Հուլիս 04, 2020 09:44 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական կյանքին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։

Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

--------------------------------------------

Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարի՝ զբոսաշրջության և մշակութային հարցերով տեղակալ Յ․ Դադաշզադեն հայտարարել է, որ Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է գործարկվելու, հայտնում է regionmonitor.com-ը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Պարսից ծոցի հարակից երկրների հիմնական զբոսաշրջային ուղղություններից է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում զբոսաշրջությունը «հալալ» չէ, այդ իսկ պատճառով Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է ստեղծվելու, որը կենտրոնացած կլինի «հալալ» զբոսաշրջության վրա։

Ըստ Դադաշզադեի՝ այս ծրագրով Իրանը բաժին կստանա տարածաշրջանի զբոսաշրջությունից։

-----------------------------

Ամերիկյան «Ժողովրդավարության պաշտպանության ինստիտուտ»-ը հայտարարել է, որ Իրանից Հայաստանի գազի ներմուծումը և Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարումն ԱՄՆ պատժամիջոցների խախտում է և Միացյալ Նահանգները պետք է պատժի Երևանին Իրանի հետ էներգիա փոխանակելու համար:

Ամերիկյան «Ժողովրդավարության պաշտպանության ինստիտուտ»-ը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է խրախուսի Հայաստանին, Թուրքիային և Իրաքին՝ դադարեցնել իրանական բնական գազի ներմուծումը:

Իրանն ունի աշխարհում գազի երկրորդ մեծ պաշարները  և բնական գազի երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում:

Իրանը և Հայաստանը ցանկություն ունեն ընդլայնել երկու երկրների միջև գազատարը, որը պատկանում է «Գազպրոմին»:

Ամերիկյան «Ժողովրդավարության պաշտպանության ինստիտուտ»-ն անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերություններին և Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Եվրոպա գազի արտահանմանը,  գրել է, որ Վաշինգտոնը մտահոգված է այս խնդրի կապակցությամբ:

Հայաստանը հայտարարել է, որ չի հարգում Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցները:

The Tehran Times օրաթերթը գրել է, որ անկախ պատժամիջոցներից, Իրանի  հյուսիսարևմտյան հարևան՝ Հայաստանը, այն երկրներից է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական կապերն Իրանի հետ:

-------------------------------------

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրությունում, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ անցկացված տեսակոնֆերանսին։

«Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի խթանման ու պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական կապերը՝ էսկալացիայից խուսափելու համար: Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, բորբոքող հռետորաբանությունը և հնարավոր քայլերը, որոնք նպատակ ունեն փոխել իրավիճակը, կարող են խափանել, խանգարել կարգավորման գործընթացին:

Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահնեը նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիտորինգային գործողությունները վերսկսելու անհրաժեշտությունը՝ որքան հնարավոր է շուտ, երբ որ պայմանները դա թույլ տան:

Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և անձնապես հանդիպել՝ որքան հնարավոր է շուտ»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ն առանձին և համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահության իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացում իրականացվելիք հաջորդ քայլերը: Քննարկմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

-----------------------------------

ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ 2020 թվականի հուլիսի 1-ը կարևոր հանգրվան կդառնա Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու ճանապարհին, քանի որ հուլիսի 1-ից մեկնարկել են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը խոսել է Հայաստանի ժողովրդագրական ներկա վիճակի մասին և վերլուծել, թե  կառավարության գործողությունները որքանով են նպաստելու երկրում իրավիճակի բարելավմանը։

---------------------------------------------

Հայաստանի կառավարությունը հուլիսի 2-ին կայացրել է կարևոր որոշում՝ մաքսատուրքից ազատելով Ղազախստանից ներկրվող նավթամթերքը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա հայ-ղազախական մեկուկեսամյա բանակցության արդյունք է, որը էական նշանակություն կունենա Հայաստանում նավթամթերքի շուկայի ապամոնոպոլացման գործընթացի համար: Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել բենզինին:                                                                          

Ղազախստանի հետ այդ համաձայնությունն ու այդ երկրից նավթամթերքի ներկրումը կարող են բերել Հայաստանում բենզինի գնի նվազման՝ մրցակցության աճի շնորհիվ: Խոսքը հատկապես ներկրման մրցակցության մասին է: Բանն այն է, որ Հայաստանում կա մի քանի ներկրող և իրացնող ընկերություն, որոնք, սակայն, բենզինը գնում են մեկ ընկերությունից՝ «Ռոսնեֆտ Արմենիայից»: Դա մի քանի տարի առաջ կնքված համաձայնագրի հետևանք է, որով «Ռոսնեֆտը» բենզինի շուկայում ստացավ մոտավորապես այն իրավունքը, ինչ «Գազպրոմն» ունի գազի շուկայում: Իհարկե, այստեղ նույնականացումը բացարձակ չէ, սակայն «Ռոսնեֆտը» ստացավ իր դուստր ընկերության միջոցով Հայաստանին բենզին մատակարարելու ըստ էության մոնոպոլ հնարավորություն: Եվ այստեղ Ղազախստանից ներկրման հնարավորությունը թերևս նվեր է Հայաստանի բենզինի շուկայի խաղացողների համար, որոնք ստանում են ներկրման այլընտրանքային աղբյուր: Դա էլ իր հերթին ենթադրաբար պետք է բերի գնի նվազման, ինչը տնտեսության համար հույժ կարևոր է կորոնավիրուսային համավարակի ֆոնին տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Սակայն այստեղ բանն իհարկե լոկ տնտեսական էֆեկտը չէ, այլ նաև քաղաքական՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փաստորեն նոր համաձայնության իրագործմամբ նկատելիորեն կթուլացնի միագիծ կախվածությունը Ռուսաստանից: Իհարկե, դա ընդամենը թելերից մեկն է, սակայն թեկուզ այդ մեկի դեպքում իրական այլընտրանքի ձևավորումը մի կողմից՝ կփոխի հայ-ռուսական հարաբերության տրամաբանությունը՝ գոնե այդ հարցում բերելով ավելի առողջ հարթություն, մյուս կողմից՝ կարող է լինել օրինակ այլ նախաձեռնությունների համար: Մասնավորապես, նպատակակետում պետք է լինի նաև գազը, դարձյալ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական անհրաժեշտություններից ելնելով, հաշվի առնելով, թե գազի գնի նվազեցման հայկական ակնկալիքին ինչպիսի քաղաքական պահանջներով է հակադարձում Ռուսաստանը:

Ղազախստանն ունի նաև գազ, որն իհարկե համաշխարհային պաշարների հարաբերակցությամբ մեծ չէ՝ այդ պաշարների 0,8 տոկոսը և արդյունահանվող գազի 0,6 տոկոսը, սակայն դա քիչ էլ չէ: Ղազախստանն իհարկե ծրագրում է ավելացնել մատակարարումները Չինաստան:

Կկարողանա՞ Հայաստանը սկսել քննարկում նաև ղազախական գազի ներկրման շահեկան տարբերակի առումով: Այստեղ անշուշտ հասկանալի է կոմունիկացիոն բարդությունը՝ կապված հեռավորության հետ: Սակայն հնարավոր է քննարկումներ ծավալել ներգրավելով նաև թուրքմենական կողմին և նաև Իրանին: Համենայնդեպս անկասկած է, որ գազի այլընտրանքի որոնման հարցը Հայաստանի համար արդիական հարց է, և այստեղ ճեղքումը ունի անգամ ռազմաքաղաքական նշանակություն՝ երկրի անվտանգության հեռանկարի տեսանկյունից: