Մայիս 18, 2020 03:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 104 և 105-րդ այաներ

إِنَّ الَّذِينَ لَا يُؤْمِنُونَ بِآيَاتِ اللَّهِ لَا يَهْدِيهِمُ اللَّهُ وَلَهُمْ عَذَابٌ أَلِيمٌ 

إِنَّمَا يَفْتَرِي الْكَذِبَ الَّذِينَ لَا يُؤْمِنُونَ بِآيَاتِ اللَّهِ وَأُولَئِكَ هُمُ الْكَاذِبُونَ 

Աստված երբեք չի առաջնորդում նրանց, ովքեր չեն հավատում իր նշաններին, զարհուրելի պատիժ է սահմանված նրանց համար:
Նրանք, որ չեն հավատում Աստծո նշաններին, սուտ են խոսում:

 

Այս այաներն ասում են. Նա, ով անհավատ է ու մոլորված, ինչպես է կարող Ղուրանի այաները, որոնք մարդկանց ցույց են տալիս ճշմարիտ ճանապարհը, սովորեցնել մարգարեին: Ղուրանի այաները սկզբից մինչև վերջ մարդուն առաջնորդոմ են դեպի ավելի լավ կյանք ու դեպի փրկություն: Իսկ նա, ով գաղափար չի ունեցել այս ամենից, ինչպես է կարող լինել մարգարեի ուսուցիչը: Այնուհետև, դիմելով մարգարեին, Ղուրանն ասում է. Մի տխրիր հերյուրանքներից ու ստերից, քանի որ դրանք ներկայացնում են մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծուն:

Այս այաներից սովորում ենք

1. Իսկական առաջնորդությունը, որը երջանկացնում է մարդուն, կարող է լինել երկնային գրքի ու աստվածային այաներին հավատալու միջոցով:

2. Ստախոսն ուրիշներին պատկերացնում է իր նման և դրա համար էլ ուրիշներին ստախոս է անվանում:

Նահլ սուրայի 106-րդ այա

مَنْ كَفَرَ بِاللَّهِ مِنْ بَعْدِ إِيمَانِهِ إِلَّا مَنْ أُكْرِهَ وَقَلْبُهُ مُطْمَئِنٌّ بِالْإِيمَانِ وَلَكِنْ مَنْ شَرَحَ بِالْكُفْرِ صَدْرًا فَعَلَيْهِمْ غَضَبٌ مِنَ اللَّهِ وَلَهُمْ عَذَابٌ عَظِيمٌ 

Ով հավատացյալ դառնալուց հետո հավատուրաց լինի, (կենթարկվի Աստծո զայրույթին): Այլ է սակայն, եթե դա տեղի է ունեցել բռնությամբ, բայց նրա սիրտը անկեղծորեն հավատում է: Սակայն նա ում սիրտը բաց է անհավատության առջև, արժանանալու է Աստծո զայրույթին ու նրա համար մեծ տանջանք է լինելու:

Մեքքայի անհավատների ղեկավարներն իսլամը նոր ընդունողներին խոշտանգում  էին, որպեսզի հրաժարվեն իսլամից: Նրանցից ոմանք նույնիսկ նահատակվում էին հանուն իսլամի, կամ պարտավորված հրաժարվում էին իսլամից, իրենց սրտերում պահելով մարգարեի նկատմամբ հավատքը: Նրանցից  էր Ամմար Յասերը, ում ծնողները խոշտանգման հետևանքով նահատակվեցին: Իսկ երբ հասավ նրա հերթը, նա խոսքով ընդունեց անհավատությունը, սակայն սրտում  պահեց հավատքը մարգարեի նկատմամբ: Որոշ մուսուլմաններ նախատեցին Ամմարին, ասելով, որ նա հրաժարվել է իսլամից: Ամմարը գնաց մարգարեի մոտ ու պատմեց նրան եղելությունը: Մարգարեն ասաց. "Եթե նորից վտանգի մեջ ընկար, այդ խոսքերն ասա ու քեզ փրկիր: Դու հավատացյալ մարդ ես": Իսլամական որոշ աղբյուրներում ասվում է, որ երբ մարդն իր կյանքը փկելու համար չի խոսում  իր ներքին հավատքի մասին և նույնիսկ հակառակն է ասում,  այդ գործողությունը կոչվում է Թաղիե:  Թաղիեն որոշ աղբյուրներում որպես վահան է ներկայացվում, որը հավատացյալին փրկում է թշնամու վնասներից: Իհարկե պարզ է, որ կրոնը փրկելու համար, մարդը նույնիսկ իր կյանքը պիտի նվիրի, ինչպես իմամ Հոսեյնը զոհեց իր զավակների ու իր հետևորդների կյանքը: Ուստի Թաղիեն երբեմն կարելի է օգտագործել, եթե իհարկե չվտանգվի կրոնը:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը մշտապես վտանգի առաջ է կանգնած: Նույնիսկ հավատացյալները չպետք է գոռոզանան: Շատ հավատացյալներ հետագայում դարձել են անհավատներ:

2. Մարդու խոսքն այն ժամանակ է արժեքավոր, երբ այն խոշտանգման կամ պարտադրանքի ներքո չի կորզվել:

Նահլ սուրայի 107-րդ այա

ذَلِكَ بِأَنَّهُمُ اسْتَحَبُّوا الْحَيَاةَ الدُّنْيَا عَلَى الْآخِرَةِ وَأَنَّ اللَّهَ لَا يَهْدِي الْقَوْمَ الْكَافِرِينَ 

Նրանք աշխարհիկ կյանքը նախընտրեցին հանդերձյալ կյանքին: Աստված երբեք չի առաջնորդելու անհավատներին:

Այս այան խոսում է այն անհավատների մասին,  որ ենթարկվել են Աստծո պատժին: Այան ասում է. "Նրանք ցանկացան, որ լինի այսպես: Նրանք կարճ  աշխարհիկ կյանքը գերադասեցին հավերժական հաներձյալ կյանքին ու միացան անհավատներին:"

Այս այայից սովորում ենք

1. Անհավատության հիմնական պատճառն աշխարհիկ ու ցոփ կյանքն ընտրելու մեջ է:

2. Նրանք, ովքեր պաշտում են աշխարհիկ կյանքը, իրենց թույլ չեն տալիս, որ բարոյապես առաջնորդվեն և ունենում են բարդ ճակատագիր:

Աստված Ձեզ պահապան