ կարևոր իրադարձություն է:
«Արդեն 2-րդ տարին է որ իրականացնում ենք այս միջոցառումը: 2018 թվականին կար ընդամենը 19 մասնակից, իսկ այժմ 35-ն են: Մեր թիմի աշխատանքով կարողացանք հասնել նրան, որ տարբեր երկրների արվեստագետների ուշադրությունը հրավիրեցինք դեպի Հայաստան»,- նշեց և հավելեց, որ այս ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի շուկան ավելի հետաքրքիր դարձնել շահագրգիռ անձանց համար:
Բացման արարողությանը հաջորդեց նորաձևության ցուցադրությունը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Ամերիաբանկը:

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի բացմանը նշանավոր երաժիշտներ Մարտին Ֆրուտիգերը, Շմավոն Գրիգորյանը, Բլանկա Կերեկեշը, Ագատա Իգրասը Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր Դավիթ Ալեքսանդր Ռահբի) կատարեցին Հարությունյանի, Վիվալդիի, Շտրաուսի ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը, որի նպատակներից է երախտիքի խոսք ուղղել Ալեքսանդր Հարությունյանին և նոր շունչ հաղորդել նրա գործերին, մեկնարկեց մայիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Պատիվ եմ ունեցել ուսանել Մարտին Ֆրուտիգերի դասարանում: Նա եզակի արտիստ է, վարպետ, հեղափոխական երաժիշտ: Նրան հյուրընկալելը մեզ համար մեծ պատիվ է»,-նշեց ֆագոտահար, փառատոնի տնօրեն և գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը:
Անդրադառնալով Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ նա ասաց, որ փառատոնի շրջանակներից դուրս էլ միասին աշխատելու հնարավորություն է եղել: «Կամերային նվագախմբի հետ փորձել ենք կատարել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճախ չեն հնչել Հայաստանում: Փողային գործիքների տարածումն իրական է դարձել նաև Կամերային նվագախմբի միջոցով»,-ընդգծեց Գրիգորյանն ու հավելեց, որ իրենց մշտապես աջակցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Նվագախմբի կազմում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ով ասաց, որ իրեն շատ է դուր գալիս Հայաստանի մշակութային անցուդարձը, և ուրախ է, որ հայաստանյան բեմում հանդես գալու հնարավորություն ունի, այդ իսկ պատճառով բավականին լարված է:
Այս տարի փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը. համերգային ծրագրեր են նախատեսվում Գյումիրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Համերգներին հնչելու են ինչպես Ալեքսանդր Հարությունյանի, այնպես էլ այլ նշանավոր կոմպոզիտորների գործեր:
Փառատոնի շրջանակում Ցյուրիխի «Տոնհալլե», Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի բարձրակարգ երաժիշտները վարպետության դասեր են անցկացնելու տարբեր երաժշտական հարթակներում` իրենց գիտելիքները փոխանցելով երիտասարդ երաժիշտներին:
Փառատոնը, որն անցկացվելու է մայիսի 30-ից հունիսի 5-ը, իրականացնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հունիսի 15-24-ը Չինաստանում կայանալու է Շանհայի 22-րդ կինոփառատոնը, որտեղ կայանալու է «Սուսերով պարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի ռեժիսորը և սցենարի հեղինակն է խորհրդային տարիներից հայտնի Յուսուփ Ռազիկովը։ Ֆիլմն ընդգրկվել է «Միջազգային համայնապատկեր» մրցութային ծրագրում։
«Սուսերով պարը» պատմում է հայտնի կոմպոզիտոր Արամ Խարատրյանի հանրահայտ «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը ութ ժամում։ Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ) քաղաքում։
«Ես մանկուց հետաքրքրվում էի Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեությամբ։ Նրա գործերում կան անհավատալի ուժ, հզորություն և մեծություն։ «Սուսերով պարը» աշխարհում ամենահաճախ կատարվող ստեղծագործությունն է, որը յուրօրինակ էր 20-րդ դարի համար ոչ միայն իր հայտնիությամբ, նաև բովանդակությամբ։ Մենք ուրախ ենք, որ նաև չին հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատել մեր աշխատանքը և ընկղմվել բալետի և երաժշտության աշխարհ»,- ասել է Յ. Ռազիկովը։
Գլխավոր դերակատարն է Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանքում։
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:
«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):
«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյա Շառլ Ազնավուրին պատկանող արվեստի գործերը վաճառվելու են Փարիզում կայանալիք աճուրդում։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ աճուրդը կայանալու է հունիսի 4-ին, կազմակերպիչն է Christie's աճուրդային տունը։
Աճուրդում ներկայացվելու է բրոնզե երկու քանդակ։ Մեկը ֆրանսիացի նկարիչ Ժերմեն Ռիշեի (1902-1959) 1953 թվականին ստեղծած աշխատանքն է, ներկայացնում է ցլի գանգ և ցլամարտիկ։ Սա Ռիշեի՝ ցլամարտին նվիրված 11 աշխատանքից կազմված շարքից է։
Ազնավուրի հավաքածուի աշխատանքներից ևս մեկը՝ Սեզար Բալդաչինիի 1958 թվականին ստեղծած քանդակը նախնական գնահատվել է 60-80 հազար եվրո։

«Աշխարհի փրկիչը» կտավը հազիվ թե երբևէ ցուցադրվի Լուվրում, քանի որ թանգարանի փորձագետների մեծ մասը կասկածում են, որ նկարը պատկանում է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) վրձնին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Daily Telegraph-ին, գրում է, որ աղբյուրը նշել է, որ նկարը կարող է հայտնվել այնտեղ «Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցից» գրության ուղեկցությամբ։ Նման որոշումը, բնականաբար, արժեզրկում է նկարը, ինչը նաև վնաս կհասցնի սեփականատիրոջը։ Նկարը 2018 թվականին վաճառվել է Նյու Յորքում Christie's աճուրդային տանը ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով։
«The Last Leonardo» գրքի հեղինակ, պատմաբան-արվեստաբան Բեն Լյուիսը նշել է, որ «փարիզյան Լուվրը դիմել է Աբու-Դաբիում Լուվրի մասնաճյուղին՝ խնդրելով տրամադրել նկարը հոկտեմբերի 24-ին դա Վինչիին նվիրված իր ցուցադրության համար։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև պաշտոնական անձը։
«Բայց փարիզյան թանգարանից աղբյուրներն ինձ ասել են, որ ցուցադրության կուրատորներից քչերն են այն կարծիքին, որ գլուխգործոցը պատկանում է դա Վինչիի վրձնին, և եթե այն ցուցադրեն, ապա նրանք պետք է հստակեցնեն դրա հեղնակին»,- ասել է Լյուիսը։
Այս դեպքում նկարի գինը, փորձագետների գնահատականներով, 1,5 միլիոն դոլարով կնվազի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նկարը ցուցադրվելու է Աբու-Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղում անցած տարվա սեպտեմբերի 18-ին։ Բայց այդ միջոցառումը, Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչության հաղորդմամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Լյուիսը հնարավոր է համարում, որ նման որոշում է ընդունվել փորձագետների ազդեցության տակ, որոնք կասկածի տակ են դնում «Աշխարհի փրկիչը» կտավի հեղինակին։ Նշվում է, որ նկարը ներկա պահին գտնվում է Շվեյցարիայի պահոցում։ Բայց Լուվրից հնարավոր չի եղել ստանալ մեկնաբանություն։