Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: « Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությանը՝ ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:
Այս շաբաթ ուժի մեջ մտավ հայ-ադրբեջանական պատերազմում հրադադար հաստատելու համար, այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը, որն ինչպես կարելի էր ակնկալել մի քանի րոպեների կյանք ունեցավ:Միևնույն ժամանակ այս շաբաթ Իրանի ԱԳ փոխնախարարի Մոսկվա, Բաքու և Երևան կատարած այցերով մեկնարկեցին հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի ջանքերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական
հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին:
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը:
Իրանի ԱԳ փոխնախարարն իր հերթին վարչապետին է փոխանցել Իրանի նախագահի ջերմ ողջույններն ու խաղաղության բարեմաղթանքները: Ընդգծվել է Իրանի համար Հայաստանի հետ ամուր բարեկամական կապերի կարևորությունը: Նա ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Պարոն Արաղչին իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանն ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն արտահայտվեց դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:
----------------------------
Չնայած Վաշինգտոնում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանն, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մարտերը շարունակվում են:
Վերջին շաբաթների ընթացքում, կողմերի միջև հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունները խախտվել են, ինչը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն արդյունավետ չի գործում, այլև նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադար հաստատելու հնարավորություն չունի: Նշենք, որ միջնորդական խմբի բոլոր համանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:
Այս պայմաններում, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդ երկիր, կրկին գործի է անցել: Փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միայն տարածաշրջանի անկախ երկրների ջանքերով: Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանի անկախ երկիր, հակամարտությանը վերջ դնելու հնարավորություն ունի: Հատկապես, որ Իրանը բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունի երկու հակամարտ կողմերի հետ: Իրանը հատկապես Ադրբեջանի հետ ունի կրոնական, պատմական և մշակութային բազում ընդհանրություններ:
Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության մշտական կարգավորմանն ուղղված Իրանի նախագծի մշակման մասին: Նա հոկտեմբերի 27-ին Իսլամական խորհրդարանի նիստին առընթեր, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԻԻՀ քաղաքականությանը և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի նախագծին ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախագիծը մշակվել և հաստատվել է երկրի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից, և ներկայացվելու է այսօր-վաղը և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունից հետո, ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին Բաքվում խորհրդակցություններ է վարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Իրանի նախաձեռնած նախագծի վերաբերյալ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդն էր, և եթե Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտության սկզբում կյանքի կոչվեր Իրանի նախագիծը, վերջին երեք տասնամյակում այդքան ավերածություններ և զոհեր չէին լինի: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները հրադադարի համաձայնագրի ստորագրումից բացի, չկարողացան այլ դրական քայլ անել: Հրադադարի ռեժիմն ի սկզբանե խախտվել է ամեն օր և տարբեր ձևերով, բավարար երաշխիքների բացակայության պատճառով:
Այնուամենայնիվ, այս իրավիճակում, երբ ղարաբաղյան պատերազմը ներքաշվել է քաղաքներ, և ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվում, ակնկալվում է, որ Իրանի խաղաղության նախագիծը տարածաշրջանում կվերականգնի կայուն խաղաղությունը, եթե օտարերկրացիները չմիջամտեն:
----------------------
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությանն ու շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարին։
--------------------------
Ժնևում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հերթական անգամ պայմանավորվածություն ձեռք բերվեց խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:
-------------------------
Լեռնային Ղարաբաղում պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: «Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում:
«Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: