Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները»հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Հայաստան-Իրան ճանապարհն իրանական ապրանքների տարանցիկ ուղին է դեպի Եվրասիական միություն:
Նշելով, որ Հայաստանը Եվրասիական միության միակ անդամ պետությունն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության փոխնախարարը նշել է. «Այս հնարավորությունը պետք է օգտագործվի օպտիմալ կերպով և իրանական ապրանքները Հայաստանի տարածքով տեղափոխվեն Եվրասիական միություն»:
Արաս ազատ առևտրի գոտու տնօրեն Մոհսեն Նարիմանի հետ հանդիպման ժամանակ, Ղոլամռեզա Անսարին ընդգծել է ազատ առևտրի գոտու և ԵԱՏՄ երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտւթյունը: Նա ասել է. «Անհրաժեշտ է մեծացնել Արասի առևտրի գոտու փոխգործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, ոչ նավթային արտահանման ոլորտում, ազատ գոտու հնարավորությունները՝ որպես ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների միակ դարպասը
Նարիմանը հայտարարել է, որ առաջիկայում Արաս ազատ առևտրի գոտու տարածքում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների դեսպանների հանդիպումը՝ Իրանի և ԵԱՏՄ ու Կովկասի երկրների միջև առևտրային համագործակցության զարգացման նպատակով:
Իրանի Արաս ազատ գոտին գտնվում է սահմանի զրոյական կետում, Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային տարածքում:
--------------------------
ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։
Շրջանառվող լուրը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Ստեփանյանը։
Avia.pro պորտալը հայտնել էր, թե առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն են բռնել դեպի Երևան և գտնվել են Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա: Ըստ պորտալի, թուրքական կործանիչները թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում։
-------------------------------
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է հայ–ադրբեջանական բանակցությունների վերսկսման հեռանկարներին, այդ կապակցությամբ Բաքվից հնչած հայտարարություններին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված բանակցային գործընթացի վերսկսմանը։
---------------------------
Ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների ղարաբաղյան հակամարտությունը ինչպես և միջազգային ասպարեզում յուրաքանչյուր այլ տարաձայնություն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ դիվանագիտական բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագնհները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն և միջազգային այլ կազմակերպություններ»,- ասել է Զայցևը:
Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար, այդ թվում՝ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Զայցևը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
------------------------------------
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները՝ տնտեսության, առևտրի և տրանսպորտի ոլորտներում:
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին և Ադրբեջանի փոխվարչապետ՝ Շահին Մուստաֆաևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են կորոնավիրուսային համաճարակի ներկա իրավիճակը և կարևորել են վիրուսի դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը:
Ըստ հաղորդման հեռախոսազրույցում Վաեզին և Մուստաֆաևը վստահություն են հայտնել Իրանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման և այն նախակորոնավիրուսային շրջանի հարաբերությունների մակարդակին հասցնելու վերաբերյալ:
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը և Ադրբեջանի փոխվարչապետը նաև քննարկել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ամբողջացման ուղիները, շեշտելով այս տնտեսական նախագծի ռազմավարական նշանակությունը: Նրանք կարծիքներ են փոխանակել այս ոլորտում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը կարևորել են երկու երկրների ղեկավարների կարգադրությունների համաձայն՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց միջև շփումների և համակողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:
--------------------------------
Կովկասի հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը գործազրկությունը համարում է երկրի ամենամեծ խնդիրը, որը շարունակվում է երկար տարիներ:
Հետազոտությունն իրականացվել է 2020 թվականի փետրվարի 21-ից մարտի 15-ին ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր գյուղերի 1500 չափահաս քաղաքացիների շրջանում:
Սոցհարցման արդյունքների համաձայն ՝ բնակչության մոտ 30 տոկոսը գործազրկությունը համարում է երկրի հիմնական խնդիրը:
Հարցվածների մոտ 14% -ը նույնպես աղքատությունն են համարում Հայաստանի հիմնական խնդիրը: Չլուծված տարածքային վեճերը նույնպես Հայաստանում մտահոգություն են առաջացրել բնակչության շրջանում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության մակարդակը Հայաստանում 2019 թվականին կազմել է մոտ 17%: Այս ցուցանիշն աճել է 2020 թվականին ՝ կորոնավիրուսի բռնկման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով:
--------------------------------------
ՀՀ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Դրանցով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։ Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները, դատավոր նշանակվելու սահմանափակումները, բոլոր ատյաններում դատավորների թեկնածուների բաերվարքության ստուգման կառուցակարգերը
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում ներգրավված մարմինների ընդհանուր բարեվարքության ամրապնդման նպատակով՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետ, որը Հայաստանի կառավարությանը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնագետը պետք է համագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ և նպաստի բարեփոխումների իրականացմանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio