Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստանի Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Իրան կատարած այցին, Ադրբեջանի ու Հայաստանի միջև սպառազինական մրցակցությանը, Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը և Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժողովրդի չնչին մասնակցությանը:
-----------------------
Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեխնիկական ու մասնագիտական կրթության, սոցիալական բարեկեցության և աշխատանքի ու զբաղվածության հարցերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:
Մոհամմադ Շարիաթմադարին Զարուհի Բաթոյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասաց. «Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը հարևան ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է»:
Շարիաթմադարին կարևորեց 2011 թվականին աշխատանքային և սոցիալական հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կյանքի կոչելուն ուղղված Թեհրանի և Երևանի ջանքերը:
Նշելով, որ երկու երկրի միջև համագործակցության բազմաթիվ ընդհանուր եզրեր կան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց. «Հայաստանը ցանկանում է օգտագործել Իրանի փորձը՝ կապված խոցելի խավերի, հաշմանդամների, երեխաների, տարեցների ու կանանց հետ»:
«Իրանի և Հայաստանի միջև գործողությունների համատեղ ծրագրի ստորագրմամբ, երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն»,-հավելեցՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
---------------------
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:
Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելու ճանապարհին: Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:
Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան:
---------------------------
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Երևանում կայացած` Հայաստանի և ԼՂ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Մադրիդյան սկզբունքներին:
--------------------
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են ժամանակակից ռուսական հրթիռային համակարգերով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. որ հայկական բանակն այս հրթիռային համակարգով զինելը հանդիսանում էր Երևանի այս տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին (2020) հայկական բանակը ռուսական «Սուխոյ -30» կործանիչ ինքնաթիռներով համալրելու մասին:
Հայկական բանակը սպառազինություն է ձեռք բերում հիմնականում Ռուսաստանից:
Հայաստանն իր ԶՈՒ-երը նոր սարքավորումներով է համալրում այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետ այդ երկրի հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված: Բաքուն նույնպես իր հերթին, միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնում: Երկու երկրների միջև ընթանում է սպառազինական մրցավազք:
Թե Հայաստանը և թե Ադրբեջանը, փորձում են ապահովել իրենց անվտանգությունը: Անվտանգություն, որը խաթարվել է կողմերի միջև տարիներ տևած հակամարտության արդյունքում: Այս տարիների ընթացքում, ԼՂ հակամարտության շրջանակներում, Հայաստանն ու Ադրբեջանը բարձրացրել են իրենց կանխարգելիչ ու զսպիչ կարողությունը:
Եվ կարելի է ասել, որ երկու երկրները հասել են ի մի փուլի, երբ միմյանց զսպելուց առավել, փորձում են դառնալ հակամարտության հաղթողը: Սակայն դա կարող է հանգեցնել ռազմական դիմակայության: Իսկ դրա համար կարող է հիմք հանդիսանալ կողմերի միջև առկա սպառազինական մրցավազքը: Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք են բերել սպառազինություն, որը նախատեսված է ոչ թե ինքնապաշտպանության ու զսպման, այլ՝ հարձակման համար: Պաշտպանվելու համար նախատեսված զինտեխնիկան կարող է կայունացնել իրավիճակը: Հակառակ դրան, հարձակողական սպառազինությունը կարող է դառնալ կողմերի համար մտահոգության պատճառ և սրել անկայունությունը:
-------------------------
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Միության զարգացման ընթացիկ աշխատանքները և համագործակցության խորացման հեռանկարները քննարկեցին նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումների շրջանակում:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատեց Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Գործող նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 1-ին։ Նիստում հաստատվեց նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։
--------------------------
Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժողովրդի մասնակցության չափը չի գերազանցել 33 տոկոսը:
Համաձայն Ադրբեջանի Ընտրությունների կենտրոնական հանձնախմբի զեկույցի, դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններին ժողովրդի մասնակցությունը 32.72 տոկոս է եղել:
Ավելի վաղ տարածաշրջանի քաղաքական շատ շրջանակներ կանխատեսել էին դեկտեմբերի 23-ի ընտրություններին ժողովրդի չնչին մասնակցությունը: Դրա պատճառը պիտի որոնել Ադրբեջանի տնտեսական ներկա պայմանների և այդ երկրի մուսուլման ժողովրդի կենցաղային վատ վիճակի մեջ: Միևնույն ժամանակ Արաքս գետի հյուսիսում բնակվող ժողովրդի համոզմամբ տեղական ինքնակառավարման մարմինները օրինական լայն լիազորություններ չունեն և հիմնականում որևէ դերակատարություն չունեն քաղաքապետների ընտրության հարցում:
Ադրբեջանը 2000 թվականի հունվարից անդամակցում է ԵԽ-ին: Այդուհանդերձ քաղաքապետարանները ԵԽ-ում ու Ադրբեջանում տարբեր դերակատարություններ ունեն: Այն պայմաններում, երբ քաղաքային խորհուրդները եվրոպական երկրներում քաղաքական կարևոր դիրք են զբաղեցնում և տարբեր ձևերով դերակատար են լինում այդ երկրների ներքաղաքական գործընթացներին, Ադրբեջանում քաղխորհուրդները շինարարական ու բնապահպանական նախագծերի գործադրման հարցում համագործակցում են գործադիր մարմինների հետ և քաղաքական խոշոր պատասխանատվություն չեն կրում:
----------------------
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մոհամմեդյարովը, Թուրքիայի արտգործնախարար Մեվլուդ Չավուշօղլուն և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալյանին: Կողմերը քննարկել են եռակողմ համագործակցության հետ կապված և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Սովորաբար եռակողմ հանդիպումներն անցկացվում են անդամ պետություններից մեկում: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 7-րդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
Եռակողմ հանդիպումներ անցկացնելը մասնակցող երկրների համար կարևոր է երկու առումով: Նախ՝ անդամ պետությունները հրաժարվում են իրենց տարաձայնություններից և հակված են կոնվերգենցիայի: Երկրորդ, ուրվագծվում և իրականացվում է երկրների համար եռակողմ համագործակցության առաջնահերթությունը: Ակնհայտ է, որ այդ պատճառներով մեծ նշանակություն ունի երկրների մասնակցությունը եռակողմ հանդիպումներին: