Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի հանդիպմանը և ՀՀ ԱԺ խոսնակի Բելգրադ կատարած այցին:
Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, այդ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ուրախությամբ նշեց, որ շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Վրաստանի վարչապետի ներկայիս այցը խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին:
Փաշինյանը կարևոր և արդյունավետ գնահատեց վարչապետ Գախարիայի հետ ունեցած բանակցությունները, որոնք ևս մեկ անգամ փաստել են հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը:
Վարչապետերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը:
Երկու երկրների վարչապետերը կարևորել են նաև տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից: Փաշինյանն ու Գախարիան միակարծիք են եղել նաև երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում:
ՀՀ վարչապետ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը: «Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից: Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին: Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքներին համապատասխան: Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, հետևաբար՝ լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ այս առումով կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի վերաբերյալ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը:
Փաշինյանը հավատացած է, որ Վրաստանի վարչապետի այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը:
----------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
--------------------
Աշխաբադում Ալիևի հայտարարությունը վերջերս «Վալդայ» ակումբում նրա ելույթի որոշակի շարունակությունն էր։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին ուղղված հայտարարությանը, վարչապետ Փաշինյանի արձագանքին ու Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների գնահատականներին։
------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։
Նիստում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։
Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։
--------------------
Բելգրադում hոկտեմբերի 12-ին անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։
Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծելով մեր երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։ Կողմերը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։
---------------------
ՀՀ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։
----------------------