Հունվար 07, 2020 12:44 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:


------------------

Աշխատանքներ են տարվում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»  ֆիլմի հիմնական մոնտաժից  դուրս մնացած կադրերով և կինոնկարին վերաբերող այլ նյութերով  «Անհայտ Փարաջանովը» ֆիլմը նկարահանելու ուղղությամբ, որի երաժշտությունը կրկին հանձն է առել գրել մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

2018 թվականի օգոստոսին  հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։

Լեհական FIXAFILM  ընկերության կողմից  առաջինը վերականգնվել և թվայնացվել է  Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։  Գրեթե միաժամանակ, FIXAFILM  ընկերության հետ սկսվել է  «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ 103 տուփ ոչնչացումից փրկված (հրահանգ էր եղել այրել մնացած ժապավենները) ժապավենից  սկզբում վերականգնվել է  կադրերի 1/3-ը։

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նշանավոր ֆիլմը թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

 

 

Բոլոր ժամանակներում հանգիստ անցկացնելու ամենալավ միջոցներից է նստել հանգիստ որևէ անկյուն ու  գիրք կարդալ։ Բոլոր ժամանակներում լավագույն նվերներից է գիրքը, որից միգուցե նվիրողը «դժվարությամբ» է բաժանվում, իսկ նվեր ստացողը այն մեծ սիրով է ընդունում։ Այսօր երևանյան գրախանութներում գրքերի պակաս չկա՝ և տարիքային, և ժանրային առումով, մեծ թիվ է կազմում թարգմանական գրականությունը,  հայ ընթերցողին են ներկայացվում համաշխարհային բեսթսելեր։

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը նշել է, որ այսօր ընտրությունը շատ մեծ է, օրինակ, «Բուկինիստ» գրախանութում  հնարավոր է գտնել ցանկացած ժանրի, ցանկացած տարիքին համապատասխան գրականություն։

Նա նշեց, որ հայ ընթերցողին ներկայացվող գրքերը պոլիգրաֆիական, տպագրական տեսանկյունից լավ են, միջազգային գրքի փառատոներում եվրոպական լավագույն հրատարակչությունների գրքերի կողքին դիտվում են հավասարը հավասարի հետ իրենց արտաքին տեսքով և որակով։

«Իսկ թե բովանդակությամբ են և ինչ որակի են թարգմանությունները, բարդ հարց է, քանի որ ով գիտի՝  թարգմանիչը գրքի բնօրինակ լեզվին տիրապետում է ամբողջությամբ, թե ոչ, թե այն գրքերն է թարգմանում, որոնք ռուսերենով կան։ Այդ դեպքում ռուսերները դառնում է միջնորդ լեզու ինչպես խորհրդային տարիներին էր»,- ասաց Վահան Խաչատրյանը։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ գրքեր խորհուրդ կտա կարդալ 2020-ին, ասաց. «2020 թվականի ընթացքում խորհուրդ եմ տալիս ընթերցել աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Ջոնաթան Քոնլինի՝ վերջերս հրատարակված և արդեն բեսթսելեր դարձած այս գիրքը բացահայտում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Կարծում եմ՝ մեր ընթերցողին իսկապես հետաքրքիր կլինի ծանոթանալ մեծանուն բարերարի կենսագրությանը:

Խորհուրդ եմ տալիս ընթերցել նաև գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Վերջերս «Էդիթ Պրինտ»-ը հայերեն թարգմանությամբ սկսել է դետեկտիվ գրականություն հրատարակել: Խորհուրդ եմ տալիս հաջորդ տարի անպայման կարդալ Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստի «Եվ ոչ ոք չմնաց…» վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել բնագրային թարգմանությամբ: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հաջորդ տարի Քրիստիից բազում անակնկալներ կլինեն

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մարքեթինգով, վստահաբար, պետք է կարդան Ալան Դիբի՝ համաշխարհային բեսթսելեր դարձած «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը: «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում յուրաքանչյուրը կկարողանա հեշտությամբ քարտեզագրել իր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի»,- ասաց Շավարշ Կարապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի ընթացքում հանրությանը ներկայացնելու են մի շարք ինքնատիպ գրքեր. «Հայ ընթերցողին արդեն հասցրել ենք հայերեն թարգմանությամբ Էրիխ Մարիա Ռեմարկի մի քանի ստեղծագործություն ներկայացնել: Հաջորդ տարի լույս տեսնի Ռեմարկից միանգամից մի քանի գործ: Բացի այդ, լույս ենք ընծայել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի գործերից, և 2020-ին վերջապես մեր ընթերցողը հայերեն թարգմանությամբ կընթերցի «Միջնաբերդը»»:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը համագործակցում է տարբեր թարգմանիչների հետ, և, նրա խոսքով, իրենք միանշանակ աշխատում են միմիայն պրոֆեսիոնալների հետ:

«Մեր գերնպատակն այս համագործակցության շրջանակում մեր ընթերցողին բարձր որակի թարգմանություններ և գրքեր ներկայացնելն է»,- ասաց Շ. Կարապետյանը:

 

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդես է գալու հյուրախաղերով:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Չինաստանում մասնակցել է հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսին, որը նախաձեռնել է ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Պադարյանը կարևորել է նմանատիպ շրջագայության կազմակերպումը: «Շրջագայությունն անցացվելու է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում և ներառելու է 10 համերգ: Հայ, ռուս և արևմտաեվրոպպացի կոմպոզիտորական դպրոցների գոհարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչելու են այդ համերգների ընթացքում»,-ասել է Արման Պադարյանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նույնպես կարևորել է նման շրջագայության կազմակերպումը, որն առավել կամրապնդի երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա մշակութային սերտ համագործակցությունը:

Տեղեկացնենք, որ հյուրախաղերը կազմակերպվել են Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ: ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և նվագախմբի անունից ասուլիսին հնչել է շնորհակալական խոսք՝ ուղղված ՀՀ  ԿԳՄՍ նախարարությանն ու շրջագայության բոլոր աջակիցներին:

Armstrong International Music-ի ղեկավար Վրեյ Արմստրոնգն առաձնահատուկ շեշտել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եվրոպական լավագույն կոլեկտիվներից է, որը Չինաստանում հանդես է գալիս առաջին անգամ: Նվագախումբը վստահ է՝ երկուստեք անդրանիկ համագործակցությունը հետագա երկարատև ընկերության սկիզբն է:

Չինացի կլարնետահար Թոնի Շենը շրջագայության ընթացքում կմիանա նվագախմբին՝ Մոցարտի Կլարնետի կոնցերտի կատարումով: Նա մամուլի ասուլիսի ընթացքում հատված ներկայացրեց կոնցերտից՝ իր կատարողական տաղանդով հիացնելով ներկաներին:

 

Նշենք, որ մամուլի ասուլիսին մասնակցել են Չինաստանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն, ովքեր հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել ասուլիսի մասնակիցներին:

 

 

Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքս է ստեղծվել, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում։

Կոմիքսը նկարազարդել է Կրիստինա Ավանյանը։ Մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։

«Գիրքը տպագրվել է նորորարությունն ու ազգային արժեքները գնահատող աջակիցների նվիրաբերության շնորհիվ»,-ասվում է 1Dram թիմի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902-ին։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Թմկաբերդի առման լեգենդը, որը պատմում է աշուղը, մարդկայնորեն լավի, վեհի փառաբանումն է։ Թումանյանը պոեմում ոչ մի լեգենդար կամ հրաշապատում տարր չի մտցրել, աշխատել է, որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ տալ։

Թմուկ բերդը միջնադարյան ամրոց է Ջավախքում, Քուռ գետի ձախ ափին։ 12-13-րդ դարերում եղել է Ջավախքի Զաքարյանների նստավայրը։ Բերդի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը:

 

 

Լոնդոնի Թեյթի ժամանակակից պատկերասրահում վնասել են Պիկասոյի «Կնոջ կիսանդրի» կտավը, որն արժե 20 մլն ֆունտ սթեռլինգ:

Պատկերասրահի ադմինիստրացիան չի հայտնել հասցված վնասի չափի մասին: Կտավի վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի:

Նկարը ստեղծվել է 1944 թվականի մայիսին՝ նացիստական օկուպացիայի վերջին ամիսներին:

Ձերբակալված 20-ամյա Շաքիլ Մեսին դատարանում հայտարարել է, որ հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նրան դատահոգեբանական փորձաքննություն է սպասվում: Նա ներկա կգտնվի գործի լսումներին, որոնք տեղի կունենան 2020-ի հունվարի 30-ին Լոնդոնի թագավորական դատարանում: 

 

Դեկտեմբերի 28-ին նշվեց Կինոյի միջազգային օրը, որը կինեմատոգրաֆների, ինչպես նաեւ այդ զարմանալի արվեստի՝ կինոյի բոլոր սիրահարների տոնն է:

1895 թվականի դեկտեմբերի 28-ին փարիզյան «Գրանդ կաֆե»-ում ցուցադրվել է Լյումիեր եղբայրների սինեմատոգրաֆիայի առաջին սեանսը:

Նույն թվականին ֆրանսիացի Օգյուստ եւ Լուի Լյումիեր եղբայրներն իրենց հայտնագործած «Սինեմատոգրաֆ» սարքի պատենտն էին ստացել: 1985 թվականի մարտի 22-ին նրանք Փարիզում ընկերների նեղ շրջանակի համար ցուցադրում են կարճատեւ ժապավեն՝ «Բանվորների ելքը Լյումիեր գործարանից» անվանումով:

Սակայն կինոյի ծննդյան օրը համարում են դեկտեմբերի 28-ը, երբ փարիզյան սրճարանում ֆրանսիացի եղբայրներն արդեն հանրության լայն շրջանակի համար ցուցադրում են «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» կարճամետրաժ ֆիլմը: Սա պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը հանդիսատեսին ցուցադրվել է փողով:

«Բանվորների ելքը Լյումիեր գործարան» իրական խուճապ է առաջացրել հանդիսատեսի մոտ. նրանք սկսել են տեղից ցատկել եւ փախչել են դահլիճից՝ վախենալով, որ էկրանին մոտեցող գնացքը կտապալի նրանց: