Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին։Ընկերակցեք մեզ։
Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։
Անդրադարձ եղավ կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։
Արտաշես Թումանյանը ներկայացրեց Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, որից հետո քննարկվեցին այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը։
--------------------------------
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին:
Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ:
Նշենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին է տրամադրվել մարդասիրական օգնություն:
«Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո,- ասել է Արսեն Թորոսյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ: Նաև մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը:
Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից, առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ համատեղ պայքար մղելու արդյունքում երկրները կկարողանան հաղթահարել համավարակը:
«Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերությունները ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին:
-------------------------
Իրանի կողմից տրամադրվող մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է, ինչի մասին հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերվել է 5 անուն բժշկական սարք, այդ թվում պուլսօքսիմետրեր, ախտահանման լուծույթներ, ջերմաչափեր, COVID-19-ի հանդերձանք (IgM, IgG) և այլ պարագաներ:
Մարդասիրական բեռի հանձնման-ընդունմանը ներկա են եղել Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղին, ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» տնօրեն Դավիթ Ալթունյանը, ՀՀ ԱՆ Միջազգային հարաբերությունների վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Սաֆարյանը, Իրանի դեսպանատան և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:
--------------------------------
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն անդրադարձել է եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցող իրադարձություններին ու սահմանային խնդիրներին։
------------------------------------
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել են բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ 12 հոգի է հանձնել ադրբեջանական կողմին, 44 մարդ՝ հայկական կողմին:
«Իմ կողմից դրան կարող եմ ավելացնել միայն այն փաստը, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», - ասել է Զախարովան:
Դա ի տես այն բանի, որ հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թվերը: Այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են արժանանում»,- ասել է Այվազյանը:
Նախարարը նշել է, որ հայկական կողմն աշխատում է իր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովի գերիների անհապաղ վերադարձը:
«Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար»,- նշել է Արա Այվազյանը:
--------------------------
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով Հայաստանում «Հայրենիքի փրկության շարժման» կողմից կազմակերպվող բազմամարդ հանրահավաքներն ու բողոքի ակցիաներն, այդ թվում քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում են:
Դա ի տես այն բանի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իր կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի, Փաշինյանը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»:
Անդրադառնալով պատասխանատվություն ստանձնելու, սակայն «այլ ուղղություններով մեղադրանքներ ուղղելու» մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը: