Սեպտեմբեր 01, 2020 05:59 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

 

Երևանում օգոստոսի 27-ին մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համերգային ծրագիրը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարևորեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը:

«Ֆրեսկոն» ապացուցել է, որ կրոնական և աշխարհիկ աշխարհընկալումների միջև չկա հակասություն: Այս իմաստով, փառատոնը բացառիկ ձևաչափ ունի և ամենամյա ուղերձները չափազանց կարևոր են մեզ հիշեցնելու համար մի շարք կարևոր արժեքների մասին»,- ասաց Խզմալյանը և հավելեց, որ «Ֆրեսկոն» փոխել է նաև մշակույթի նկատմամբ մարդկանց աշխարհընկալումները:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ասաց, որ բացման արարողությունը Բերդ քաղաքում անցել է իրենց սպասվածի նման, ունեցել են բազմաթիվ դրական արձագանքներ:

«Օգոստոսի 27-ից մեկնարկելու է համերգային ծրագիրը: Լինելու են նաև ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այս տարի ներկայացված էր 3 000 ֆիլմ՝ 85 երկրից: Փառատոնում ընդգրկվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ «Ֆրեսկոն» աստիճանաբար մեծանում է և դառնում ժողովրդական տոն:

Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, 7-րդ փառատոնը նույնպես անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ և օրհնությամբ:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով:

 

«Դալի-Պիկասո» ցուցահանդեսը, որ այս տարվա մարտին բացվելուց ընդամենը մի քանի օր հետո փակվել էր պանդեմիայի պատճառով, թանգարանների վերաբացումից հետո արդեն կրկին հասանելի է։

«Վերաբացումից հետո աննախադեպ էր մարդկանց հոսքը։ Հերթը կենտրոնական մուտքի մոտից ձգվում էր մինչեւ ժամացույցը, շրջանցում էր շատրվանները։ Ամբողջ Արամի փողոցի երկայնքով, հրապարակի տարածքում մարդիկ հերթ էին կանգնում ցուցահանդես մտնելու համար։ Այսպիսի հոսք չի եղել, չէինք պատկերացնում, որ հատկապես համաճարակի պայմաններում այսպիսի հոսք կլինի, դիմակներով են մարդիկ, անհարմար է։ Մենք մի քանի օրում ունեցել ենք 5000 այցելու։ Մարտին 5-6 օր է տեւել ցուցահանդեսը, այդքան օրերի ընթացքում այնքան այցելու ունեցանք, որը մեկ օրում հիմա»,- ասաց Ազգային պատկերասրահի փոխտնօրեն Աննա Եղիազարյանը։            

Ցուցահանդեսի պայմանագրի ավարտից 4 օր առաջ են բացվել թանգարանները եւ մարդկանց մեծ հոսքը տեսնելով՝ Ազգային պատկերասրահի տնօրէնությունը որոշել է արվեստասերներին հնարավորություն ընձեռել եւս մեկ շաբաթ այցելել ցուցահանդես։ Ցուցահանդեսը երկարաձգվել է մինչեւ այս կիրակի։

20-րդ դարի երկու մեծագույն արվեստագետների 260 ստեղծագործություն եւս երկու օր ներկայացված կլինի Ազգային պատկերասրահում։

 

 

Օգոստոսի 28-ին «Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ իրականացրեց «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը՝ ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում առաջացած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու նպատակով:

Այս մասին հայտնել են միջոցոցառման կազմակերպիչները։

ԿՈՎԻԴ-19 համաճարակը զգալիորեն ազդել է Հայաստանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտների վրա, և 2020 թվականի մարտի 16-ից երկրի թանգարանները փակել են դռները այցելուների առաջ: Հինգ ամիս է, ինչ թանգարանները դադարեցրել են այցելուների ընդունելությունը և հանրության հետ հաղորդակցվել են միայն թվային հարթակների միջոցով: Թեև որոշ թանգարաններ կարողացան հաղթահարել թվային մարտահրավերը, սակայն բոլորը չեն կարողացել՝ հաճախ սարքավորումների պակասի կամ թվային հարթակներում աշխատելու բավարար հմտությունների բացակայության պատճառով:

Ծրագրի առաջին փուլով աջակցությունն ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք, 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստան»  ծրագրի կողմից ծավալվող գործունեության աշխարհագրությամբ։

 

 

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին թույլ չեն տվել ճշմարտացի ֆիլմ նկարահանել սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի մասին։  The Hollywood Reporter-ին ռեժիսորը պատմել է, որ նրա վարկածը «չափազանց հանդուգն» է թվացել  ստուդիայի ղեկավարներին:

Սթոունը մտադիր էր պատմել Քինգի կրոնական և իրավապաշտպան գործունեության մասին ։ Առաջին անգամ 2013-ին էր  հայտարարվել այն մասին, որ Սթոունը Քինգի մասին պատրաստվում է  ֆիլմ նկարահանել։  Գլխավոր դերը պետք է խաղար Ջեյմի Ֆոքսը։

Սթոունը նաև ասել է, որ մեր օրերում իր համար դժվար է ֆիլմ նկարահանելը, քանի որ դրանք անպայման պետք է քաղաքակականպես հավաստի լինեն։ Նրա խոսքով, իր մի քանի նախագծերը վիճելի էին, և, ակնհայտորեն չէր անի, եթե ռեժիսորական կարիերան սկսեր այսօր։

 

 

Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» դետեկտիվ վեպի անվանումը փոփոխության է ենթարկվել։ Այժմ Ֆրանսիայում գիրքը կվաճառվի «Նրանք տասն էին» վերնագրով: Այս մասին հայտնել է գրողի ժառանգ Ջեյմս Պրիչարդը:

«Գիրքը գրելու ժամանակ լեզուն այլ է եղել և օգտագործվել են բառեր, որոնք այսօր մոռացված են։ Պատմությունը հիմնված է հայտնի առակի վրա, որն Ագաթա Քրիստին չի գրել։ Ես գրեթե համոզված եմ, որ բնօրինակի անվանումը երբեք չի օգտագործվել ԱՄՆ-ում։ Բրիտանիայում այն փոխել են 1980-ականներին, և այսօր մենք այն փոխում ենք ամբողջ աշխարհում»,- ասել է Պրիչարդը։

Նա վստահեցրել է, որ Ագաթա Քրիստիին «դուր չէր գա, եթե իր շարադրանքով վիրավորեր ինչ-որ մեկին»։

«Մենք չպետք է օգտագործենք տերմիններ, որոնք կարող են վիրավորել ինչ-որ մեկին, այդպես պետք է վարվել 2020 թվականին»,- հավելել է Քրիստիի ժառանգը:

Գրքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում Սևամորթների կղզում, որտեղ գտնվում է 10 մարդ: Սյուժեի զարգացմանը զուգընթաց՝ նրանք մեկը մյուսի հետևից սպանվում են, իսկ յուրաքանչյուրի մահվան հետ անհետանում է նաև փոքրիկ սևամորթների ճենապակյա արձանիկներից մեկը։

 

 

Նիդեռլանդներից 29-ամյա Մարիկա Լուկաս Ռեյնեվելդը դարձել է Բուքերյան միջազգային մրցանակի (Booker International Prize)՝ պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը։ Մրցանակը Ռեյնեվելդին, որը սիրում է, երբ իրեն դիմեն «նրանք» դերանվամբ, շնորհվել է իր The Discomfort of Evening («Անհարմար երեկո») դեբյուտային վեպի համար, գրում է The Guardian-ը։

Ռեյնեվելդի գիրքը պատմում է Յաս անունով աղջկա մասին, որն ապրում է Նիդեռլանդների ֆերմայում՝ ուղղափառ քրիստոնյաների ընտանիքում։ Նրա ավագ եղբոր անհետանալուց հետո աղջիկը նկարագրում է, թե ինչպես է իր վշտահար ընտանիքը սկսում մասնատվել ու քայքայվել։

Գիրքն անգլերեն թարգմանել է Միշել Հաթչինսոնը։ Բուքերյան միջազգային մրցանակի կանոնների համաձայն՝ դրամական պարգևը՝ 50 հազար ֆունտ ստեռլինգ (65 հազար դոլար), բաժանվում է հեղինակի և թարգմանչի միջև։

Բուքերյան միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է Բրիտանիայում կամ Իռլանդիայում անգլերեն լեզվով հրատարակված օտարերկրյա հեղինակի ստեղծագործության համար: Այս տարի այն անցկացվել է առցանց։

Բուքերյան միջազգային մրցանակի համար այս տարի մրցել է վեց հեղինակ՝ Արգենտինայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Մեքսիկայից և Ճապոնիայից:

 

 

Բրիտանական թագավորական ընտանիքի նկարների մասնավոր հավաքածուն վերջին 200 տարում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը:

Այս մասին հայտնում է The Art Newspaper պարբերականը, որի տվյալներով՝ դա պայմանավորված է Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցող հիմնանորոգմամբ և նկարները ժամանակավորապես տեղափոխելու անհրաժեշտությամբ:

Արդյունքում հավաքածուի մաս կազմող 65 կտավ դեկտեմբերի 4-ից մինչև 2022-ի հունվար կներկայացվեն Թագավորական պատկերասրահում: 

Ռեմբրանտի գործերից մեկը՝ «Նավաշինարարն ու նրա կինը» (1663), փորձագետներն անվանում են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու սիրած նկարը:

Հավաքածուն, ընդհանուր առմամբ, ներառում է շուրջ 7000 գեղանկար, 500 000 փորագրություն և շուրջ 30 հազար նկար և ջրանկար: Փորձագետների խոսքով՝ հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 13 մլրդ դոլար:

 

 

Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 1-ից նախատեսում են զբոսաշրջիկների համար բացել բուրգերն ու թանգարանները:

Ենթադրվում է, որ հյուրերը կարող են այցելել թանգարաններ և հնագիտական հուշարձաններ, ներառյալ՝ Գիզայի բուրգերը, Լուքսորի և Ասուանի տաճարներ և վանական համալիրներ: Սեպտեմբերի մեկից եգիպտացիների և արտասահմանցիների համար չեղարկվում են նաև նահանգների միջև ուղևորություններ կատարելու բոլոր սահմանափակումները:

Հոկտեմբերից կվերսկսվեն նավարկությունները Նեղոսում: Մշակութային զբոսաշրջությունն ու գետային նավարկությունները Եգիպտոսում դադարեցվել էին օգոստոսի սկզբից:

Անցյալ շաբաթ Եգիպտոս ժամանած բոլոր մարդկանց պարտադրել են «Քովիդ-19»-ի թեստի պատասխան ներկայացնել:

Եգիպտոսում համավարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 97 478 դեպք, որոնցից 5 280-ը՝ մահվան ելքով: