Սեպտեմբեր 21, 2020 19:24 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում ձեզ կպատմենք թե ինչպես խոսել երեխայի հետ մահվան մասին։Կներկայացնենք հոգեբան-մասնագետի խորհուրդներն այդ հարցի վերաբերյալ։ Ընկերակցեք մեզ:

Յուրաքանչյուր տարիքում հարազատի մահը անդառնալի կորուստ ու մեծ ցավ է: Բայց կյանքի տարբեր փուլերում մարդը յուրովի է վերապրում այս դժբախտությունը: Մեծահասակները միշտ չէ, որ գիտեն` ինչպես պետք է ցավալի լուրը հայտնել երեխային:

Ծնունդ-մահ շրջափուլը մեր կյանքի օրինաչափությունն է։ Անհրաժեշտ է դեռ փոքրուց երեխաներին հնարավորինս ներկայացնել կյանքի այս շրջափուլն ու նրա մոտ  ձևավորել դրա վերաբերյալ նորմալ պատկերացում, այսինքն՝ բացատրել, որ մահը նորմալ է, և այն կյանքի օրինաչափություններից է։ Իհարկե, մահը բոլորն ընկալում են որպես վատ դեպք, որը վիշտ է պատճառում, բայց եթե երեխաների մոտ դեռ փոքրուց մահվան մասին ճիշտ պատկերացում ձևավորենք,  հետագայում ավելի հեշտ կլինի նմանատիպ իրադարձությունները ներկայացնել։ Երեխաների հետ աշխատելիս կարելի է կիրառել այս մեթոդը․ գծել որևէ շրջան և բաժանել 4 մասի։ Այսպիսով երեխայի հետ պատկերել գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նկարել ծառ ու ծաղիկ։ Դրանք խորհրդանշում են մարդուն։ Գարնանը ծաղիկը սկսում է ծլել. դա երեխան է, ամռանը նա հասունանում է, երիտասարդ է դառնում, աշնանը սկսում է ավելի մեծանալ, իսկ ձմռանը մահանում է։ Գարնանն արդեն նրա սերմերից դուրս են գալիս նոր ծաղիկներ։ Այսպես ենք պատկերում, որպեսզի երեխան կարողանա ծննդյան ու մահվան շրջափուլը ճիշտ հասկանալ։

Երեխաները հաճախ հարցնում են՝ իսկ ինչու են մարդիկ փոքր կամ երիտասարդ տարիքում մահանում։ Այդ դեպքում կարելի է ասել,որ  կյանքում բաներ կան, որ անբացատրելի են։ Լինում են հիվանդություններ, դժբախտ պատահարներ, մենք ուղղակի պետք է կարողանանք հաղթահարել հիվանդությունները և դրանում մեզ կօգնի ուրախ, զվարթ ապրելը։

Մինչև 3 տարեկան երեխային շատ դժվար է պատկերացնել, որ գոյություն ունի վերջ։ Դրա համար նրան դժվար է համակերպվել ու հասկանալ, որ վերջացել է ծնողի կամ որևէ հարազատի կյանքը, և նա այլևս չի լինելու։ Նույն կերպ երեխաներն արձագանքում են մնացած ամեն ինչին. օրինակ՝ երբ վերջանում են կոնֆետները, նրանք բղավում են, լաց են լինում ու շարունակում են ուզել։ Այստեղ ընկալման հարց կա։

 

Իհարկե, շատ դժվար կլինի, բայց երեխային անպայման պետք է ասել, որ ծնողը մահացել է, որ այլևս չի գալու, բայց նա ապրում է իր մեջ, քանի նա հիշում է նրան։

 

Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է․-«3-5 տարեկան երեխաները դեռ չեն հասկանում` ինչ ասել է մահ: Որպես կանոն՝ մանկության այս հասակում երեխաները կորցնում են տատիկին կամ պապիկին: Երեխան պարզապես գիտակցում է, որ ընտանիքի անդամը բացակայում է: «Բայց եթե երեխան կորցնում է ծնողին կամ քույր- եղբորը, այս դեպքում մահն ավելի սարսափելի է թվում երեխային»։ Հոգեբանը խորհուրդ է տալիս հարազատ մարդու կարոտը մեղմելու համար երեխայի հետ ավելի հաճախ զբաղվել` խաղալ, հեքիաթներ պատմել:

Չափազանց կարևոր է, որ երեխան իմանա ճշմարտությունը։ Չի կարելի խաբել նրան։ Երբ երեխային չեն ասում հարազատի մահվան մասին, երեխայի մոտ ավելի են խորանում տագնապներն ու վախերը, քանի որ նրա համար անորոշ է՝ ինչու այդ մարդը չկա: սկսում է այդ տագնապները տարածել հարազատների ու իր վրա, մտածում է՝ շրջապատող մարդիկ կարող են դուրս գալ տանից ու այլևս չվերադառնալ։ Դրա համար շատ կարևոր է, որ երեխան իմանա ճշմարտությունը՝ մարդը մահացել է։ Այս պարագայում չպետք է երեխային ներկայացնել տարբեր հորինված պատճառներ։

 Հաճախ երեխաներին բացատրում են, որ ընտանիքի անդամը ոչ թե մահացել է, այլ՝ քնել: Հոգեբանն այս տարբերակն ուղղակի արգելում է:

«Կտրականապես արգելվում է«մահանալ» բայը փոխարինել «քնել» բայով, որովհետև երեխան ու նրա հարազատներն ամեն օր քնում են, և չի բացառվում, որ նման անզգույշ արտահայտություններից մահվան վախ առաջանա երեխայի մոտ: Երեխաները սկսում են շատ վատ քնել, անհանգիստ լինել, առաջանում է գիշերամիզություն: Այսինքն` երեխայի նյարդային ֆոնը դառնում է անկայուն, որն անհետևանք չի մնում անգամ մեծ տարիքում»,- ասում է հոգեբանը:

Իրինա Ծատուրյանը նշում է, որ երեխան աշխարհն ընկալում է մեծահասակի ռեակցիայով, ուստի եթե երեխայի դաստիարակությամբ զբաղվող մարդը ադեկվատ է տանում հարազատի մահը, երեխան ևս շատ հանգիստ է վերապրում այն, հակառակ դեպքում երեխայի մոտ առաջանում են վախեր ու հոգեբանական խնդիրներ:

Տարածված մեկ այլ տարբերակ է նաև ավելի մեծ տարիքի երեխաներից հարազատի մահվան փաստը թաքցնելը: Երեխային խնայելու ձգտումը, սակայն, այս դեպքում, մասնագետի դիտարկմամբ, երեխային կրկնակի հարված է հասցնում: Ճշմարտությունն իմանալուց հետո երեխան նախ գիտակցում է, որ իրեն խաբել են և դադարում է վստահել մեծահասակներին, բացի այդ, վաղ թե ուշ իմանալով ճշմարտությունը` երեխան միևնույն է վերապրում է նույն ողբերգությունը` պարզապես փոքր-ինչ ավելի ուշ:

Հոգեբանի համոզմամբ` երեխան պետք է մանկուց գիտակցի մահվան անխուսափելիությունը, բայց իր համար անվնաս եղանակով:

***

Եթե մեծերը գտնվում են հուզականորեն լարված, գրգռված վիճակում, պետք է երեխայի հետ խոսի մասնագետը, հոգեբանը, որը կկարողանա ավելի ճիշտ ներկայացնել իրադրությունը, կօգնի երեխային, որ արտահայտի իր հույզերն ու մտքերը, կկարողանա երեխային աջակցել, լինել կողքին։ Սիրելիի, հարազատի մահվան դեպքում հաճախ մեծերն են գտնվում շատ վատ վիճակում, դրանից ավելի է բարդանում  երեխայի հոգեհուզական վիճակը, ուստի շատ կարևոր է, որ տրվի ճիշտ մոտեցում։

 

Երեխան անպայման հարցնելու է`մի՞թե բոլորը մահանում են։ Պետք է պատասխանել՝ «այո՛, բոլորս մահանալու ենք, բայց մենք հիմա ապրում ենք, ու պետք է լինենք երջանիկ, շարունակենք ապրել»: Պետք է ասել, որ ապրելով՝ մենք կատարում ենք մահացածի ցանկությունը, իսկ նա ցանկանում էր, որ մենք երջանիկ լինենք։

Երեխաների հետ մահվան մասին խոսել պետք է խաղաղ, հանդարտ մթնոլորտում։ Չպետք է զսպել երեխայի հույզերը, այսինքն՝ չասել՝ մի՛ լացիր, դու ուժեղ ես։ Պետք է ասել հակառակը՝ եթե ուզում ես, լացի՛ր, պատմի՛ր ինչ ուզում ես։ Անհրաժեշտ է երեխայի մոտ արթնացնել լավ հիշողություններ մահացողի մասին, որպեսզի նրա մոտ ամրագրվի նրա դրական, ուրախ կերպարը։ Իհարկե, սրանով երեխայի վիշտը չի թեթևանալու, սակայն այսպես ավելի հեշտ կլինի ճնշված հոգեվիճակից դուրս բերել նրան։ 

Հաճախ մեծահասակները խուսափում են երեխայի մոտ լինել ուրախ, զվարթ, առօրյա գործերով զբաղված։ Սակայն այսպես ճիշտ չէ։ Հակառակը՝ մեծահասակները պետք է այնպես անեն, որ իրենց օրինակով օգնեն երեխային շարունակել ապրել առօրյա կյանքով։ Երեխան պետք է հասկանա, որ այո՛, դեպքը պատահել է, և այն ցավալի է բոլորի համար, բայց կյանքը շարունակվում է, և պետք է առաջ գնալ, ապրել։