Օգոստոս 03, 2020 15:27 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ:

Իրանական երաժշտական «Ռասթաք» ֆոլկ խումբը կիրակի, օգոստոսի 2-ին թողարկեց իր նոր համարը՝ հայկական երգերից մեկի հիման վրա գրված մոտիվներով: Խումբն իր պաշտոնական էջում  նշել է, որ «Տանը՝ առանց սահմանի» նախագծում մեր երրորդ աշխատանքը հիմնված է հայաստանյան գեղեցիկ մի մեղեդու վրա, որը վերստեղծվել է  «Ռասթաք գրուպ»-ի կողմից: Այս նոր համարի գործիքավորման աշխատանքներում մեծ դեր է վստահվել դաշնամուրային կատարմանը, ինչով խմբի հավաստմամբ  յուրահատուկ է դարձել  մեկնաբանության հնչեղությունը:

Խումբն այս համարը թողարկելու կապակցությամբ նշել է, որ Իրանի հայ համայնքը եղել է մեր երկրի ժողովրդի ազնիվ ու հարգված մասնիկը եւ «Ռասթաք»-ն իրեն պարտական զգալով անցավ հենց այս աշխատանքին՝ մեր  սիրելի հայրենակիցներին փոխանցելու տածած հարգանքը:

«Ռասթաք»-ի աշխատանքին անդրադարձել է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, որտեղ  նշված է. «Այնուամենայնիվ, «Ռասթաք»-ն իր տեսակով ու ներկայացրած աշխատանքներով միշտ ներկա է նկատելի ստորագրությամբ, ինչն առանձնացնում է նրան այլ երաժշտական խմբերից»:

Աղբյուրը նշում է նաեւ, որ «Ռասթաք գրուպը»  Իրանի ամենակայուն խմբերից մեկն է, որն իր կառուցվածքով ու հիմնադիր անդամներով շուրջ 23 տարի է, ինչ աշխատում է իրանական ժողովրդական երաժշտության արժեքների պահպանման եւ նոր սերունդներին հասանելի  լեզվով մատուցելու ուղղությամբ»:

Սա նույն նախագծում «Ռասթաք»-ի երրորդ  ստեղծագործությունն է, որը կոչված է համաճարակի շրջանում սատարելու ժողովրդին,  եւ ճգնաժամը հաղթահարելու  գործին:

Խումբը երաժշտության սիրահարներին  հրավիրում է  օրինական ներբեռնման նպատակով այցելել Beep Tunes կայք` Rastak Group-ին աջակցելու  համար:

 

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ է նվիրել աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:

Համերգը ցուցադրվել է առցանց օգոստոսի 2-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է, համերգի երաժշտական ղեկավարը՝ Մկրտիչ Բաբաջանյանը:

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է «ԴասA գալահամերգ․ Hollywood Non-Stop» սիրված և սպասված համերգային ծրագրի առցանց ցուցադրությանը, որին երաժշտասերները հետևել են հուլիսի 30-ին նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Համերգին հնչել են հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։

Նվագախումբը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են եղել ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։

Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալուն, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:

 

 

The Independent պարբերականը դրական արձագանք է հրապարակել Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկման վերաբերյալ:

Ձայնասկավառակը թողարկվել է ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա նշել է, որ օրը սկսում է հրաշալի լուրով. The Independent-ը շատ դրական արձագանք է հրապարակել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» իրենց նախագծի մասին, որը դեսպանատան մշակութային ամենախոշոր նախագծերից է, և այն արդեն արդյունք է տալիս:

The Independent-ը հատված է ներկայացրել Կոմիտասի անցած ողբերգական ճանապարհի, նվաճումների մասին և ընդգծել, որ Լատվիայի Ռադիո երգչախմբի այս ձայնագրությունը նոր վերամշակված ձայների խառնուրդ է, որն ունի հրաշալի գրացիա և համեմված է ժողովրդական երաժշտական արձագանքներով, որոնցից Կոմիտասը ոգեշնչվել էր:

«Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախմբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։

Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։

Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողվել է փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, և ձայնասկավառակի թողարկումն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյանը։

80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրչտյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ներածական խոսքերը, Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին` Կոմիտասի ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։

Գրքույկում տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքտսը` լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև դրվագներ մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղին։

 

 

Գրքի, ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 13-15 տարեկան աշակերտների համար կանցկացնի «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» նախագիծը:

Նախաձեռնությունը կարող է նպաստել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացմանը, ձևավորել խոսքային մշակույթ։

Նախագծի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ֆեյսբուքի» պաշտոնական էջում  և պաշտոնական կայքում։

Նախարարությանը հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին։

 

 

76 տարեկանում մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը։ Փարքերի ամենահայտնի ֆիլմերից են «Կեսգիշերային ճեպընթաց»-ը, «Էվիտա»-ն, «Պատ»-ը, « Միսիսիպին կրակի մեջ»-ը և այլն։

Իր աշխատաքների համար Ալան Փարքերը ստացել է Կինոյի և հետուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի՝ BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր և երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի: Նրա վերջին ֆիլմը ՝ «Դեյվիդ Գեյլի կյանքը», նկարահանվել է 2003 թվականին:

 

 

Փարիզում մահացել է բրիտանա-ամերիկյան դերասանուհի Օլիվիա դե Հևիլլենդը, որը 1939-ին նկարահանված, հայտնի «Քամուց քշվածները» ֆիլմի վերջին ողջ մնացած աստղն էր:

Դերասանուհին կյանքից հեռացել է 104 տարեկան հասակում: Նա երկու անգամ ստացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակներ։

Նա խաղացել է մոտ 59 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում՝ «Ամառային գիշերվա երազ»,  «Կապիտան Բլեյդի ոդիսական», «Ռոբին Հուդի արկածները», «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» և այլն:

 

 

Աշխարհի ամենաթանկարժեք նկարի շուրջ պտտվող առեղծվածային և ուշագրավ պատմությունը նորովի կներկայացվի 2022 թվականին Նյու Յորքում բեմադրվելիք բրոդվեյյան մյուզիքլի տեսքով:

Ինչպես հայտնում է CNN-ը, մյուզիքլը կկոչվի Salvator Mundi («Սալվատոր մունդի»՝ «Աշխարհի փրկիչը»), ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ կտավը: Այն կներկայացնի Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գործերից մեկի՝ Քրիստոսի պատկերի պատմության ժամանակագրությունը: Կտավը հարյուրավոր տարիներ կորած էր համարվում և գտնվել է միայն այս դարում:

Ներկայացման սցենարիստ Դեբորա Գրեյս Ուայների խոսքով՝ դա Վինչիի ստեղծագործությունը բավականին հետաքրքիր պատմություն ունի բեմադրելու համար և «կարող է համեմատվել շեքսպիրյան գործերի հետ»:

26 դյույմ երկարությամբ կտավը ստեղծվել է Ֆրանսիայի Լուի XII արքայի պատվերով 1500-ականներին, սակայն վնասվելուց և մուգ գույնով պատվելուց հետո դարեր շարունակ ենթադրվում էր, որ այն մեկ այլ՝ ոչ այնքան հայտնի նկարչի կողմից ստեղծված կրկնօրինակն է: 2005 թվականին նկարը մոտ 10 000 դոլարով վաճառվել է որպես բնօրինակի պատճեն: Այնուհետև ինֆրակարմիր տեխնոլոգիայի միջոցով հաջողվել է պարզել, որ այն ստեղծվել է հենց դա Վինչիի ձեռքով:

Այն ցուցադրվել է 2011-ին Լոնդոնյան պատկերասրահում, հետագայում՝ 2017 թվականին, Ամենափրկչի նկարը ռեկորդային՝ 450.3 մլն դոլարով վաճառվել է Christie's աճուրդի տան կողմից: Այդ օրվանից հետո նկարը որևէ տեղ չի երևացել:

Առեղծվածային պատմությունը շարունակություն ստացավ, երբ 2018 թվականին Աբու Դաբի Լուվր թանգարանը հետաձգեց նկարի ցուցադրությունը: Կարծիք կա, որ այն պահվում է Ժնևում կամ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի անձնական զբոսանավում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio