Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում տարածաշրջանային այցերին և Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած առանձին շնորհավորական ուղերձներով, շնորհավորել է Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և բարձրյալն Աստծուց հայցել նրանց՝ առողջություն և հաջողություն, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն։
ԻԻՀ փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և հայ ժողովրդին
ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, շնորհավորել է իր հայ գործընկեր Արա Այվազյանին և հայ ժողովրդին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
----------------------
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
-----------------------
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
ԱԽ քարտուղարը, կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:
-------------------------
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Իրանում ՀՀ դեսպանը տեղեկություններ ներկայացրեց իր զրուցակցին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտնեց ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատեց Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:
-----------------------------
Իրանի միջազգային գործերի և առևտրի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան Թեհրանում Հայաստանի Ենթակառուցվածքների և տարածաշրջանային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է.«Իրանի և Հայաստանի պատվիրակությունները բանակցել և պայմանավորվածություններ են ձեռք բերել երկարաժամկետ էներգետիկ հարաբերությունների ընդլայնման շուրջ:»
Զամանին հավելել է. «Գազի արտահանման և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման որոշ տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները հետաձգվել են: Դրանց կայացումցի հետո, կստորագրվի երկարաժամկետ պայմանագիր»:
Հակոբ Վարդանյանն ասել է, որ տեղի ունեցած բանակցությունները կառուցողական էին:
Ընդգծելով, որ հիմնական կետերի շուրջ այսօր կայացած բանակցություններում որոշ տեխնիկական կետերի համաձայնեցումը և լուծումը հետաձգվել են և տեղի կունան առաջիկայում, Վարդանյանը հավելել է. «Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունները փորձել են հաշվի առնել երկու երկրների փոխադարձ շահերը»:
2004 թ.-ին Թեհրանը և Երևանը ստորագրեցին գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման 20-ամյա պայմանագիր, որի համաձայն, Իրանի գազը սպառվում է Հայաստանի էլեկտրակայաններում, իսկ դրա դիմաց Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:
----------------------------
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ամփոփել է 2020 թվականը` անդրադառնալով անցնող տարվա առավել կարևոր իրադարձություններին։
-----------------------
Սյունիքի սահմանների փոփոխությունների հետ կապված գործընթացները խիստ մտահոգում են Իրանին: Սա վերաբերում է նաեւ ենթադրվող միջանցքին, որը պետք է Նախիջեւանը կապի Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնել է Ռուս-հայկական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Նրա խոսքով` մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ այսօր Նախիջեւանից ադրբեջանցիներն Իրանի տարածքով են Ադրբեջան գնում, իսկ Սյունիքի միջով միջանցքի հայտնվելով Իսլամական Հանրապետությունը կարող է զրկվել այդ տարանցիկ դերից:
«Ինչ վերաբերում է Երեւանի հետ հարաբերություններին, ապա հիմնարար փոփոխություններ չեն լինի` չնայած Իրանի իշխանությունները զգուշորեն են մոտենում Հայաստանի ներկայիս իշխանություններին: Բայց եւս մի խնդիր կա: Քանի որ Հայաստանի հարավում լավ կառուցված ճանապարհի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, կարող են դժվարություններ առաջանալ համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում` Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման, ազատ տնտեսական գոտու գործունեության եւ այլնի հետ կապված: Հայաստանին անհրաժեշտ է նոր ճանապարհ կառուցել, իսկ դրա լրացուցիչ գումար եւ ժամանակ կպահանջվի»,- նշեց իրանագետը:
---------------------
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաեւ, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ»:
Նա միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որեւէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին:
-----------------------
Ռուսաստանի խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով հերթական շարասյունն են ուղեկցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Եւս 220 փախստականներ ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ են տեղափոխվել:
Ընդհանուր առմամբ, շուրջ 47 000 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն եւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Կատարվում է նաեւ իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: