Նոյեմբեր 05, 2019 16:26 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ճամփորդելու ենք Սի Սախթ քաղաք, որը Քոհգիլույե և Բոյերահմադ նահանգի գեղեցիկ քաղաքներից մեկն է: Ընկերակցեք մեզ, որպեսզի մեր շրջագայության ընթացքում ձեզ ծանոթացնենք այս քաղաքը:

Շարունակելով մեր շրջագայությունը Քոհգիլույե և Բոյերահմադ  նահանգում,  Դենա լեռան ստորոտներում հադիպում ենք Սի Սախթ քաղաքին, որը նաև հայտնի է որպես Իրանի էկոտուրիստների դրախտը:

Ձմեռային գիշեր Սի Սախթ քաղաքում

Ըստ պատմական հին արձանագրությունների այս քաղաքի Սի Սախթ անվանումը կապված է հին ժամանակերում ցուրտ ձմեռներից մեկի հետ, երբ խիստ սառնամիքի ու սառցակալման բերումով ճանապարհները փակվում են և երեսուն փահլևաններ խնդիրը լուծելու համար մեկնում են Բիժանթո լեռնանցքը: Սակայն խիստ ցրտի պատճառով մահանում են երեսուն փահլևանները և դրանից հետո այս շրջանի անունը կոչվել է Սի Սախթ՝ այսինքն այն վայրը, որ երեսուն ուժեղ մարդիկ մահացան ցրտի ու ձնաբուքի պատճառով: Սի Սախթը Դենա շրջկենտրոնի կենտրոնական քաղաքն է և գտնվում է Յասուջից դեպի հյուսիս արևելք 35 կմ. հեռավորության վրա: Այս լեռնային գեղեցիկ շրջանը աշխարհագրական դիրքի բերումով ունի սառ կլիմա և աշնան կեսերից մինչև ձմռան վերջը և նույնիսկ դրանից հետո էլ ձյունով ծածկված է: Այդ իսկ պատճառով էլ այս շրջանը ջրառատ է և ձյունածածկ շրջաններից բխում են մշտական աղբյուրներ և հոսում առվակներ ու հագեցնում են տարածքը: Այս քաղաքը հաճելի օդ և քաղցրահամ ջուր ունի:

Սի Սախթի շրջագայության վայրերից կարող ենք հիշել «Քուհ Գոլը», «Չեշմե Միշին» և «Դաշթաքը»: Չեշմե Միշին տարածաշրջանի ամենամեծ ու ջրառատ աղբյուրն է, որ նաև հայտնի է Չեշմե Բոշո անունով: Այս գեղեցիկ աղբյուրը գտնվում է Սի Սախթ քաղաքի հյուսիս արևելյան շրջանում Բիժան լեռնանցքի ներքևում: Այս աղբյուրը ապահովում է քաղաքի ըմպելի ջուրը և դրանից բացի այս աղբյուրի ջրով են ոռոգում շրջակայքի ցանքսատարծքները:

Բիժանի լեռնանցքը Իրանի հայտնի լեռնանցքներից է և մեքենաների երթևեկության առումով սահմանափակություններ չունի: Եթե ցանկանում եք շնչել գարնանային օդ ու միաժամանակ տեսնել բնության ձմեռային պատկերը, գարնան կեսերին այցելեք այս գեղեցիկ ու հոգեթով լեռնանցքը, որ գտնվում է 3200 մետր բարձրության վրա: Լեռնանցք, որ լի է գեղեցիկ գլխիվայր կակաչներով:Երփներանգ պաստառ, որ բարձրության վրա աչք շլացնող գեղեցկություն ունի:

Բիժանի լեռնանցքում 4 մետր բարձրությամբ ձյան շերտը

Չեշմե Միշիից բացի այս տարածքում կան բազմաթիվ այլ աղբյուրներ ինչպես «Թուֆ» աղբյուրը, որ նայում է դեպի Սի Սախթ քաղաքը և գտնվում է Դենայի լեռնագագաթ տանող լեռնային ճանապարհի վրա: Այն, տարվա բոլոր ամիսների ընթացքում ունի պաղ ու քաղցրահամ ջուր: Տարածաշրջանի մյուս ջրառատ աղբյուրը «Թագին» է, որ հագեցնում է լեռնագնացների ծարավը և այս աղբյուրի ջուրը նաև օգտագործվում է խաղողի ու խնձորի այգիները ոռոգելու համար: Տարբեր մրգերով լեցուն այգեստանները խոսում են այս տեսարժան քաղաքի բերքառատության մասին: «Դաշթաք» շրջանի Կաղնիների գեղեցիկ անտառը իրոք  հրաշք է:

«Քուհ Գոլ»-ի լճերը այս տարածաշրջանի զբոսաշրջային այլ գրավչություններից են համարվում: Այնպիսի դրախտ որի համբավը տարածվել է ողջ Իրանում և տարբեր անկյուններից այստեղ է բերում մեծ թվով զբոսաշրջիկների: Ձմեռային ու գարնանային անձրևների ժամանակ տարածաշրջանի կանաչապատ բարձրությունների վրա գտնվող այս լճերը լցվում են ջրով և տարվա մյուս եղանակներին անջուր են: Այս լճերը տեսնելու համար պետք է գնալ Սի Սախթից 8 կմ. հեռու և բարձրանալ Դենա լեռը: Այնպիսի լճեր, որոնք կարծես հայելիների նման փռվել են երկնքի դիմաց, որպեսզի իրենցում պահեն ձյունածածկ լեռների պատկերները: Գարունը կարող է Քուհ Գոլի բոլոր գեղեցկությունները ցուցադրել այցելուներին:

Սի Սախթը լի է դաշտերով, լեռնագագաթներով ու աղբյուրներով, որոնք ամենայն գեղեցկությամբ իրար կողքի կանգնած են մեր աչքերի առջև: Այս գեղեցկություններից մեկը «Նարի ջրվեժն» է: Իրականում, այն, այս քաղաքի ամենագեղեցիկ ջրվեժն է և գտնվում է Դենայի պահպանված տարածքում:

Դենայի պահպանված տարածքը լի է բուսական ու կենդանական բացառիկ տեսակներով ու Իրանի էկոտուրիզմի բացառիկ վայրերից մեկն է: Հոմա (Մորուքավոր անգղ) գեղեցիկ թռչնի նման կենդանական հազվագյուտ տեսակները և տարբեր տեսակի արտույտները այդ թվում տարածքում շատ տեսնվող «Սանգ Չեշմ» անունով թռչունը այս տարածքի թռչուններից են համարվում: Այս տարածքում ապրում են սամույրի, աքիսի ու իրանական սկյուռի պես կենդանիներ: Իրանական սկյուռը իր մազաշատ պոչի պատճառով համարվում է աշխարհի ամենագեղեցիկ սկյուռներից մեկը: Այս սկյուռը կաղնիների անտառի վերականգնման գործում էկոլոգիական ազդեցիկ դեր է ունեցել:

Այս պահպանված տարածքից բացի, Սի Սախթի հյուսիս-արևմտյան շրջանում կա մի դաշտ, որ լի է կաղնիներով, լեռնային պիստակի ծառերով ու ծաղկաշատ մարգագետիններով:

Սի Սախթ քաղաքում նույնպես հայտնաբերվել են մեծ թվով պատմական կոթողներ: Հնագիտական հետազոտությունների համաձայն, «Թել Ասփիդ» բլրի վրա գոյություն ունեն պատմական հետքեր սկսված Ք.ա. առաջին հազարամյակից այսինքն էլամացիների ժամանակաշրջանից մինչև Աքմենյանների օրերն ու նույնսիկ ավելի ուշ ժամանակաշրջաններ ինչպես Սեֆևյանների ու Ղաջարների ժամանակաշրջանը: Գտածոներից կարող ենք հիշել գեղեցիկ ու տարատեսակ կուժերը, որոնք նկարազարդվել ու էմալապատվել են: «Թել Ղալաթը» նույնպես մի մեծ տարածք է, որ գտնվում է Սի Սախթ քաղաքի մեջ և կապված է իսլամին հաջորդող ժամանակաշրջանների այսինքն Սելջուկներից մինչև Ղաջարների ժամանակաշրջանի հետ:  Այս երկու բլուրները գրանցվել են Իրանի ազգային կոթողների ցուցակում:

Թել Ասփիդի արձանագրությունը. Այս արձանագրությունը հայտնաբերվել է Ֆարս նահանգի ենթաբաժիններից համարվող Թել Ասփիդ գյուղում և նրա չափսերը կազմում են 46*52 սմ.

Փաթավեի պատմական կամուրջները, որոնց մի մասը Բաշշար գետի հորդման բերումով ավերվել է, այս շրջանի տեսարժան վայրերից են համարվում: Ամենահին կամուրջը Սասանյանների ժամանակաշրջանի թագավորների անցուղին է եղել: Այն կառուցվել է քարով և ջուրը անցել է նրա կամարների տակով: Այս կամրջի յուրահատկություններից է՝ գործածված զարդաքարերի վրա քարտաշության հատուկ նշանների գոյությունը: Սակայն այս մեծ կամրջի հետ կապված ամենալավ պահպանված կամուրջը Սեֆևյանների ժամանակաշրջանի կամուրջն է, որը լավ կերպով վերանորոգվել է:

Փաթավե պատմական կամուրջը

Սի Սախթ քաղաք այցելությունը լեռնագնացների ու բնության սիրահարների համար անշուշտ հաճելի է ու հուշերով լի: Հուսով ենք, որ ձեզ էլ բախտ կվիճակվի ճամփորդեք Իրան և անշուշտ այցելեք այս քաղաք:

Թանկագին բարեկամներ մինչ նոր հանդիպում ու Իրանի քաղաքներից մեկում մեր հաջորդ շրջագայությունը մնացեք բարյավ ու խաղաղությամբ: