Հունվար 08, 2020 23:25 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում Իրանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին, Հայաստանի սպառազինական գնումներին, 2020 թվականին Հայաստանի տնտեսության նախադրյալներին և ԵՄ-ի անդամ դառնալու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:


 

Ի հետևումն ԱՄՆ-ի կողմից իրականացված ահաբեկչական գործողության ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գենրալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության և տարածաշրջանային վերջին զարգացումներին, հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև:

ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ  համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

---------------------

Հայաստանի զինված ուժերը կշարունակեն աշխատել հարվածային և կրակային խոցման հնարավորությունները մեծացնելու վրա։

Հայաստանը կշարունակի հագեցնել իր բանակը գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով, հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։

Հայաստանի զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրելը, անձնակազմի մարտական վարպետության նոր չափանիշներ սահմանելը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթ խնդիրներից է։

«Մեր քաղաքականությունը ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական ոլորտում ուղղված է հարվածային և կրակային խոցման, ճշգրտության և արդյունավետության ավելացմանը։ Դրա համար ծրագրվում է շարունակել համալրել բանակի զինանոցը հրթռիային, հրետանային խոցման ժամանակակից գերճշգրիտ համակարգերով և ՀՕՊ միջոցներով, ինչպես նաև, առաջին հերթին, բազմաֆունկցիոնալ ավիացիայով»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ 2019թ.–ի դեկտեմբերի 27-ին Հայաստան են հասել Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։

------------------------

Ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի 2020 թվականը Հայաստանի համար նույնպես տնտեսության համար հաջողված տարի լինի:

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը՝ ամփոփելով 2019 թվականն, ասել է. «2019 թվականն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես հաջողված տարի՝ ելնելով մի շարք հանգամանքներից, որոնցից  կցանկանայի առանձնացնել առաջին հերթին իշխանությունների կողմից ձեռք բերված այն հաջողությունները, որոնք ավելի շատ կայունացրին և ամրապնդեցին Հայաստանի տնտեսությունը, ինչպես նաև մարդկանց հավատն ու պատկերացումները թե´ իշխանությունների, թե´ երկրի նկատմամբ, ինչը ես շատ դրական եմ գնահատում և  կարևոր քայլ եմ համարում, քանի որ  ցանկացած երկրում՝ եթե կա վստահություն ապագայի նկատմամբ, ապա հաջողությունները ժամանակի ընթացքում կգան»։

«Սա, ըստ էության, հեղափոխությունից հետո արդեն երկրորդ տարին է, որի ընթացքում իշխանությունները քաղաքական դաշտը կայունացնելուց հետո՝ փորձում են  նաև տնտեսական   փոփոխություններ արձանագրել․ դրանցից մեկը կապված է բյուջեի ավելացման, բնակչության կենսամակարդակի որոշ չափով բարձրացման հետ, ինչպես նաև լուրջ հիմքեր ստեղծվեցին առաջիկա 2020 թվականի ընթացքում բնակչության եկամուտների ավելացման համար։ Խոսքը վերաբերում է թե´  կենսաթոշակների, թե´ աշխատավարձերի ավելացմանը, թե´ նաև ձեռներեցության խթանմանը»,- հավելել է տնտեսագետը:

Այս համատեքստում վերջինս նաև հավելեց, որ կառավարությունը չպետք է բավարարի այսքանով  և  առաջիկա տարիների համար պետք է ավելի ու ավելի ինտենսիվ ձևով աշխատի՝ քաղաքացիների սպասելիքներն արդարացնելու համար։

----------------------------

2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։

Ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։

2015 թ․-ին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, Միության անդամ հանդիսացող երկրներում շուրջ 780 ապրանքների մաքսային դրույքաչափերը էապես բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Հայաստանին անցումային ժամանակահատված տրվեց հինգ տարի՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար: Սա վերաբերում էր նաև ավտոմեքենաներին։

Մինչ այսօր Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք: Այսօրվանից սկսած մնացած վճարները մնում են նույնը, սակայն մաքսատուրքը բազմապատկվում է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները: Այդ ապրանքները ևս կթանկանան:

Նշենք նաև, որ մինչ այս, վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, 2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։

Հունվարի մեկից, մաքսատուրքի փոփոխությամբ պայմանավորված կթանկանա 699 անուն ապրանք, այդ թվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, կաթնամթերքը, միսը, մի խոսքով՝ երրորդ երկրներից ներկրվող ապրանքները: Օրինակ՝ ընտանի կենդանիների մսի մաքսատուրքերը 2020թ-ին կաճեն կաճեն 25%-ով, իսկ հետագայում՝ 80 տոկոսով։

-----------------------

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը խոսել է ժողովրդագրական միտումների և այս ոլորտում առկա խնդիրների մասին:

---------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է եվրաինտեգրման շրջանակում, սակայն նա հավելել է, որ Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է:

«Պետք է հասկանալ, թե եվրաինտեգրում ասելով, ինչ ենք հասկանում: Ես կարծում եմ, որ մենք քայլեր ենք ձեռնարկել եվրաինտեգրման ճանապարհին, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա և դրանք ապարդյուն կլինեն»,-ասել է Ալիևը երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը:

Որպես օրինակ նա բերել է այն փաստյը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և այլ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին որպես անդամություն ԵՄ-ին, ապա դա անհնար է»,-ասել է նա:

Ըստ նրա, այժմ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթացներ են ընթանում և ըստ առաջատար քաղաքական գործիչների ԵՄ ընդլայնման հեռանկար չկա:

Ալիևը բերել է նաև Թուրքիայի օրինակը: Ալիևը համարում է, որ Անկարայի համար անդամակցումը ԵՄ-ին փակ է, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է: «Այսպես կոչված ընդդիմությունը դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով: Նրանք ուզո՞ւմ են, որ Ադրբեջանի ճակատագիրը Բրյուսելում որոշվի: Մենք մեր ճակատագիրը չենք կարող այլոց հանձնել: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,-ասել է Ալիևը:

---------------------------

Անկարան վավերացրել է Թուրքիա-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում Բաքվում ստորագրված արձանագրությունները:

Ըստ հաղորդագրության՝ արձանագրությունները ստորագրվել էին անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Բաքու այցի շրջանակում: Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հետ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 25,610 մլն դոլարով՝ հասնելով 189,128 մլն դոլարի: 2019 թվականի նոյեմբերին Ադրբեջան Թուրքիայի արտահանումը կազմել է 158,163 մլն դոլար, իսկ Ադրբեջանից ներմուծումը՝ 30,965 մլն դոլար: 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 106,541 մլն դոլարով՝ անցնելով 1,798 մլրդ դոլարից: