Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունմանը և Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա Ադրբեջանի կառավարության դրած շեշտին:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մայիսի 13-ին տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը:
------------------------------
Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել կատարել ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին:
--------------------------
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը։
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին ժամը 13։00-ին։
Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։
ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։
-------------------------------
ՀՀ նախագահը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նախագահ Արմեն Սարգսյանի մամլո գրասենյակը հայտարարել է, որ Ազգային ժողովի կողմից վավերացված այս օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ:
Օրենքի ստորագրմամբ Հայաստանի դատարաններում կքննարկվեն նախկին պաշտոնատար անձանց ակտիվների ծագումը՝ սկսած նախագահներից ու վարչապետերից մինչև նախարարներ:
Այդ օրենքը պետությանը հնարավորություն է տալիս գույքը բռնագանձել առանց դատարանի որոշման և դատարանի որոշմամբ անօրինական ճանաչվելու պարագայում: Ընդդիմադիրները նշում են, որ այս օրենքի ստորագրումը բացասաբար է ազդելու Հայաստանում ներդրումներ ներգրավելու վրա:
Դա ի տես այն բանի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները հավատացած են, որ իշխանության հասնելուց հետո նա ոչ միայն չի կարողացել իրականացնել ժողովրդին տված խոստումներն, այլև նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի կապակցությամբ օրենքներ ընդունելով փորձում է ժամանակ շահել:
2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր խոստումները կատարելու և ժողովրդի խնդիրները լուծելու փոխարեն միայն զբաղվել է Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչների ու իր ներկա մրցակիցների դեմ պայքար տանելու գործով: Այդ պատճառով ու նաև անցած շաբաթ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են խորհրդարանի նիստերը և չեն մասնակցում քննարկումներին:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերվող աջակցության ձևի շուրջ ընդդիմադիր կուսակցության հնչեցրած քննադատությունը ավարտվեց Հայաստանի խորհրդարանում սուր բանավեճով ու պատգամավորների միջև ֆիզիկական բախմամբ:
---------------------------
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձել է Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի այն դիտարկմանը, թե ՀՀ-ում մարդու իրավունքները խախտվում են գրեթե ամենուր․ գրասենյակն արդեն իսկ ստացել է 13140 դիմում, աշխատակազմի անդամները նաև սեփական նախաձեռնությամբ են վարույթներ հարուցել:
--------------------------
Ադրբեջանում կրկնել են գերիներին բոլորին բոլորի հետ փոխանակելու հայկական կողմին ուղղված առաջարկությունը։
Գաղափարը Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի մամուլի ասուլիսում հնչեցրել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմաթ Հաջիևը։
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակման կողմ է հանդես գալիս։ «Միջազգային հանրության դիրքորոշումն այն է, որ, մարդասիրական սկզբունքներից ելնելով, գերիներն ու պատանդները պետք է փոխանակվեն: Մենք ձգտում ենք գերիներին ու պատանդներին փոխանակել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Իսկ Հայաստանը այս հարցում նույնպես այլ դիրքորոշում է ցուցաբերում»,- ասել է նա:
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում կա երեք գերեվարված հայ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանը և Արայիկ Ղազարյանը: Իսկ ահա Հայաստանում Ադրբեջանի գերեվարված քաղաքացիներ չկան:
Լեռնային Ղարաբաղում առանձնապես ծանր հանցագործություններ՝ մի քանի սպանություններ կատարելու, այդ թվում՝ անչափահասի սպանության համար, իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։
-------------------------------
Ադրբեջանի կառավարության նիստից հետո այդ երկրի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը տեղեկացրեց Իրանի հետ երկկողմ համագործակցությունները շարունակվելու մասին:
Հիքմաթ Հաիջևն անդրադառնալով Թեհրանի ու Բաքվի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, ասաց. «Այս հարաբերությունները պահպանվել են նաև կորոնավիրուսի տարածման պայմաններում»: Ադրբեջանի նախագահի խորհրդականը նաև տեղեկացրեց Արաքս գետի վրա Խուդաֆերինի ու Ղիզ Ղալասիի էլեկտրակայանների կառուցման շուրջ իրանցի պաշտոնատարների հետ խորհրդակցությունների մասին:
Ադրբեջանի նախագահի խորհրդականն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ երկու հարևան երկրների հարաբերություններին հարված հասցնելու նպատակ ունեցող որոշ շրջանակներ այդ կապակցությամբ ադրբեջանական մամուլում Բաքվի իշխանությունների դեմ արշավ են սկսել: Հիշյալ շրջանակները երեք տասնամյակ շարունակ Իրանին մեղադրելով հայերի հետ համագործակցության մեջ փորձել են ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:
Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը որևէ ժամանակ չի գերազանցել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներին:
Միևնույն ժամանակ պիտի հիշեցնել, որ Արաքս գետի Խուդաֆերինի էլեկտրակայանն ու նաև մի քանի կամուրջներ կառուցվել են իրանական կողմի ներդրմամբ, այդուհանդերձ Ադրբեջանն այդ նախագծերում գործընկեր է համարվում, ինչը կարելի է ադրբեջանական կողմին Իրանի կողմից ցուցաբերված աջակցություն համարվել, որպեսզի պատերազմական պայմաններում պահպանի իր տարածքային ամբողջականությունը: