Հոկտեմբեր 27, 2020 02:15 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ մեզանից յուրաքանչյուրիս մոտ աշունը առաջացնում է տարբեր զգացողություններ: Ինչ-որ մեկը տարվա այս եղանակը դիմավորում է ուրախությամբ, ոմանց ինչ-որ ներքին հուսախաբություն է պատում, ոմանց մոտ աշունը առաջացնում է դեպրեսիա, որն ավելի է խորանում, երբ ցրտում է, անձրև է գալիս կամ ամպամած եղանակ է:

Աշնանը դրսում սովորականից շուտ է մթնում, և մենք յուրահատուկ ձևով արդեն սկսում ենք զգալ արևի լույսի կարիքը: Առավոտները սկսում ենք դժվար արթնանալ, քանի որ դրսում դեռ մութ է լինում: Այդպիսի եղանակային պայմաններն առավել շատ իրենց ազդեցություն են ունենում  ներշնչվող մարդկանց վրա:Այս թողարկման ընթացքում խոսելու ենք աշնանային դեպրեսիայի մասին։ Ներկայացնելու ենք հոգեբանների տեսակետներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։

***

Աշնան սկսվելուն պես՝ շատ մարդկանց մոտ կարող է նկատվել տրամադրության անկում: Էմոցիաները գլուխ են բարձրացնում, աշխատունակությունն ընկնում է: Իսկ եթե դրսում նաեւ անձրեւում է, ապա երբեմն ցանկություն չի լինում անգամ անկողնուց վեր կենալ:

Ծանո՞թ իրավիճակ է… Պարզվում է՝ աշնանային դեպրեսիան պայմանավորված է բնության «մահով»:

Ինչո՞վ է պայմանավորված աշնանային դեպրեսիան:

Հոգեբան Մանիկ Հակոբյանն ասում է․-Աշունը շատերիս մոտ, տխուր տրամադրություններ է առաջացնում։ Ինչ-որ անորոշ կարոտ, կարելի է ասել՝ նույնիսկ կարոտաբաղձություն ենք ապրում մենք աշնանը։ Պատճառը շատ պարզ է։ Մեր հարթություններում աշունը համընկնում է բնության՝ ժամանակավորապես քուն մտնելու հետ, որը մենք ընկալում ենք որպես ինչ-որ բանի ավարտ, վերջ, ինչ-որ առումով նաեւ «մահ»։ Որպես բնության մասնիկ, մենք նկատում եւ զգում ենք դա եւ դրանից տխրում, ինչպես կտխրես այն ամենի համար, ինչ վերջանում է։ Դա էլ մեզ մոտ առաջացնում է թախիծ եւ տխրություն: Ուստի կարող ենք ասել, որ աշնանային դեպրեսիան կապված է բնության՝ ժամանակավորապես հանգելու, մեռնելու հետ:

Իսկ եթե գիտական տեսանկյունից խոսենք, ապա աշնանային եւ ձմեռային դեպրեսիայի պատճառականության ամենատարածված բացատրությունը ներկայացնում է Ներզատաբանությունը։ Համաձայն դրա՝ սեզոնային դեպրեսիան պայմանավորված է օրգանիզմում սերոտոնինի ցածր մակարդակով։ Սակայն  երբ մարդն ապրում է լիարժեք, իմաստավորված կյանքով, բավարարված է եւ գոհ է իր կյանքից, սեզոնային դեպրեսիան նրան քիչ է սպառնում,կարծում է մասնագետը։

 

Աշնանային դեպրեսիան կարո՞ղ է շարունակվել նաեւ ձմռանը:

Հոգեբան Մանիկ Հակոբյանն ասեում է,-«Մեզ մոտ ձմեռները որպես կանոն արեւոտ են եւ պայծառ։ Բայց երեւի մարդկանց իսկապես տխրեցնում է ձմեռը, այլապես նրանք չէին հորինի Ամանորյա տոները, որոնք նշվում են հենց ձմռան կեսին։ Պատահական չէ, որ ձմեռվա կեսին, այն պահին, երբ հուսահատությունը, ձանձրույթը, տխրությունն ու մթությունը հասել են իրենց գագաթնակետին, մենք մեզ հույս ենք տալիս, որ շուտով կգան տոները, եւ մենք մի քանի օր կուրախանանք, կզարդարենք տոնածառը: Ի դեպ, այստեղ եւս հետաքրքիր պահ կա: Մենք զարդարելու համար ընտրում ենք եղեւնին՝ հարատեւ կանաչ ծառը, որը խորհրդանշում է հավերժ կանաչ բնությունը, զարդարում  ենք այն լույսերով եւ խաղալիքներով, այսինքն՝ «պտուղներ» ենք կախում, եւ ստեղծում ենք ամառային տրամադրության իմիտացիա: Այդ լույսը, ջերմությունը, կենդանի բնությունը մարդու հոգեկանի համար ցանկալի վիճակներ են:

Վերը նշվածն, իհարկե, պաթոլոգիկ դեպրեսիայի մասին չէ: Պետք է հստակ կարողանանք տարբերել՝ որն է սովորական տխրությունը, որն է դեպրեսիան:

Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ մարդու մոտ պարզապես տրամադրության ժամանակավոր անկո՞ւմ է, թե՞ դեպրեսիա:

Դեպրեսիայի գլխավոր բնորոշիչը տխուր տրամադրությունն է, բոլոր տիպի ցանկությունների թուլացումը, դանդաղկոտությունը, արգելակվածությունը։ Մարդը անընդհատ տխուր է, ոչինչ նրան չի ոգեւորում, ուրախացնում, նա չի ուզում տանից դուրս գալ, շփվել մարդկանց հետ, ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն, շուտ հոգնում է ամեն ինչից, շատ քնել է ուզում, կամ հակառակը՝ անքնությամբ է տառապում։ Վատ է ուտում կամ անընդհատ ուտելու ցանկություն ունի։

Երկրորդ կարեւոր բնորոշիչը ցածր ինքնագնահատականն է ու մեղքի զգացումը։ Մարդն իրեն համարում է անարժան, անընդունակ մեկը, որը մեղավոր է ամեն ինչում։ Դեպրեսիայով տառապող մարդը պատեհ անպատեհ ամեն ինչում մեղադրում է ինքն իրեն։ Նա վատատես է, կյանքը նրա համար սեւ գույներով է երանգավորված։ Ծայրահեղ դրսեւորման դեպքում դեպրեսիան կարող է հանգեցնել ինքնասպանության։ Այս ախտանիշներն են, որ տարբերում են դեպրեսիան սովորական տխրությունից ու թախիծից։

Առհասարակ, որո՞նք են դեպրեսիայի պատճառները։

Հոգեբանի խոսքով Կան շատ տեսություններ՝ բժշկական, հորմոնալ, հոգեբանական, հոգեվերլուծական եւ նույնիսկ սոցիոլոգիական, որոնք փորձում են վեր հանել դեպրեսիան ծնող պատճառները։ Ես կանդրադառնամ հոգեբանականին եւ նույնիսկ համարձակվում եմ պնդել, որ դեպրեսիան առավելապես հոգեբանական պատճառականություն ունի։ Արտաքին հանգամանքներն ու կյանքի իրադարձությունները այս պարագայում հանդես են գալիս բացառապես որպես դեպրեսիան գործի դնող խթան։ Իհարկե, ես չեմ ժխտում, որ կյանքում պատահում են իրավիճակներ, երբ կյանքի իրադարձությունների բերումով մարդն օրինաչափորեն դեպրեսիա է ապրում, բայց, եթե մարդն ի սկզբանե ունի հոգեկան լավ իմունիտետ, նա ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել այդ դեպրեսիան։ Այն դեպքերում, երբ նրա հոգեկան իմունիտետը ընկած է կամ, անձի որոշակի առանձնահատկություններով պայմանավորված, նա առավել խոցելի է, ապա ցանկացած արտաքին առիթ կարող է գործի դնել դեպրեսիա հրահրող մեխանիզմը։ Եթե խոսենք դեպրեսիան գործի դնող արտաքին խթանների մասին, ապա առաջին տեղում հարազատի մահն է, կորուստը։ Երբ մարդը հարազատ անձ է կորցրել, նա օբյեկտիվորեն կարող է ապրել դեպրեսիվ շրջան։ Հարազատին կորցրած մարդը ապրում է վիշտ, սուգ, եւ դա նորմալ է։ Լինում են դեպքեր, երբ մարդը հարազատ է կորցրել, բայց տխրություն չի զգում, ոչինչ չի զգում։ Սա անհանգստացնող երեւույթ է եւ կարող է թաքնված դեպրեսիայի արտահայտություն լինել։ Այս դեպքում անհանգստության կարիք կա եւ անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։

Ընդհանրապես, դեպրեսիայի խթան կարող է հանդիսանալ ցանկացած տիպի կորուստ, լինի դա տեղափոխության այլ քաղաք, երկիր, ամուսնություն, ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ, տարիքային փոփոխությունների հետեւանքով երիտասարդության եւ գեղեցկության կորուստ եւ այլն։

Ինչպե՞ս է հնարավոր մեղմել աշնանային դեպրեսիան։

Առողջ մարդիկ իրենց առջեւ նմանատիպ խնդիր չեն դնում, նրանք ուղղակի վայելում են այդ նոստալգիկ տրամադրությունը, աշնանային թախիծը, աշնան գեղեցկությունը: Սա հնարավոր է դառնում միայն ու միայն այն պատճառով, որ հոգեպես առողջ մարդիկ ունեն մի շատ կարեւոր հատկություն, այն է՝ հուսալու ընդունակությունը։ Նրանք տխրում են, բայց հոգու խորքում չեն կորցնում հույսը: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ տխրությունն անցողիկ է, որ տխրությանը հաջորդում է ուրախությունը, քանի դեռ կյանքը շարունակվում է, եւ չունեն հոգեբանի կարիք:

Եթե դուք այնպիսի մարդկանց թվին եք պատկանում, ում մոտ աշունը առաջացնում է դեպրեսիա, հիշեք որ դուք ինքնուրույն կարող եք հաղթահարել այն, և որպեսզի ձեզ հեշտ լինի պայքարել, հաղթահարել վատ տրամադրությունը առաջարկում ենք օգտվել հետևյալ խորհուրդներից.

  • Եթե մոտ ժամանակ արձակուրդ չեք կարող վերցնել, բայց սիրում եք ճանապարհորդել, սկսեք պլանավորել ձեր ձմեռային կամ գարնանային արձակուրդը ։Հանգստյան օրերին գնացեք արշավների կամ ձեր հարազտների հետ կազմակերպեք տարբեր էքսկուրիսաներ:
  • Եթե հնարավորություն ունեք գնումներ կատարեք, այն միշտ բարձրացնում է տրամադրությունը և ուրախության զգացում է առաջացնում: Գնեք ձեզ համար նոր իրեր. նշանկություն չունի նոր իրի արժեքը կամ չափերը, քանի որ կարևորը դրա ձեզ համար նորույթ լինելն է, որը նույնպես բարձրացնում է տրամադրությունը:
  • Փոխեք ձեր կերպարը, նոր սանրվածք կամ մազերի գույնի փոփոխություն: Կարող եք զբաղվել նաև ձեր հագուստի ոճային փոփոխությամբ: Ձեր նոր կերպարը նույնպես կլիցքավորի դրական էներգիայով:
  •  Անպայման լավ լուսավորեք այն վայրը, որտեղ դուք աշխատում եք: Ուժեղ լուսավորությունը խթանում է լավ աշխատանքին և լավ տրամադրությանը:
  • Սպորտը օգնում է ոչ միայն պահպանել և ձեռք բերել  լավ կազմվածք, այլև լիցքավորում է ձեզ դրական էներգիայով:  
  • Աշնանային դեպրեսիային ձեզ կօգնի հաղթահարել նաև մեդիտացիանները: 
  • Հաճախ ձեզ ուրախացրեք համեղ և նոր կերակուրներով: Կերեք մաքուր շոկոլադ, պանիր և ծաղկակաղամբ. նրանց մեջ գտնվող սեռոտոնինը բարձրացնում է տրամադրությունը:
  • Դեպրեսիայի հաղթահարելուն օգնում է նաև վառ և ուրախ գույներով հագուստը:
  • Դիտեք հետաքրքիր կոմեդի ժանրի ֆիլմեր և հաղորդումներ և լիաթոք ծիծաղեք, քանզի ծիծաղի միջոցով դուրս են գալիս բացասական լիցքերը:

 

Այն մարդիկ, որոնց մոտ տեւականորեն շարունակվում է աշնանային տխրությունը եւ խանգարում ապրել, ցանկալի է, որ դիմեն մասնագետի օգնությանը: