Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև ԼՂ-ի շուրջ հակամարտությանը:
------------------------------
Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։
----------------------------
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել է տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:
Դեսպան Զոհուրին բարձր է գնահատել Իրանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման գործում ներդրում ունեցած իրանահայության նշանակալի դերը և կարևորել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը:
ՀՀ ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել:
-----------------------
Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլին: Նա նկատել է, որ երկու երկրների հարաբերություններում գործընթացների հապաղման պատճառներից է նոր կորոնավիրուսի տարածումը:
«Դրա պատճառով զբոսաշրջիկների թվի պակաս է նկատվել, որը կազդի տնտեսության վրա: Այն ազդեց նաև բեռնափոխադրումների վրա: Գիտենք, որ իհարկե, այդ հարցը շատ արագ կարգավորվեց ի պատիվ երկու երկրների պետական այրերի, բայց վերջապես սահմանափակումներ դեռ կան»,- ասել է նա:
Ռոբերտ Բեգլարյանը նշել է նաև, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունները միշտ էլ բարձր են գնահատվել, զարգացել են, կամ եթե չեն էլ զարգացել, ապա նույն բարձր մակարդակի են մնացել:
«Բայց տնտեսական հարաբերությունները իսկապես չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Պետք է իսկապես բարձրացնել, բայց անիվը դեռ տեղից չի շարժվում»,- հավելել է պատգամավորը:
Tert.am-ը Ռոբերտ Բեգլարյանից նաև հետաքրքրվել է, թե հիմա ինչպես է Իրանը վերաբերում Հայաստանի կողմից Թել Ավիվում դեսպանության բացման որոշմանը:
Հարցին պատասխանելով Ռոբերտ Բեգլարյանն ընդգծել է. «Գաղտնիք չէ, որ Իրանի կողմից ողջունելի չէ որևիցե շարժում, որն կընկալվի, որ Իսրայելի դերակատարությունն ու ազդեցությունը հզորացնում է կամ օրինականություն է տալիս նրան, որովհետև գուցե ինչ-որ առումով Իսրայելը կարող է նաև Թուրքիայի աջակցությունն ունի, «տրոյական ձիու» դեր խաղա տարածաշրջանում: Այս ամենն, ուզենք թե չուզենք բոլորին հրավիրում է վերագնահատման, զգոնության, զգուշության»:
«Ինձ թվում է, Իրանն ունի իր հստակ դիրքորոշումը: Բայց երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ, վստահ եմ, Իրանը տարբեր սցենարներ քննարկել է, բայց թե որը կփորձի իրականացնել, ես չեմ կարող ասել»,- ասաց նա:
-------------------------
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ "Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրը" Վարկային համաձայնագրի վավերացմանը:
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանը տեղեկացրել է, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7–ին՝ ավելի քան 10,6 մլն եվրո: Նշված գումարի 50 տոկոսը՝ դրամաշնորհային միջոցներ են: Ծրագրի նպատակն է երկրի հարավային սահմանի հսկիչ անցագրային կետի արդիականացման եւ ընդլայնման ֆինանսավորումը։ Անցակետի արդիականացման և ընդլայնման նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են։
Մաքսակետի ընդհանուր մակերեսը կկազմի 8.7 հա, նախատեսվում է երկհարկանի վարչական շենքի կառուցում՝ 4000 քմ ընդհանուր մակերեսով:
Մուտքի և ելքի ուղղությունները կապահովվեն 5 գծերով և 2 կշեռքով։ Կայանատեղիների ընդհանուր մակերեսը կկազմի 40 000 քառ. մ:
---------------------------
ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարարությունը հայտնել է, որ չի մասնակցի սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանում անցկացվելիք զորավարժություններին: Կորոնավիրուսի պատճառով զորավարժություններին չի մասնակցի նաև Հնդկաստանը:
----------------------------
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական հնարավոր զարգացումներին և առաջնահերթ քաղաքական թեմաներին։
--------------------------
Բաքվում ԻԻՀ նոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանի նախագահին:
Բաքվում Իրանի նոր դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթերում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, վերջինս պատրաստակամություն է հայտնել զարգացնել և խթանել Թեհրան-Բաքու հարաբերությունները»:
Մուսավին հավելել է. «Իրանի բոլոր պաշտոնյաները կարևորում են Թեհրանի և Բաքվի հարաբերությունների զարգացումն առանց սահմանափակումների»:
Հանդիպման ընթացքում, Ալիևն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ իրանցի գործընկերոջ հետ վերջին բանակցություններին: Նա ասել է. «Երկու երկրները համատեղ իրականացնում են տրանսպորտային կարևոր նախագծեր, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքը, որոնք կարող են կապել ոչ միայն մեր երկրները, այլև ամբողջ Եվրասիական տարածքը»:
--------------------------
Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում բախումները նվազելուց հետո, թվում է, որ հակամարտության կողմերը փորձում են աջակիցներ գտնել` տարածաշրջանում հավասար մրցակցային իրավիճակ պահպանելու նպատակով:
Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում հակամարտ երկրների կողմից աջակիցներ գտնելը արդեն իսկ ազդարարում է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդներին տագնապալի օրեր են սպասվում: Թշնամի երկրները փաստորեն ցույց են տվել, որ զգայուն են միմյանց կողմից զենքի առևտրի ,ինչու չէ նաև զենք վաճառողների հետ երկրների փոխադարձ հարաբերությունների նկատմամբ: Որպես օրինակ, Հորդանանի կողմից Հայաստանին զենք վաճառվելուց հետո, Բաքվի կառավարությունն առնվազն երկու անգամ Ադրբեջանում Հորդանանի դեսպանին կանչել է այդ երկրի ԱԳ նախարարություն: Այն բանից հետո, երբ Բաքուն լռեց Թուրքիայի կողմից Ադրբեջանի մուսուլման ժողովրդի առաջ Քուռ գետը փակելու նկատմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները նախընտրեցին լռություն պահպանել քան արձագանքել:
Անտարակույս նոր աջակիցներ ունենալը չի բխում հակամարտ երկրների շահերից: Հատկապես, որ այս հակամարտության արդյունքում հակամարտ կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը, իրենց ներքին կարողությունների զգալի մասը կծախսեն սպառազինությունների մրցավազքի վրա: Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանում հեգեմոնիայի ձգտող որոշ երկրների աճող ներկայությունը ենթահող կստեղծի տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների միջև հակամարտությունների մեծացման համար: Օրինակ ՝ Ադրբեջանը Հայաստանին դեմ գնալու համար փորձել է Թուրքիային որպես հովանավոր օգտագործել: Այս առումով, Ադրբեջանի թուրքամետ հոսանքի հետ կապված շատ փորձագետներ փորձում են Թուրքիան ներկայացնել որպես Իլհամ Ալիևի կառավարության ամենակարևոր աջակիցը: Այս առնչությամբ Էլխան Շահինօղլուն ասել է.Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի դեմ պայքարում Թուրքիայի լիակատար աջակցության կարիքն ունի »:
Չնայած թուրքամետ հոսանքի կողմնակիցների ջանքերին, Իլհամ Ալիևի կառավարությունը հերքելով այդ երկրի տարածքում Թուրքիայի ռազմաբազայի տեղակայումը, փորձել է ինչ-որ չափով հանդարտեցնել այդ սխալ լուծման ընդդիմադիրներին: Հայաստանի հովանավոր Ռուսաստանը, այդ երկրում ունի երկու ռազմաբազա: Բայց Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցության հնարավորություն չկա, հատկապես ռազմական ոլորտում:
Անկասկած, եթե ներկա վիճակը շարունակվի, մարդկային և նյութական ռեսուրսները տնտեսական ու սոցիալական զարգացմանը հատկացվելու փոխարեն կծախսվեն պատերազմի ու բախումների վրա: Արդյունքում հակամարտ երկրներում մեծապես կտուժի մարդկային կապիտալը: