Հունվար 10, 2021 10:54 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին:Ըներկացեք մեզ:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

---------------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշեց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը և Ռուսաստանի կառուցողական դերակատարումը Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ԼՂ-ին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման  աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը:

-------------------

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի հեռանկարին, տարածաշրջանում հնարավոր էսկալացիային և այդ համատեքստում հայ–իրանական հարաբերություններին։

-----------------------

Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։

«Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով»,-ասված է հայտարարության մեջ։

Վազգեն Մանուկյանը հավելել է.  «Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը»։

-------------------------------

Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները:

------------------------------

Հունվարի 5-ին Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

ՀՀ ԱԳՆ նախարար Այվազյանը կարևորել է ԼՂ-ի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում են կատարել ԼՂ-ի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:

Երկուստեք շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը:

-------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնում է Հայաստանին երկրի պաշտոնատար անձանց` Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի կամապակցությամբ:

«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Ստեփանակերտում: Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է դադարեն: Մենք ձեզ նախազգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի շատ կփոշմանի... Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները: Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը, որը վերջերս այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան, հիմնականում քննարկում էր այս թեմաները: Եթե ​​հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերը պետք է ավարտվեն»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտարարել է, որ եթե այդպիսի ուղեւորությունները կրկնվեն, ապա «պատասխանը շատ կոշտ կլինի»:

------------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր տրանսպորտային միջանցքից Նախիջեւանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն»:

Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել, նրա խոսքով` Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: Ըստ նրա` տրանսպորտային միջանցքի բացումը Նախիջեւանը դուրս կբերի շրջափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի:

«Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այդ պատճառով միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այս ճանապարհից օգտվելու են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստ       անը եւ Իրանը: Այս ճանապարհն առանձնահատուկ կարեւորություն կունենա բազմակողմ համագործակցության համար »,- ասել է Ալիեւը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսահամաժողովի ժամանակ: