Գեղարվեստական հաղորդում (253)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք արվեստի ոլորտին վերաբերող անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Երևանում կազմակերպվելու է Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված երեկո:
Հայաստանում Իրանի մշակութային կցորդության նախաձեռնությամբ Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված երեկոն կազմակերպվելու է «Ավետիք Իսահակյան»-ի անվան գրադարանում, որի ընթացքում նաև տեղի կունենա պարսկերեն լեզվի թարգմանված մի քանի գրքերի շնորհանդեսը:
Հայաստանում Իրանի մշակույթի նորանշանակ կցորդ Սեյեդ Հուսեյն Թաբաթաբային «Ավետիք Իսահակյան»-ի անվան գրադարան կատարած այցի ժամանակ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ժամանակ Հասմիկ Կարապետյանը հույս հայտնեց, որ Ազգային գրադարանից հետո Հայաստանում երկրորդ գլխավոր գրադարանը համարվող «Ավետիք Իսահակյան»-ի անվան գրադարանի և ԻԻՀ մշակութային կցորդության համագործակցությունը կշարունակվեն ու կընդլայնվեն:
Նա որպես հնարավոր նախագիծ անդրադարձել է հիշյալ գրադարանում Իրանի կենտրոնի ստեղծման գաղափարին:
Հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի մշակութային կցորդ Թաբաթաբային գիրքն ու հրատարակչությունը համարելով Հայաստանում Իրանի մշակութային կցորդության գերակայություններից մեկը երկու երկրի ժամանակակից գրականության ծանոթացման, երկու երկրի գրական կառույցների ու հրատարակչությունների միջև կապերի ընդլայնման, Իրանի և Հայաստանի գրողների փոխայցելությունների, պարսկերեն գրականության գլուխ գործոցների հայերեն թարգմանության, ինչպես նաև իրանցի ընթերցողների և գրականության ու մշակույթի գործիչների հայ հայտնի գրողների ու մասնավորապես ժամանակակից գրականության հետ ծանոթացման հնարավորություն ստեղծելու ուղղությամբ ջանքերն այդ շրջագծում նախատեսվող նախագծերից համարեց:
Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցին, որպես այս ուղղությամբ առաջին քայլ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի մեծարման տասնօրյակի տոնակատարությունների շրջագծում «Ավետիք Իսահակյան»-ի անվան գրադարանում Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված երեկո կազմակերպել:

«Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի՝ Կոմիտասին նվիրված ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլև էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները, որոնք տեսանելի են դարձնում կերպարի ստեղծման դժվարին, երբեմն տառապալից ընթացքը՝ ուրվանկարից և գիպսե էսքիզից մինչև բրոնզե ձուլվածք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Ցուցահանդեսում ընդգրկված են ցուցանմուշներ ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, Հայաստանի ազգային պատկերասրահից և մեկ նմուշ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից: Մի քանի արձան չի ցուցադրվել անգամ Արա Հարությունյանի կենդանության օրոք:
Արա Հարությունյանի թոռը՝ ճարտարապետ Արա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ պապն իր ստեղծագործական ամբողջ կյանքում Կոմիտասին է քանդակել կամ նկարել: Նա հիշեցրեց, որ Կոմիտասին նվիրված առաջին մոնումենտալ քանդակը, որն Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր, տեղադրվել է Պանթեոնում 1954 թվականին՝ Կոմիտասի շիրիմին: Արվեստագետի՝ Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը տեղադրվել է 1988 թվականին Երևանում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում։

Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS 6-րդ» (Stars and Music) փառատոնը անցկացվելու է Հայաստանում սեպտեմբերի 6-11-ը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու այդ միջազգային փառատոնը:
«Ակնկալվում է գիտության, արվեստի ոլորտի հայտնի դեմքերի այցելություններ Հայաստան: Թույլ տվեք այս պահին չնշեմ նրանց անունները, որովհետև գործընթացը հստակեցման փուլում է: Մինչ փառատոնը աշխարհի տարբեր մեգապոլիսիներում լինելու են նախնական միջոցառումներ, որոնք նախատեսվում են Մոսկվայում, Աբու Դաբիում, Սինգապուրում և այլն: Մեր առաջնահերթ նպատակը գիտության արժևորումն է: Մեզ համար այս փառատոնը շատ է կարևորվում այն տեսանկյունից, որ մեծացնի երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, որովհետև մենք ցանկանում ենք ուժեղացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալի խոսքով, ակնկալվում են բազմաթիվ հյուրեր: Նախատեսված են տարբեր մեծ ու փոքր միջոցառումներ, ծրագիրը ներկայում մշակման փուլում է: ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունները ուզում են այնպես անել, որ տոմսերը լինեն մատչելի, դրանից բացի, որ «STARMUS»-ի շրջանակում անպայման լինեն բացօթյա քննարկումներ, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ կարողանան ընդգրկվել միջոցառումներում: Նպատակն է ապահովել միջոցառմանը հասարակության լայն հատվածի ընդգրկվածություն:
«Փառատոնից ակնկալիքները շատ են, սպասվում է ընդանուր հետաքրքրության աճ գիտության նկատմամբ, կոնկրետ թվով գիտական հաստատությունների միջազգային կապերի ընդլայնում: Կարծում եմ, որ շատ գաղափարներ կծնվեն տեղում: Ինքը ծավալով այնքան մեծ միջոցառում է, որ հնարավոր է տնտեսական առումով նույնպես նշանակություն ունենա, զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից նույնպես կարևոր լինի»,- հավելեց նախարարի տեղակալը:

«Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում է նաև Հայաստանի կողմից ներկայացված ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
«Սողոմոնի երգերը» ֆիլմը Կոմիտասի կյանքի պատմությունն է ներկայացնում:
Ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանին:Դերերում՝ Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:
Փետրվարի 9-ին հայտնելու են կարճ ցուցակը, որում ընդգրկված է լինելու 15 ֆիլմ: «Օսկարի» եզրափակչի մասնակիցները հայտնի կդառնան մարտի 15-ին: Մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 25-ին: 93 արտասահմանյան ֆիլմ հավականում է արժանանալ «Օսկարի»։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող վավերագրական ֆիլմն առցանց կինոթատրոններում կցուցադրվի մարտի 28-ից՝ discovery+-ի եթերում ցուցադրվելուց հետո:
Այս մասին հայտնում է Hollywood reporter-ը՝ նշելով, որ ֆիլմի ցուցադրության մեկնարկը համընկնում է Սուրբ շաբաթվա հետ: Օսկարի հավակնորդ ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկիի հեղինակած ժապավենի պրեմիերան կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ Հռոմի կինոփառատոնում:
Լուրով իր ինստագրամյան էջում կիսվել է նաև ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, որը նաև այս ֆիլմի համապրոդյուսերն է:
««Ֆրանցիսկո», Հռոմի պապի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրության իրավունքը ձեռք է բերել discovery+-ը: Ժապավենում ներկայացվել են նաև աշխարհին Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու պապի ջանքերը, ինչպես նաև նրա աշխատանքը տարբեր հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ կլիմայական փոփոխությունների, ներգաղթյալների, փախստականների, կանանց հզորացման, սեռական բռնության, սահմանային պատերի և այլն»,- գրել է Իսրայելյանը:

2021թ.-ի հունվարի 30-ին, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում տեղի ունեցավ «Աշխարհը տեսախցիկով» միջազգային ֆոտոնախագծի երևանյան ցուցահանդեսը:
«Ֆոտոնախագիծն իրականացվել է երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EAICY) շրջանակներում՝ Սանկտ Պետերբուրգի պատանեկան ստեղծագործության քաղաքային պալատի նախաձեռնությամբ: «Աշխարհը տեսախցիկով» նախագծի շրջանակներում իրականացվել է լուսանկարչական դասընթաց, որին մասնակցել են երեք երկրների՝ Ռուսաստանի (Սանկտ Պետերբուրգ), Գերմանիայի (Լայպցիգ) և Հայաստանի (Երևան) ոչ ֆորմալ կրթական հաստատությունների լուսանկարչական ստուդիաների սաներ:
Հայաստանից մասնակցել են ԵՔՄՍԿ (Երևան մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն) լուսանկարչական երկու ստուդիա՝ Ասատուր Եսայանցի և Սամվել Աղաջանյանի ղեկավարությամբ: Արդյունքում՝ ավելի քան 70 աշխատանք է ներկայացվել լուսանկարների միջազգային հեռավար ցուցահանդեսին: Իսկ հայ պատանիների շուրջ 30 աշխատանքները կցուցադրվեն հունվարի 30-ից:
Նախագծի նպատակն է ապացուցել, որ չնայած սահմանների փակ լինելուն և կարանտինային սահմանափակումներին՝ հնարավոր է ապահովել երեխաների կրթական առօրյան, շփվել ստեղծագործության միջոցով և նույնիսկ ընկերներ ձեռք բերել՝ փոխանակելով նոր գաղափարներ: Ապացուցելու նաև, որ ցանկացած հաջողություն հիմնված է աշխատասիրության, համբերատարության և ստեղծագործական որոնումների վրա:
Երևանի մանկապատանեկան կենտրոնը զբաղվում է ոչ ֆորմալ կրթության կազմակերպմամբ: 2019թ.-ից անդամակցում է երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիային (EAICY): Այս ֆոտո նախագիծը առաջինն է ասոցիացիայի կազմում, որն իրականացվեց 2020թ. ամռանը՝ կարանտինային սահմանափակումների ընթացքում: Այս տարի ևս նախատեսվում է իրականացնել բազմաթիվ նոր, հետաքրքիր և բովանդակալից նախագծեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Թողարկվել է «Կյանքը մեկ օրում» (Life in a Day) փաստավավերագրական ֆիլմի թրեյլերը, որը նկարահանվել է ամբողջ աշխարհի մարդկանց կողմից:
Ֆիլմում ներառված են տներում նկարահանված հոլովակներ, որոնք արվել են աշխարհի մարդկանց կողմից 2020 թվականի հուլիսի 25-ին: Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է անցել այդ մեկ օրը մոլորակի տարբեր անկյուններում:
Տեսանյութերը մոնտաժել է օսկարակիր Քևին Մակդոնալդը, արտադրողն է Ռիդլի Սքոթը:
Ֆիլմը կներկայացվի Սանդենս առցանց կինոփառատոնում, որը կանցկացվի հունվարի 28-ից փետրվարի 3-ը:

Կաննի միջազգային կինոփառատոնը, որի անցկացումը նախատեսված էր մայիսին, այս տարի տեղափոխվել է հուլիսի 6-17-ը:
«Կաննի միջազգային կինոփառատոնը, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել մայիսի 11-22-ը, այս տարի կիրականացվի հուլիսի 6-ից 17-ը»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում: