Հուլիս 02, 2019 11:34 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

 

Սուրբ Ամենափրկիչ վանք պետք է անձամբ գնալ, քանի որ անհավանական ճարտարապետությունից բացի, վանքին կից թանգարան կա, որը բացահայտում է Իրանի հայկական համայնքի հարուստ պատմությունը։

Բազմադարյան վանքը, որը տեղացիներն անվանում են Վանք Քելիսա, հայտնի է որպես ճարտարապետության անմահ գլուխգործոց։ Այս մասին գրում է իրանական «Tehran Times» պարբերականը։

Իրանում հայկական եկեղեցու գլխավոր տաճարը, որը գտնվում է Սպահան քաղաքի Նոր Ջուղա շրջանում, կառուցվել է 17-րդ դարում շահ Աբասի հրամանով։ Պաշտոնական անվանումը Սուրբ Ամենափրկիչ վանք է։

Հարյուրավոր հայեր, որոնք Սպահան են գաղթել 1603-1618 թվականների թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, իրենց ներդրումն են ունեցել վանքի շինարարության հարցում։ Նրանք մեծ գրադարան են հիմնել վանքում. այնտեղ պատկերազարդված Ավետարանների ու Աստվածաշնչերի մեծ հավաքածո կա. դրանցից մի քանիսը 10-րդ դարով են թվագրվում։

Տաճարը շքեղ հարդարանք ունի, որը լի է կյանքով ու գույնով. դրանք պատկերում են սրբերի կտտանքներն ու դժոխքի սարսափելի դեւերին։ Տանիքը պարսկական մանրանկարի նուրբ ծաղկային մոտիվներով է զարդարված։

 

Image Caption

 

Վերջերս ՀՀ Գիտությունների Ազգ. ակադեմիայի գրականագիտության Ինստիտուտի նախաձեռնությամբ, հրավիրվել է մասնագիտական, բարձրորակ նիստ, նվիրված անզուգական գրող, թատերագիր, բանաստեղծ, ազգային-քաղաքական մեծանուն գործիչ՝ Լեւոն Շանթի ծննդյան 150-ամյակին։

Սույն նիստին Ակադեմիայի անդամներից բացի, ներկա են եղել նաեւ՝ Հայաստանի Գրողների Միության ղեկավարությունը, անդամներ, այլ պաշտոնական հրավիրյալներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Միջոցառում-ձեռնարկին ելույթ է ունեցել արտասահմանյան գրականության մասնագետ, անվանի դասախոս, «Սփյուռք» կենտրոնի պատասխանատու տնօրեն դոկտ. Սուրեն Դանիելյանն, որն էլ գերադասել է այս անգամ, Շանթին ներկայացնել՝ նո՛ր հայեցակետով ու նո՛ր մոտեցմամբ, նո՛ր դիտանկյունից, այն է, իրանահայ հանրահայտ գրող եւ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» դյուցազնական շնչով գրված պատմագեղարվեստական վիպերգության ընդմիջից։

Ընդգծելին այն է, որ այս վերլուծական նորովի զեկույցի ավարտին, հետաքրքրություն է առաջացել Ակադեմիայի անդամների մոտ՝ ավելիով ծանոթանալ թե՛ երկին, թե՛ Լ. Շանթի կյանքի այն հատվածներին, որ ցայժմ եղել են անհայտ եւ ընկած են այս վեպի հիմքում։

Դոկտ. Ս. Դանիելյանի այս զեկույցը, շուտով լույս է տեսնելու ԳԱԱ-ի համապատասխան հրատարակության մեջ, իսկ ինքը Ս. Դանիելյանը մեծ հավանականությամբ հրավիրվելու է Թեհրան, մասնակցելու Լեւոն Շանթի 150-ամյակի առիթով նախաձեռնված ճոխ ծրագրին։

Հիշատակելի է, որ առաջին անգամը չէ, որ Վարանդի մեկ աշխատությունը բարձր է գնահատվում ՀԳԱ Ակադեմիայի կողմից. 2018 թ. փետ. 2-ին եւս, նույն վայրում կայացավ նրա կողմից թարգմանված եւ կազմված «Իրանի ժամանակակից պոեզիա» ծավալուն անտոլոգիայի պաշտոնական շնորհանդեսը, հատոր, որը 2017 թ. հոկտ. 14-ին, Օշականում, Ս. Թարգմանչաց տոնի առիթով, շահել է «Կանթեղ» գլխավոր մրցանակը։

 

 

Օրեր առաջ Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA) ԵՓՓԵ (Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում 2019-2020թթ.-ի 715 փառատոններից ընտրվել են 24 դափնեկիրները՝ լավագույն արվեստի փառատոները: Հայաստանը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի միջոցով առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում:

ԵՓՓԵ-ն ծրագիր է արվեստի փառատոների համար, որը նաև ծառայում է որպես առցանց փառատոնային օրացույց. www.festivalfinder.eu կայքը գործում է արվեստի բոլոր տեսակներով հետաքրքրված միջազգային լսարանի համար:

Այս մրցույթը իրականացվում է երկու տարին մեկ, ներկայացնում է գեղարվեստական բարձր մակարդակ և միևնույն ժամանակ ունի մեծ ներդրում տեղական և ռեգիոնալ մշակութային համագործակցությունների զարգացման մեջ: ԵՓՓԵ-ն, նախաձեռնվել է ԵՓԱ-ի կողմից և աջակցվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից:

Հաղթողները կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի Գեղարվեստի Կենտրոնում, 2019թ․-ի սեպտեմբերի 26-ին:

ԵՓՓԵ-ի դափնեկիրները ներկայացնում են Եվրոպական մշակութային հարթակի բազմազանությունը տարբեր ճյուղավորումներով՝ թվային արվեստից մինչև օպերա: Այս փառատոներն ընտրվել են ԵՓԱ-ի պիտակի տակ ընդգրկված 715 փառատոներից, դրանք խորապես նվիրված են արվեստին, իրենց համայնքներին և Եվրոպային: Բոլոր այս փառատոները միասին ներկայացված են FestivalFinder.eu կայքում և թվով 2000-ն են:

ԵՓՓԵ-ի միջազգային ժյուրիի, ԵՓՓԵ-ի 2019-2020 դափնեկիրների մասին որոշման հետ մեկտեղ ԵՓԱ-ն ուրախ է հայտարարելու ԵՓՓԵ-ի հանդիսատեսի ձայն, օնլայն մրցույթի մասին: Օնլայն մրցույթը այժմ բաց է FestivalFinder.eu հղումով: Ողջ աշխարհից հանդիսատեսը հնարավորություն կունենա ընտրել իր համակրելի փառատոնը:

ԵՓՓԵ-ի 2019-2020թթ․-ի դափնեկիրների ցուցակում ընդգրկված են փառատոներ Բելգիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Իտալիայից և այլ երկրներից։

Այս ցանկը ներկայացնում է ընտրությունն այն փառատոների, որոնք մուտք են գործել «ԵՓՓԵ պիտակ 2019-2020»: Փառատոների եվրոպական ասոցիացիան վստահ է ԵՓՓԵ-ի ներուժի մեջ՝ ընդգրկելու և շնչելու Եվրոպան որպես համայնքի և փոխադարձ ըմբռնման ու աշխարհի առջև պատասխանատվության գաղափար:

 

 

Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում տեղի ունեցավ «Ապագայ մտածողը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության շրջանակում Հայաստանից, Լեհաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից 15 արվեստագետ ստեղծագործել են ազդագրի ժանրում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արվեստագետները ներշնչվել են Կոմիտասի կերպարով ու ժառանգությամբ, արտահայտելով այն՝ այժմեական ընկալմամբ ու հեռանկարով։

«Ցուցադրությունը որոշել ենք իրականացնել այգում, քանի որ Կոմիտասը շատ մոտ է եղել բնությանը: Նմանատիպ ֆորմատը թույլ կտա նաև հանրությանն ավելի մոտ լինել մշակույթին, մասնավորապես, Վարդապետին»,- ասաց Կոստանդյանը և հավելեց, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական:

«Ապագայ մտածողը» ցուցադրությունն ի սկզբանե նախագծված է եղել որպես “exercice de style” (ոճային վարժություն), որով յուրաքանչյուր արվեստագետ իր ազդագիրը ստեղծելու համար ազատորեն կիրառել է բազմազան տեխնիկական միջոցներ՝ իլյուստրացիա, գրաֆիկական դիզայն, ֆոտոմոնտաժ, տիպոգրաֆիկա, կտրտված թուղթ։

Ցուցադրության բացօթյա բնույթն ընդգծում է արվեստի և բնության կապը, որը խորհրդանշական կերպով հիշեցնում է նաև կոմիտասյան ստեղծագործության ակունքները։

Թանգարանի պատերից դուրս՝ բաց երկնքի տակ կառուցված արվեստի այս զբոսուղին փոխում է ընդունված «թանգարանային» սահմանների մասին պատկերացումները և ցուցադրությունը հասանելի ու տեսանելի դարձնում այցելուների առավել մեծ շրջանակի առջև:

Ցուցադրության համադրողն է Նայիրի Խաչատուրեանը, ձևավորողը՝ Գայանե Սոֆոյանը, գրաֆիկական ձևավորողը` Սարգիս Անտոնյանն, իսկ ցուցադրության իրականացնողներ` Ենգիբարյան եղբայրները:

 

 

Բրիտանական Romford Film Festival կինոփառատոնի շրջանակում Լոնդոնում առաջին անգամ կայացել է Եվրասիական կինոփառատոնը (ECG Eurasian Film Festival)։  Romford film festival-ի հիմնադիրներն են երկու բրիտանացի կինեմատոգրաֆիստ, իսկ այս տարի նրանք միավորվել են Եվրասիական ստեղծագործական գիլդիային, որը եզակի հարթակ է հանդիսացել բրիտանացի կինեմատոգրաֆիստների և  հետխորհրդային տարածաշրջանի նրանց գործընկերների շփումների համար։  Եվրասիական ստեղծագործական գիլդիան (Լոնդոն) միավորում է, որը զբաղվում է եվրասիական կինեմատոգրաֆիստների և այլ ստեղծագործական ուղղությունների առաջմղմամբ Մեծ Բիտանիայում և ողջ աշխարհում։

Չնայած նրան, որ ECG Եվրասիական կինոփաառատոնն անցկացվում էր առաջին անգամ, 24 երկրից 64 ֆիլմի հայտ էր ներկայացվել, կինոփառատոնի 5 օրերին այցելել է 1500 մարդ, ցուցադրվել են ֆիլմեր Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից։

5 օրերին ընթացքում փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ եվրասիական տարածաշրջանին ոչ միայն կինոյի օգնությամբ, նաև ցուցահանդեսի, անցկացվել են կլոր սեղաններ և ստեղծագործական երեկոներ։

Փառատոնի վերջին օրը կայացել է փառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։

Գրող Ելենա Ասլանյանի «Երեք երկտողյակ» («Three distichus») գրքի հիման վրա թրեյլերը ճանաչվել է լավագույնը։

Կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բորիս Հայրապետյանը YES!TODAY! ֆիլմի համար։

«Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում հանդիսատեսի համակրանք մրցանակին է արժանացել Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը։

 

 

Իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավը հուլիսին տեղափոխվելու է փարիզյան Լուվրի մեկ այլ դահլիճ։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այդ մասին գրել է La Nacion-ը։ Թանգարանի ամենահայտնի նկարներից մեկը ժամանակավոր կտեղադրվի «Մեդիչի պատկերասրահ» նկարների շարքի կողքին։

Նկարը կտեղափոխվի հուլիսի 16-ի գիշերը, քանի որ դահլիճում, որտեղ ներկա պահին գտնվում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործը, վերանորոգման աշխատանքներ են լինելու։

Ակնկալվում է, որ «Մոնա Լիզան» կվերադարձվի իր հիմնական տեղը մինչև 2019 թվականի հոկտեմբերին դա Վինչիին նվիրված ցուցահանդեսի բացումը։

«Մոնա Լիզան» (1503 - 1507 թթ.) հազվադեպ է տեղաշարժվում իր տարիքի և արժեքի պատճառով։ Նոր դահլիճում, ինչպես և նախկինում, գտնվելու է զրահապատ ապակու տակ։

 

 

Մոտ ժամանակներս աշխարհի Էկրաններին կհայտնվի ֆենոմենալ իտալացի տենոր Լուչանո Պավարոտիի մասին նոր վավերագրական ֆիլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երգիչը վախճանվել Է 2007 թվականին՝ 71 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա վաճառել Է 100 մլն սկավառակ եւ հասել երգեցողության փառքի գագաթին: Նոր վավերագրական բայոպիկի ռեժիսորը դարձել Է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ռոն Հովարդը, որը 2016 թվականին նկարահանել Է «Բիթլզ» քառյակի մասին «Շաբաթական ութ օր. հյուրախաղերի տարիներ» երաժշտական ֆիլմը:

Պավարոտիի մասին նոր ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Մոնրոն Է, որը ռեժիսոր Ռոն Հավորդի հետ համագործակցել Է «Բիթլզ»-ի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: BBC-ին տված հարցազրույցում նա խոստովանել Է, որ, աշխատելով սցենարի վրա, ինքն իր համար բազմաթիվ նոր բաներ Է բացահայտել, մասնավորապես, թե ինչպիսին են եղել հանրաճանաչ տենորի մանկությունը եւ նրա պատանեկան տարիները: Քննադատները համաձայն են, որ նոր ֆիլմը, չնայած թերություններին, ներկայացնում Է գլխավորը՝ Պավարոտին մեծ հոգի ուներ: Եվ բացառիկ ձայն: