Ելք դեպի լույս 524
Հանուն գթած և ողորոմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրայի 29 և 30-րդ այաներ
فَأَشَارَتْ إِلَيْهِ ۖ قَالُوا۟ كَيْفَ نُكَلِّمُ مَن كَانَ فِى ٱلْمَهْدِ صَبِيًّۭا
قَالَ إِنِّى عَبْدُ ٱللَّهِ ءَاتَىٰنِىَ ٱلْكِتَٰبَ وَجَعَلَنِى نَبِيًّۭا
Որպես պատասխան՝ Մարիամը նրանց ցույց տվեց նորածնին ու նշան արեց, որ նրան հարցնեն: Ասացին.«Ինչպե՞ս հարց ուղղենք օրոցքի մեջ պառկած մանկանը»:
(Հիսուսը) ասաց. «Ես Աստծո ծառան եմ, Աստված Գիրք տվեց ինձ ու ինձ մարգարե նշանակեց»:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Մարիամն իր նորածին որդու հետ վերադարձավ մարդկանց մոտ, մարդիկ նախատեցին նրան, ասելով. “Ով Մարիամ, դու ամուսին չունեիր, ուրեմն ինչպե՞ս որդի ունեցար: Դու մաքուր ընտանիքից էիր, ինչպե՞ս արատավորվեցիր”: Սակայն Մարիամը, պատասխանելու փոխարեն, իր երեխային խնդրեց պատասխանել մարդկանց: Դա ավելի զայրացրեց մարդկանց, քանի որ նրանք մտածում էին, թե ինչպե՞ս կարող է երեխան խոսել, իր մորը պաշտպանելու համար: Սակայն Աստծո կամոք, նորածինը խոսեց ու իրեն ներկայացրեց այսպես. “Ես Աստծո արարածներից եմ, ով արժանացել է նրա շնորհներին: Ես լինելու եմ Իսրայելի ժողովրդի մարգարեն ու մի գիրք եմ բերելու, որով նրանց ուղղություն եմ ցույց տալու”: Չնայած Հիսուսն իրեն համարում էր Աստծո արարած, սակայն մարդիկ նրան հայտարարեցին Աստծո որդի, ինչը շատ սխալ էր:
Այս այաներից սովորում ենք
1. Եթե մենք մաքուր լինենք, նույնիսկ նորածինը մեզ կպաշտպանի մարդկանց նախատինքներից:
2. Աստծո շնորհները հասնում են նրանց, ովքեր ծառայել են Աստծուն:
Մարիամ սուրահի 31 և 32-րդ այաներ
وَجَعَلَنِی مُبَارَکًا أَیْنَ مَا کُنتُ وَأَوْصَانِی بِالصَّلَاةِ وَالزَّکَاةِ مَا دُمْتُ حَیًّا
وَبَرًّا بِوَالِدَتِی وَلَمْ یَجْعَلْنِی جَبَّارًا شَقِیًّا
Նրա օրհնությունն ամեն տեղ ինձ հետ պիտի լինի: Նա ինձ պատվիրեց ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ աղոթելու և ողորմություն տալու պատվիրանին:
Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու ինձ ազատեց գոռոզությունից ու անհնազանդ լինելուց:
Հիսուսը, որը բարուրի մեջ էր, ոչ միայն պաշտպանեց իր մորը, այլ խոսեց որպես Աստծո մարգարե: Այսինքն նա ենթարկվում է Աստծո` աղոթքի ու բարի գործ անելու պատվիրաններին և իր պարտականությունն է համարում բարի գործ անել իր ընտանիքի ու մարդկանց համար: Բնական է, որ նման մարդը, ով ամբողջությամբ պարուրված է բարությամբ ու բարություն է անում մարդկանց նկատմամբ, չի կարող ապրել միայն իր ժամանակներում:
Այս այաներից սովորում ենք
1. Աղոթքը և բարությունը բոլոր աստվածային կրոնների ընդհանրություններից են և չեն վերաբերում միայն իսլամին:
2. Ծնողների նկատմամբ բարությունը մարգարեների առանձնահատկություններից է:
Մարիամ սուրահի 33 և 34-րդ այաներ
وَالسَّلَامُ عَلَیَّ یَوْمَ وُلِدتُّ وَیَوْمَ أَمُوتُ وَیَوْمَ أُبْعَثُ حَیًّا
ذَلِکَ عِیسَى ابْنُ مَرْیَمَ قَوْلَ الْحَقِّ الَّذِی فِیهِ یَمْتَرُونَ
Խաղաղություն իջավ իմ վրա այն օրը, երբ ծնվեցի, և խաղաղությունը պիտի ընկերակցի մահվանս ու հարությանս օրերին:
Այսպես խոսեց Հիսուսը՝ Մարիամի ճշմարիտ որդին, որի վրա շատերը կասկածում էին:
Հիսուսը ոչ միայն խոսեց իր հրաշափառ ծնունդի մասին, այլ նաև իր մահվան ու հարության մասին, որպեսզի ցույց տա, որ ինքն էլ մյուս մարդկանց նման ծնվել ու մահանալու է: Սակայն ի տարբերություն մյուսների, մարգարեն իր ամբողջ կյանքում ապրում է առողջ մտքով ու չի սայթաքում: Աստված այդպես է կամեցել, որպեսզի մարդիկ հավատան նրանց ու շարունակեն նրանց ճանապարհը: Սակայն որոշ մարդիկ, տգիտությունից ելնելով, կասկածում են մարգարեներին: Իսկ մյուները նրանց մարդկային հատկանիշները գերագնահատում են, աստվածային հատկանիշներ տալով: Մյուսներն էլ նախատում ու թերագնահատում են նրանց: Ճշմարտությունն այն է, որ մարգարեները բոլոր մարդկանց նման են, սակայն նրանք պարտավոր են մարդկանց մեջ տարածել Աստծո պատվիրաններն ու իրականացնել աստվածային ուսմունքները:
Այս այաներից սովորում ենք
1. Հարությունն ու դատաստանի օրը ներկա լինելը բոլորի համար է: Նույնիսկ մարգարները բացառություն չեն կազմում:
2. Կարևորն այն է, թե մարդն ինչպես է մահանում ու հարություն առնում: Բոլոր աստվածային մարգարեները մտահոգ էին, թե ինչպիսին է լինելու իրենց վերջը: Նրանք աղոթում էին, որ Աստծուն հնազանդ մահանան:
3. Ղուրանի առաքելություններից մեկը եղել է այն, որ ներկայացնի նախորդ կրոնների շեղումներն ու ցույց տա ճշմարտությունը:
Աստված Ձեզ պահապան